Չեմ հասցնում նկատել ինչ-որ մեկին. Լիա Զախարյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում «Խաղ իմ կանոններով», «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմերից եւ մի շարք հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Լիա Զախարյանը չի երեւում էկրաններին: Նա ամիսներ առաջ աշխատանքի է անցել «21TV» հեռուստաընկերությունում` որպես մարկետոլոգ։ Լիան «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ինքը պարզապես չի հասցնում նկարահանվել, փոխարենը հանդես է գալիս նոր ներկայացման մեջ, այն կոչվում է «Մենք եւ մոխրոտը» (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն): Լիան մարմնավորում է բարի փերուն:

1

«Խոստանում եմ, սակայն, որ առաջիկայում կներկայանամ բոլորովին նոր կերպարով, ինչպիսին հեռուստադիտողներն ինձ երբեք չեն տեսել: Նրանք սովոր են ընկալել ինձ ակտիվ, հումորային կերպարներում, եւ սա կլինի նորություն` երկարատեւ «արձակուրդ»-ից հետո: Կարծում եմ` ցանկացած դերասան պետք է որոշակի ընդմիջում վերցնի, որպեսզի իր նախկին կերպարները մոռացվեն, եւ հանրությունը պատրաստ լինի ընդունել նրան նորովի»,-ասաց Լիան:

Դերասանուհու խոսքով` իրեն տարբեր առիթներով առաջարկել են հաղորդում վարել, սակայն ինքը չի համաձայնել. «Երբ ես տեսախցիկի առջեւ եմ, փորձում եմ հոգեվիճակ փոխանցել, խաղալ, իսկ հաղորդավարուհու կերպարն ինձ շրջանակների մեջ է դնում»,-մեկնաբանեց դերասանուհին:

2

Մենք Լիային հիշեցրինք շուրջ մեկ տարի առաջ «Ժողովուրդ»-ի հետ ունեցած զրույցում նրա արած խոստովանություններից մեկը, ըստ որի՝ դերասանուհին դեսպան դառնալու մեծ ցանկություն ուներ. «Ես չգիտեմ՝ ինչպես ստացվեց, որ չորս մասնագիտություն ունեցա` լեզվաբանի, դերասանուհու, դիվանագետի եւ մարքետոլոգի, բայց փորձում եմ աստիճանաբար հմտանալ դրանցում եւ ոչ մեկը չանտեսել: Եվ եթե ես հասել եմ այս ամենին, շուտով կհասնեմ նաեւ այն կետին, որին այսքան ժամանակ սպասում եմ` դեսպան դառնալուն: Ուղղակի այդ ուղին ժամանակատար է, իսկ աշխատանքը պահանջում է լուրջ մոտեցում: Շատ կուզենամ լինել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը. գուցե իմ այս ցանկությունը պայմանավորված է նրանով, որ իմ ամենասիրելի դերասանը` Բենեդիկտ Քեմբերբեթչը, բրիտանացի է (ծիծաղւմ է)»:

3

Մենք անդրադարձանք նաեւ դերասանուհու անձնական կյանքին` հարցնելով, թե արդյոք աշխատանքային սուղ գրաֆիկի պայմաններում դրա համար ժամանակ մնում է. «Ակտիվ աշխատանքի մեջ լինելով` չեմ հասցնում նկատել ինչ-որ մեկին, այնպես որ նորություններ չկան, լինելու դեպքում էլ Դուք չեք իմանա»,-ծիծաղելով եզրափակեց Լիան:

Աննա Բաբաջանյան




Լրահոս