Բանդիտիզմի գործով այսօրվա նիստում վերջապես հարցաքննվեց 4 ամիս դատարանից խուսափող վկա Ռոբերտ Մանուկյանը: Նա հայտնեց, որ Գուրգենին 2 ամսով վարձակալության է տվել Պտղնի գյուղում գտնվող իր ամառանոցը: Խոսքը Գուրգեն Հայրապետյանի մասին է, ով ըստ մեղադրանքի, Արտուշ Հակոբյանի հետ միասին “ստեղծել և ղեկավարել է կազմակերպված, զինված կայուն խումբ` բանդա”: Գուրգեն Հայրապետյանն, ըստ նախաքննական մարմնի, փորձելով ազատվել ոստիկանության աշխատակիցների հետապնդումներից, դիմել էր փախուստի, բարձրացել Մյասնիկյան պողոտային հարակից ժայռի վրա, վայր ընկել և մահացել:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանին՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, վկան հայտնեց, որ Գուրգենը ամառանոցը վարձակալել է ընտանիքով՝ կնոջ և երեխաների հետ հանգստանալու նպատակով, ամառանոցում տեսել է նաև Դավիթ Գալստյանին՝ նույնպես ընտանիքով, այլ մարդկանց չի տեսել:
Ի տարբերություն դատաքննական ժլատ ցուցմունքի, նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվելիս վկան տվել է հավելյալ տեղեկություններ՝ ամառանոցում մեկ անգամ տեսել է 30-35 տարեկան 4-5 հոգու ,հաստավիզ, ոսկյա շղթաներով տղաներիե: Ամառանոցը հանձնելիս, ըստ վկայի նախաքննական ցուցմունքի, սև պայուսակները տեղափոխում էին 30-50 տարեկան10-12 հոգի: Վկան դատարանում հայտարարեց, որ քննիչի ձեռքով գրած ցուցմունքները “դուզգյունի չի կարդացել”:
Նախաքննական ցուցմունքում վկան հստակ հիշում էր, որ Գուրգենի կնոջ անունը Զառա է, մինչդեռ դատարանում այդ մասին տվեց իրարամերժ 4 տարբեր պատասխաններ:
Ի դեպ Զառան, նույն ինքը՝ Զարուհի Հովնանյանը, ով վերոհիշյալ վկայի նախաքննական ցուցմունքի համաձայն, ներկայացել է որպես ոստիկանության վարչության աշխատակից, դատարանի տեղեկություններով Երևանում մի բնակավայրից այլ հասցե է տեղափոխվել: Միաժամանակ գրությամբ Զ.Հովնանյանը ժամանակին դատարանին հայտնել է, որ մեկնելու է Ռուսաստան բուժման: Դատարանը կպարզի նրա և մի շարք այլ վկաների բնակության վայրի հասցեն, ինչպես նաև, թե նրանք հատել են ՀՀ սահմանը, թե ոչ:
“Փաստինֆո”