ՐԱՖՖՈՒՑ ԳԼՈՒԽ ՉԵՆ ՀԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները գնալով ավելի ու ավելի անհասկանալի են դառնում: Նախագահի ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուից ու նրա քայլերից գլուխ չեն հանում ե՛ւ այն քաղաքական ուժերը, որ միացան հետընտրական շարժմանը, ե՛ւ Ազատության հրապարակում հավաքվածներից շատերը:
Ինչպես հիշում եք, մարտի 11-ին Ր. Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հացադուլ էր հայտարարել՝ ասելով. «Եթե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը սուտ երդում տա մեր Սահմանադրության եւ Աստվածաշնչի վրա, եթե վեհափառ հայրապետն օրհնի նրան, դա իրենք կանեն իմ դիակի վրա.. Եվ քանի դեռ պարոն Սարգսյանը ինքնաբացարկ չի արել հայրենիքի համար, ես մնալու եմ Ազատության հրապարակում եւ հաց չեմ ուտելու եւ կեղծիք ու սուտ չեմ ընդունելու ոչ մեկից»: Երկու օր անց` մարտի 13-ին՝ ասուլիսի ժամանակ, Ր. Հովհաննիսյանը, շարունակելով հացադուլի թեման, ասել էր, թե այն միգուցե 15 օրից ավելի տեւի: Իսկ երկու շաբաթ անց` մարտի 29-ին էլ, նա հայտարարեց հացադուլը դադարեցնելու մասին: «Կիրակի օրը՝ Սուրբ Զատկվա պատարագից հետո, հավատի, հայրենիքի, ապագայի համար իմ համեստ ծոմն ավարտելու եմ»,-հայտարարել էր նա` հավելելով, որ պատրաստվելու է ապրիլի 9-ին:
Ր. Հովհաննիսյանի հետընտրական պայքարին միացած կուսակցությունների ներկայացուցիչների համար, սակայն, մինչեւ հիմա անհայտ է` ինչ է պատրաստվում «Ժառանգություն»-ն անել այդ օրը: Ընդ որում, «Ժառանգություն»-ն իր անելիքները չի քննարկել նրանց հետ:
ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին հարցրինք, թե ինչ են պատրաստվում անել ապրիլի 9-ին: «Դեռ որոշակիություն չկա, որովհետեւ մեզ համար նաեւ պարզ ու հստակ չէ` ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել Ր. Հովհաննիսյանը: Եթե որոշակիություն լինի, մենք էլ կհասկանանք քայլերի տրամաբանությունը, ըստ այդմ համապատասխան որոշում կունենանք»,-ասաց նա: Մեր հարցին, թե ՀՅԴ-ի համար ընդհանրապես որքանով են ընկալելի Ր. Հովհաննիսյանի քայլերը, Համբարձումյանը նշեց. «Բոլոր այն դեպքերում, երբ համապատասխան քայլերը կձեռնարկվեն համատեղ քննարկումների ու որոշումների արդյունքում, մենք պատրաստ ենք դրանց տեր կանգնել ու գնալ մինչեւ վերջ: Իսկ այն որոշումները, որոնք կկայացվեն առանց մեզ հետ խորհրդակցելու, առանց մեզ հետ քննարկելու, մենք իրավունք ենք վերապահում ինքներս որոշել` աջակցել դրանց կամ ոչ` ելնելով նպատակահարմարությունից»: Իսկ Ր. Հովհաննիսյանի հացադուլը, դրանից հրաժարվելը, պարզվում է, ՀՅԴ-ի հետ չի քննարկվել: Այլ կերպ ասած՝ «Ժառանգություն»-ն իր ոչ բոլոր քայլերի վերաբերյալ է գործընկեր կուսակցությունների տեսակետը հարցնում: Ուստի այսքանից հետո ՀՅԴ փոխներկայացուցչին հարցրինք, թե տվյալ դեպքում «Ժառանգության» հետ համատեղ պայքարը շարունակելը որքանով է նպատակահարմար: «Մեր երկրում կա լուրջ դժգոհություն, փոփոխությունների պահանջ, եւ հետընտրական բողոքի ալիքը պետք է արձանագրվի: Մեզ հասու եղանակներով ու միջոցներով փորձելու ենք ամեն կերպ օժանդակել, որ այդ փոփոխությունները տեղի ունենան: Մարտավարական առումով մենք մեր մոտեցումներն ու տեսակետներն ունենք, որոնք ներկայացրել ենք թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանին ու «Ժառանգությանը», թե՛ ԱԺ-ում` քննարկումների ընթացքում»,-ասաց Համբարձումյանը:
ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանն էլ նշեց, թե իրենք միացել են ժողովրդին, եւ ապրիլի 9-ին ժողովուրդը կորոշի իր հետագա քայլերը: Ինչ վերաբերում է Ր. Հովհաննիսյանի պահվածքին, ապա Մակեյանն ասաց, թե հացադուլը ծայրահեղ քայլ էր, եւ այդպես նա հասարակությանը «մեսիջ» էր հղում` պատրաստ է գնալ ինքնազոհողության: Իսկ թե ինչու Հովհաննիսյանն ընդհատեց հացադուլը, Մակեյանը մեկնաբանեց, թե «Ժառանգության» առաջնորդը ոչ ստանդարտ քայլերի է դիմում եւ հիմա մարզերում հանրահավաքներ անելով՝ նպատակ ունի կոնսոլիդացնել ժողովրդին` ապրիլի 9-ին Երեւանում հավաքելու համար:
Այսպիսով՝ հաշվի առնելով Ր. Հովհաննիսյանի՝ հակասական հայտարարություններ ու գործողություններ անելու սովորությունը՝ կարելի է ենթադրել, որ շուտով նրանից հիասթափվելու առիթն անխուսափելի կլինի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս