Արդեն տեղեկացրել ենք, որ «ռեալիթի շոուի» շրջանակներում նախօրեին հյուսիս են մեկնել՝ այո-ի թիմից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Մարգարիտ Եսայանը, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, ՀՅԴ-ական Արթուր Եղիազարյանը, իսկ ոչ-ի խմբից՝ Պետրոս Մակեյանը, Վարդան Խաչատրյանը, Արմեն Մկրտչյանը՝ «Հայազն»-ից, եւ Նարեկ Այվազյանը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հրաժարվել է մասնակցել քարոզչական շոուին:
-Պարո՛ն Մակեյան, Դուք ընդգրկվել էիք «ռեալիթի շոուի» շրջանակներում՝ հյուսիսում մասնակցելու ոչ-ի քարոզարշավին: Ինչո՞ւ եք հրաժարվել, ինչո՞ւ եք որոշել այո-ի հետ քարոզչություն չիրականացնել:
-Ես այն մարդկանց, որոնք ընդգրկված են քարոզչական խմբում, չեմ ճանաչում, ես ինչու պետք է քարոզչություն անեմ մարդկանց հետ, որոնց ես չեմ ճանաչում, կարող է քարոզչության ժամին իրենք ինչ-որ անհասկանալի բաներ են խոսում, իսկ թիմի հետ դու ասում ես այն, ինչը բոլորի տեսակետն է, եթե թիմ չեղավ, քո ասելիքը տեղ չի հասնելու: Ես հարմար չգտա, քանի որ կարծում եմ, որ ավելի էֆեկտիվ կլինի, եթե քարոզարշավն իրականացնենք բոլորով, ովքեր դեմ են Սահմանադրության փոփոխությանը: Մենք մեր քարոզչությունն իրականացնելու ենք «Նոր Հայաստան»-ի հետ, մենք միասին ենք մարզերում լինում:
-Բայց կարծես թե «Նոր Հայաստան» քաղաքական միավորը ակտիվ գործունեություն չի իրականացնում, կարելի է ասել՝ մինչեւ այժմ համախմբում չկա ոչ-ի քարոզչության շուրջ: Ինչո՞ւ, ո՞րն է այդ պառակտման պատճառը:
-Չեմ կարծում, որ «Նոր Հայաստան»-ը ակտիվ չէ կամ պառակտված է, մենք մարզեր այցելում ենք, քարոզչությունն իրականացնում ենք, ինչ-որ պահից ավելի ակտիվ կլինենք:
-Տեսակետ կա, որ այո-ն ավելի ուժեղ դիրքերում է գտնվում, Դուք այդ կարծիքի՞ն եք:
-Այո-ն դիրք չունի, այո-ն թատրոն է, ու եթե կարողացան այդ թատերական ներկայացումից հետո թվեր նկարել, ուրմեն այդ թատրոնը կավարտվի, եթե չկարողացան, ուրեմն շատ ավելի լավ կլինի: Այո-ն ինչպե՞ս կարող է դիրք ունենալ, իրականում նման բան չկա: Մենք որոշել էինք իրենց հետ մասնակցել, բայց քննարկեցինք ու հասկացանք, որ մենք ավելի արդյունավետ կաշխատենք առանց իրենց հետ քարոզչություն իրականացնելու:
Մեր խնդիրը, որ մենք մեր առջեւ դրել ենք, այն է, որ համախմբենք ժողովրդին, այդ առումով մեր քարոզչությունն ավելի արդյունավետ կլինի: Ես նորից եմ կրկնում՝ հասարակության մեջ այո-ն որեւէ դիրք չունի, իրենց նպատակը քաղաքական թատերականացումն է, իսկ մենք էլ պետք է դա կանխենք ժողովրդի օգնությամբ:
-Իշխանությունները հայտարարում են, որ ոչ-ը պարտվելու է, քանի որ ընդդիմությանն արդեն մի քանի տարի է՝ չի հաջողվում ժողովրդին համախմբել: Արդյո՞ք դեկտեմբերի 1-ին կայանալիք հանրահավաքին Ձեզ հաջողվելու է համախմբել հանրությանը:
-Դե, իշխանությունները պետք է նման հայտարարություններ անեին, իրենք էլ հենց դրա համար են, որ հայտարարություն անեն: Մենք ունենք դեկտեմբերի 1-ի հետ կապված մեր ծրագրերը, մենք ժողովրդին հրավիրում ենք Ազատության հրապարակ, որպեսզի այնտեղ ներկայացնենք մեր ծրագրերը, կատարվելիք գործողությունները, մենք դեռեւս քննարկում ենք մեր անելիքները, մեր ծրագրերը: Համախմբում կա, ու մենք միային մեկ ճակատով ենք ոչ ասում այդ փոփոխություններին:
Չեմ կարծում, թե իշխանությունները պետք է հայտարարեին, որ ոչ-ի ճակատը համախմբված է, ուժեղ է, ու ուր որ է՝ մեր հարցերը լուծելու է: Իհարկե, իշխանությունները նման բան չեն ասելու, քանի որ իրենց նպատակն է այնպես անել, որ ընդդիմությունն ավելի թույլ երեւա, ավելի վատ վիճակում ներկայացնեն մեր ուժին: Պարզ է, որ իշխանությունը պետք է ասի այն, ինչն իրեն ձեռնտու է, այն, ինչը կօգնի իրեն ավելի ուժեղ լինել, դա իշխանությունների թատրոնն է, որոնք իրենք ցույց են տալիս:
-Ոչ-ի ճակատում համախմբվածները տարբեր դիրքորոշում ունեն քարոզչության հարցում, ամեն մեկն իր ձեւով է այդ քարոզչությունն իրականացնում, դա չի նշանակում, որ ընդդիմության մեջ միմյանց «չընդունելու» խնդիր կա:
-Գուցե կան տարբեր ուղղություններ, բայց նրանց միակ խնդիրը հանրաքվեի չեղարկումն է, դա հստակ է բոլորի մոտ, «Նոր Հայաստան»-ը ավելի մեծ նշաձող է վերցրել, որ պետք է պարտադրել արտահերթ ընտրություններ, իսկ մյուսներն էլ պայքարում են այդ փոփոխությունների չիրականացման համար: Մենք էլ ժողովրդին ասում ենք, որ արդեն պետք է դուրս գալ հրապարակ ու պահանջել, որպեսզի իշխանությունները հրաժարվեն այդ ամենից: Տարբերությունն այսքան է, իսկ մյուս դեպքերում ամեն ինչն էլ միասնական է:
Իշխանությունները Ծառուկյան Գագիկին լուրջ չէին վերաբերվում, իսկ երբ տեսան, որ ժողովուրդը դուրս եկավ հրապարակ, ու իրենք հասկացան, որ կարող են իրենց հարցերը լուծել, Ծառուկյան Գագիկին սկսեցին ճնշել, ունեզրկելով վախեցնել, մենք էլ ունեցվածքներ չունենք, որ մեզ կարողանան ճնշել: Մենք միշտ էլ մինչեւ վերջ գնացող ենք եղել:
Եթե 2008 թվականին մեր առաջնորդը մինչեւ վերջ գնար, մենք էլ գնացող էինք, ուղղակի մենք միշտ էլ ունեցել ենք առաջնորդներ, որ կեսից հետ են կանգնել կամ մտել են գործարքի մեջ: Մենք այս անգամ մեր հստակ ծրագրերն ունենք ու հստակ գիտենք, թե ինչ ենք ուզում ու ինչի համար ենք դա անում: Իսկ իշխանություններն էլ նրա համար են, որ փնովեն մեր գործունեությունը: Նորմալ է, դա իշխանությունների աշխատելաոճն է:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ