Քննարկվել են Հայաստանում ԵՄ ֆինանսական բազմամյա աջակցության հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 6-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Նիստը վարել է հանձնաժողովի համանախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը: Նա իր ելույթում մասնավորապես անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության վերջին զարգացումներին, խոսել է Եվրանեսթում տիրող ներկա իրավիճակի մասին, ներկայացրել Հայաստանի եւ Եվրամիության կողմից մշակույթի եւ կրթության ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերը:

Նիստի աշխատանքներին մասնակցել են Եվրոպական խորհրդարանի, Հայաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի խորհրդարանների պատգամավորներ: Հանձնաժողովի առաջին փոխնախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են «Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ԵՄ եւ ԱլԳ երկրների միջեւ համագործակցությունը մասնագիտական որակավորումների, աշխատանքային փորձի եւ համալսարանի դիպլոմների ճանաչման գործընթացներում» զեկույցի նախագիծը, որը կքվեարկվի Վեհաժողովի հաջորդ լիագումար նիստի ընթացքում: Զեկույցի համահեղինակները՝ Եվրախորհրդարանի եւ Մոլդովայի խորհրդարանի ներկայացուցիչները, հակիրճ ներկայացրել են զեկույցը եւ պատասխանել ներկաների հարցերին:

Նիստի ընթացքում Վրաստանի համապատասխան գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ տեղի են ունեցել քննարկումներ՝ Բոլոնիայի գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ:

Նոյեմբերի 9-10-ը Եվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովների նիստերը շարունակվել են Բրյուսելում՝ Եվրախորհրդարանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի խորհրդարանների անդամների մասնակցությամբ:

Նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը ընտրվել է հանձնաժողովի երկրորդ փոխնախագահի պաշտոնում: Նիստին քննարկվել են «ԵՄ անդամ պետությունների եւ Արեւելյան Եվրոպայի գործընկերների ընդհանուր դիրքորոշումներն ու մտահոգությունները արտաքին քաղաքականությունների եւ իրենց անվտանգության համար արտաքին սպառնալիքների վերաբերյալ» զեկույցի նախագիծը, որը կքվեարկվի Վեհաժողովի հաջորդ լիագումար նիստի ընթացքում: Փաստաթղթի համազեկուցողներ Արտակ Զաքարյանը եւ Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Սանդրա Կալնիետեն ներկայացրել են զեկույցի նախագիծը: Արտակ Զաքարյանն իր խոսքում կարեւորել է զեկուցի թեման ներկա աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո՝ նշելով, որ փաստաթղթի համապարփակ եւ լայնածավալ բնույթը արտացոլում է արդի խնդիրները: Նա կոչ է արել անդամներին հանդես գալ զեկույցի տեքստի վերաբերյալ կառուցողական առաջարկություններով:

Նիստի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ Արեւելյան գործընկերության առաջին՝ «Ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում եւ կայունություն» պլատֆորմի շրջանակներում իրականացված գործունեության եւ ԵՄ ԵՀՔ նոր քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացվել են Եվրախորհրդարանի եւ ԵԱՀԿ-ի կողմից վերջին ժամանակահատվածում Արեւելյան գործընկերության երկրներում կատարված դիտորդական առաքելությունների արդյունքները: Թեմաները ներկայացվել են Եվրախորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից:

Նոյեմբերի 10-ին տեղի են ունեցել Էներգետիկ անվտանգության եւ տնտեսական ինտեգրման, ինչպես նաեւ ԵՄ քաղաքականությունների հետ իրավական մոտարկման եւ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովների նիստերը:

Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին համազեկուցողների կողմից ներկայացվել է «Այլընտրանքային գազի ոլորտում քաղաքականության մշակում եւ ԵՄ-ի պոտենցիալ ազդեցությունը Արեւելյան գործընկերության երկրների էներգետիկ շուկաների վրա» զեկույցի նախագիծը, որը կքվեարկվի Վեհաժողովի հաջորդ լիագումար նիստի ընթացքում:

Նիստի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչն անդրադարձել է Արեւելյան գործընկերության երրորդ՝ «Էներգետիկ անվտանգություն» պլատֆորմի շրջանակում վերջին ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ տեղեկատվությանը:

Նույն օրը տեղի ունեցած Տնտեսական ինտեգրման եւ ԵՄ քաղաքականությունների հետ իրավական մոտարկման եւ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ընտրվել է հանձնաժողովի համանախագահի պաշտոնում:

Նիստի ընթացքում ներկայացվել եւ քննարկվել է «ԵՄ ֆինանսական բազմամյա աջակցության հեռանկարները եւ դրանց ազդեցությունը Արեւելյան գործընկերության երկրների տնտեսական համագործակցության վրա» զեկույցի նախագիծը, որը կքվեարկվի Վեհաժողովի հաջորդ լիագումար նիստի ընթացքում:

Նիստի ընթացքում Եվրախորհրդարանի եւ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության աշխատակիցների կողմից ներկայացվել են Արեւելյան գործընկերության երկրորդ՝ «Տնտեսական ինտեգրում եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցում» պլատֆորմի շրջանակներում իրականացված գործունեության, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության անդամ երկների տնտեսական ինտեգրմանն ուղղված ԵՄ ֆինանսական աջակցության վերաբերյալ տեղեկատվությունը:

Եվրանեսթ ԽՎ-ի հաջորդ լիագումար նիստը տեղի է ունենալու 2016 թվականի գարնանը:




Լրահոս