Այն, ինչ տեղի է ունենում ազգային փոխադրող «Արմավիա» ընկերության հետ, լավագույնս ի ցույց է դնում Սերժ Սարգսյանի «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսի ողջ սնանկությունը: Ինչպես հայտնի է, ապրիլի մեկից «Արմավիա»-ն սկսել է սնանկացման գործընթացը, ինչի արդյունքում ընկերությունը դադարեցրել է բոլոր չվերթերը, եւ հարյուրավոր քաղաքացիներ ոչ միայն զրկվել են իրենց անհրաժեշտ ժամանակահատվածում արտերկիր մեկնելու հնարավորությունից, այլեւ ավիատոմսերի համար վճարած ոչ փոքր գումարներից: Ցանկացած նորմալ, թեկուզ փոքր-ինչ ապահով երկրում ազգային փոխադրողի սնանկացումը լրջագույն խնդիր կլիներ այդ երկրի կառավարության համար (թեպետ նորմալ երկրներում առհասարակ չկա ազգային փոխադրող հասկացություն), սակայն Հայաստանում դա կարծես թե չի հուզում իշխանություններին: Ընդ որում, անկախությունից ի վեր՝ ընդամենը քսան տարվա ընթացքում, արդեն իսկ երրորդ անգամ սնանկացող ազգային ավիափոխադրողի նման ճակատագիրն ամենեւին անսպասելի չէր. «Արմավիա»-ի եւ «Զվարթնոց» օդանավակայանի միջեւ պարբերաբար ծագող խնդիրները, որոնց արդյունքում օրերով հետաձգվում էին չվերթերը, ունեն ավելի քան երկու տարվա պատմություն, եւ ամեն անգամ, երբ «Արմավիա»-ն հրաժարվում էր վճարել կուտակած պարտքերը, մամուլում տեղեկություններ էին հայտնվում այն մասին, որ Սերժ Սարգսյանի մերձավորներն արհեստական խնդիրներ են հարուցում ընկերության դեմ` ցանկանալով գնել այն: Սակայն այս ողջ ընթացքում դժվար է մտաբերել գոնե մեկ դեպք, երբ երկրի ազգային ավիափոխադրողի գործունեության հետ կապված ՀՀ կառավարությունը հանդես գար քիչ թե շատ հոդաբաշխ բացատրությամբ եւ իրականացներ իր վերահսկողական գործառույթը: ՀՀ կառավարության հետ կնքած համաձայնագրով ուղիղ տասը տարի մենաշնորհային դիրք ունեցող եւ գերշահույթներ ստացած «Արմավիա»-ն ներկայում տասնյակ միլիոնավոր դոլարների վարկային պարտավորություններ ունի ինչպես հայաստանյան բանկերի, այնպես էլ ռուսական որոշ ընկերությունների առջեւ, նաեւ 5.5 միլիոն դոլար պարտք է «Զվարթնոց» օդանավակայանին, եւ հիմա մեծ հարց է, թե ով է մարելու այդ պարտքերը: Ոլորտի մասնագետները միաբերան նշում են, որ պետության կողմից «Արմավիա»-ին տրված աննախադեպ արտոնությունների պարագայում ընկերության սնանկացումն ուղղակի չի տեղավորվում բիզնես տրամաբանության մեջ, եւ միանգամայն հավանական է, որ դրա տակ թաքնված են լուրջ, քրեական բնույթի գործընթացներ: Սակայն ո՞ւմ է դա հուզում: Ըստ ամենայնի` ոչ ոքի, որովհետեւ կարծես թե «Արմավիա»-ի սնանկացումից շահում են ե՛ւ մեծ պարտքերի մեջ խրված ընկերության սեփականատերը, ե՛ւ այն ձեռք բերելու ցանկություն ունեցող շրջանակները: Իսկ այս պատմությունից միակ տուժողն այն հարյուրավոր քաղաքացիներն են, որոնց՝ տոմսերի համար վճարած գումարներն ընկերությունը չի պատրաստվում վերադարձնել: Համենայնդեպս` տեսանելի ապագայում: Ահա սա է Սերժ Սարգսյանի կառուցած ապահով Հայաստանը:
ՍՆԱՆԿ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ