Այս տարվա օգոստոսի 13-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում: 57-ամյա Սամվել Գ.-ն վաղ առավոտյան որոշել է «պատժել» հարևանուհուն՝ նրա ուղղությամբ քար նետելով:
Իսկ պատճառը, ինչպես տեղեկանում է ArmLur.am-ը, հարևանուհու «անսանձ» հավերն են եղել:
Այսպես, Սամվել Գ.-ն իր հարևանուհու՝ Սուսաննա Ղ.-ի հավի ճտերը իր հողամաս մտնելու պատճառով վիճաբանության մեջ է մտնել վերջինիս հետ: Վիճաբանության ժամանակ քարով մեկ անգամ հարվածել է կնոջ մեջքին, ինչի հետևանքով պատճառվել է ձախ թիակի շրջանի արյունազեղման և քերծվածքի ձևով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Ապա քրեական գործ է հարուցվել, տղամարդը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:
Բարեբախտաբար, հարևանները հաշտվել են, ինչի մասին հայտնի է դարձել նաև դատարանին: Սամվել Գ.-ն չի պատժվել: