Եղեգնաձորցի երիտասարդները Եռաբլուրում ու Պռոշյանի պանթեոնում բացահայտում են հայոց պատմության հերոսական էջերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի հինգ ուսումնական հաստատությունների 18 երիտասարդներ նոյեմբերի 14-ին այցելեցին «Եռաբլուր» զինվորական և Պռոշյանի զոհված ազատամարտիկների պանթեոն:

«Արգիսդի» հայրենասիրական հասարակական կազմակերպության «Գոյամարտ» ծրագրի շրջանակներում երիտասարդները Եռաբլուրում նախ ծանոթացան ԱՍԱԼԱՅԻ հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցեցին Անհայտ զինվորի հուշարձին, հերոսների շիրիմներին: Երիտասարդների այցը զուգակցվում էր տեղեկատվական զրույցներով ու բանախոսություններով. նրանք գիտելիքներ ստացան 20-րդ դարասկզբի ինքնապաշտպանական հերոսամարտերի, հայդուկների, արցախյան գոյամարտի, ազատամարտիկների կյանքի ու սխրանքների մասին, նրանց ներկայացվեցին գոյապայքարի դժվարին դրվագները, հերոսների կյանքն ու սխրանքները, հայոց նորագույն պատմության կարևորագույն էջերը:

Նշենք, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում կյանքի կոչված ծրագիրն իրականացվել է Արտաբույնք, Ագարակաձոր, Վերնաշեն, Գլաձոր, Արփի, Արենի, Շատին, Հորս, Ելփին, Ռինդ, Չիվա, Աղավնաձոր, Թառաթումբ, Աղնջաձոր գյուղերում: Կազմակերպվել են հարենասիրական ֆիլմերի դիտումներ, թարմացվել դպրոցներում փակցված ցուցատախտակների ինֆորմացիան: Ցուցադրվել են նաև «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարից ֆիլմեր: «Արգիսդի» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Միհրան Գալստյանը նշեց, որ ծրագրի նպատակն է հայրենասիրական ֆիլմերի, ազատամարտիկների հետ հանդիպումների իրականացմամբ հնարավորություն տալ երեխաներին նոր լույսի տակ տեսնելու անձի և ՀՀ ապագա քաղաքացու համար կարևորագույն արժեքները՝ հայրենիք, հայրենասիրություն, արցախյան ազատամարտի հերոսներ, հայկական բանակ, հայ զինվոր: Նա վստահեցրեց. «Իսկապես կարելի է հույս դնել այս սերնդի վրա: Իրենց մեջ կա հայրենասիրությունը, ուղղակի կայծ ու ոգևորություն է պետք, որ արթնացնի այն:

Երիտասարդների լրացրած գնահատման թերթիկներից պարզ է դառնում, որ նրանք հետաքրքրված են նման նյութերով ու շատ են ուզում, որ ծրագիրը շարունակական լինի: Ի վերջո հայրենիքը սիրելու համար նախ պետք է այն ճանաչել, իսկ ճանաչողության պակաս երեխաների մոտ զգացվում էր»: Միհրան Գալստյանը փաստեց, որ բոլոր դպրոցներում ռազմագիտության սենյակներ, անկյուններ թեև կան, բայց հաճախ այդ սենյակներն ու պաստառները երեխաների համար դառնում են սովորական: Ուստի պիտի նրանց հետ աշխատանք տարվի, որպեսզի աշակերտների ուշադրությունը գրավեն այդ նյութերը, տարատեսակ խրախուսումների միջոցով երիտասարդերի հետաքրքրությունը ուղղեն դեպի հերոսամարտերը հայդուկները, արցախյան գոյամարտը ազատամարտիկների կյանքն ու սխրանքները:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս