Քրեական հեղինակություն Թևոսիկի ընկերն ընդունեց մեղադրանքը. շոուն «կոտրվեց» Սամբիստ Կարենի գլխին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի հունիսի 19-ին Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի եւ Արշակունյաց պողոտայի խաչմերուկից ոստիկանություն էին բերման ենթարկվել քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանը՝ Կայարանցի Թեւոսիկը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի վարորդ Արմեն Ղարիբյանը, Կարեն Բագրատունյանը, որը առավել հայտնի է Սամբիստ Կարեն անվանմամբ եւ եւս մի քանի այլ անձիք: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, սակայն դատարանի առաջ կանգնեց միայն մեկը` Սամբիստ Կարենը:

Հիշեցնենք, որ այդ օրը ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման ենթարկված Թեւոս Սաֆարյանը եղել էր Բենթլի մակնիշի ավտոմեքենայով, նույն ավտոմեքենայում նրան ուղեկցել էր Կարեն Բագրատունյանը` Սամբիստ Կարենը, Հարություն Ալեքսանյանը, որն առավել հայտնի է Քանաքեռցի Հարութ անունով, Արմեն Ղարիբյանը, որը ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի վարորդն է, ինչպես նաեւ՝ Սաֆարյանին երեք այլ ավտոմեքենաներով ուղեկցող եւս յոթ անձ: Բերման ենթարկվածների անձնական խուզարկության արդյունքում՝ «Բենթլի» ավտոմեքենայի մեջ գտնվող, Կարեն Բագրատունյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել էր առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով: Նույն ավտոմեքենայի վարորդ Արմեն Ղարիբյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է եւս 1 հատ առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 5 փամփուշտով: Ուղեկցող անձանցից մեկի մոտ հայտնաբերվել է շագանակագույն չորացված զանգված:

Ավելի ուշ պարզվել էր, որ քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանը մտերիմ է ԱԺ պատգամավոր, Սեյրան Սարոյանի հետ եւ դեպքից օրեր առաջ Մոսկվայից Երեւան ժամանելով՝ պատգամավորից խնդրել էր նրա «Bentley»-ի ավտոմեքենան, որպեսզի մի քանի օր օգտագործի եւ միայն 6-րդ վարչություն բերման ենթարկվելուց հետո է պատգամավորն իմացել դեպքի կատարվածի մասին: Ինչեւէ, բերման ենթարկվածներից միայն կալանքի տակ հայտնվեցին Աժ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի վարորդ Արմեն Ղարիբյանը եւ Կարեն Բագրատունյանը` Սամբիստ Կարենը: Սակայն դեպքից մեկ ամիս անց՝ հուլիսի 21-ին, «կլորիկ» գրավի դիմաց պատգամավորի վարորդն ազատ արձակվեց:

Այդ օրվա շոուն «կոտրվեց» Սամբիստ Կարենի գլխին: Իսկ մնացած մասնակիցները, ավանդույթի համաձայն, մնացին քրգործի լուսանցքներում: ՀՀ քննչական կոմիտեն կալանքի տակ մնացած Սամբիստ Կարենին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգքրի 235-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված հանգամանքներում եւ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել եւ պահել կրակոցներ կատարելու համար պիտանի, գործարանային արտադրության 7.62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի, ջնջված համարով ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության 7.62 մմ տրամաչափի թվով 8 մարտական փամփուշտներ, որոնք հայտնաբերվել եւ առգրավվել էին: Եվ, ահա, երկու ամիս տեւած քննությունից հետո սեպտեմբերի 4-ին հարուցված քրեական գործը ուղարկվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Տեղեկացանք, որ քրեական հեղինակություն համարվող Թեւոսիկի ընկերը՝ Սամբիստ Կարենը, մինչեւ դատաքննությունը սկսելը, միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Նա հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, ինքն համաձայն է մեղադրանքի հետ:

Արդյունքում գործը նախագահող դատավորը՝ Մնացական Մարտիրոսյանը` տխրահռչակ Մացոն, հաշվի առնելով առկա նյութերը՝ հոկտեմբերի 19-ին վճռեց Կարեն Բագրատունյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում եւ դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով: Սամբիստ Կարենը պատիժը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվարկված է 2015թ. հունիսի 19-ից:

Ստացվում է, որ Թեւոսիկի մտերիմը դեռեւս 7 ամիս էլ կմնա կալանքի տակ, եթե վաղաժամկետ ազատ արձակման հարց էլ չբարձրացվի:

Քնար Մանուկյան




Լրահոս