«70 տարին «չոքեց» դուռս». Սերժ Սարգսյանի ծանր ընտրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եկող տարվա փետրվարի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը կդառնա 70 տարեկան, եւ այդպիսով կլրանա նրա պաշտոնավարման` օրենսդրությամբ թույլատրված ժամկետը:

Բանն այն է, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչ գեներալ-գնդապետները կարող են պաշտոնավարել մինչեւ 65 տարեկանը: Նույն դրույթը նախատեսում է նաեւ, որ բացառիկ դեպքերում տվյալ պաշտոնյային նշանակելու լիազորություն ունեցողը կարող է պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչեւ 5 տարի ժամկետով: Հենց այս դրույթի հիման վրա 2011-ի փետրվարին Սերժ Սարգսյանը հինգ տարով երկարաձգեց Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը:

ԱԱԾ տնօրենը Հայաստանի ներկա իշխանական համակարգի առանցքային պաշտոններից է: Այսինքն՝ իշխանության գլխին կանգնածը պետք է համոզված լինի, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվածը իրեն հավատարիմ անձ է եւ իր տրամադրության տակ գտնվող լծակները չի օգտագործի սեփական քաղաքական կարիերան կառուցելու համար, ինչպես դա տեղի ունեցավ նույն Սերժ Սարգսյանի դեպքում: Նա 1995-ից մինչեւ 1999 թվականը եղել է ազգային անվտանգության մարմնի ղեկավարը, սկզբում նրա պաշտոնը կոչվել է պետական անվտանգության վարչության պետ, այնուհետեւ դարձել է ազգային անվտանգության նախարար, իսկ 1996-ից՝ ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար:

Սերժ Սարգսյանը նախ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ կարողացավ պալատական հեղաշրջում իրականացնել, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին հեռացրին իշխանությունից, իսկ հետագայում նրանք աստիճանաբար ողջ իշխանությունը կենտրոնցրին իրենց ձեռքում: Ի դեպ, Քոչարյանի եւ Սարգսյանի կողմից իշխանությունն իրենց ձեռքում կենտրոնացնելու գործընթացի վերջին` որոշիչ հարվածը եղավ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը բոլորից լավ, իր սեփական փորձով գիտի, թե իշխանության ղեկավարի համար ինչ հետեւանք կունենա ազգային անվտանգության ոլորտի կառավարումն իրեն ոչ լիարժեք հավատարիմ մարդուն հանձնելը: Հենց այս հանգամանքն էր պատճառը, որ 2011-ին, երբ իշխանական համակարգում բոլորը խոսում էին այն մասին, որ 65-ամյա Գորիկ Հակոբյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, Սերժ Սարգսյանը որոշեց նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգել:

Բայց այս անգամ արդեն օրենքով նախատեսված լրացուցիչ ժամկետը եւս սպառվում է: Իշխանական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն՝ Գորիկ Հակոբյանը մասնավոր զրույցներում ասել է, որ ինքը եւս հինգ տարի մնալու է իր պաշտոնում: Իսկ որպեսզի դա տեղի ունենա, ՀՀ իշխանությունները պետք է հատուկ Գորիկ Հակոբյանի համար փոփոխություն կատարեն «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում: Երեկ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից փորձեցինք պարզել, թե հնարավո՞ր է՝ Սարգսյանը կառավարությանը հանձնարարի Հակոբյանի պաշտոնավարումը երկարաձգելու համար օրենսդրությունը փոխելու գործընթաց նախաձեռնել: Մեր հարցման պատասխանը դեռեւս չենք ստացել:

Սակայն մեկ անձի համար օրենք փոխելը Սերժ Սարգսյանին կարող է անհարմար վիճակի մեջ դնել, քանի որ այդ դեպքում կստացվի, որ ԱԱԾ-ի ողջ ղեկավար կազմում չկա մեկը, որին նա անվերապահորեն վստահում է: Ավելին՝ այդ դեպքում ԱԱԾ-ի ղեկավար կազմը եւս կարող է Սերժ Սարգսյանի համար անցանկալի հետեւությունների հանգել: Մյուս կողմից՝ Գորիկ Հակոբյանի պատկառելի տարիքը հաշվի առնելով՝ նրան իր պաշտոնում պահելն արդեն կսկսի կտտանքի նմանվել: Ուստի առավել հավանական է, որ Հակոբյանն իր մնալու մասին ասել է՝ փորձելով կանխել, որ իր պաշտոնի համար ԱԱԾ-ի ղեկավար կազմի շրջանում պայքարը ժամանակից շուտ չսկսվի: Այդ խմորումների ծավալումը կանխելով՝ ԱԱԾ տնօրենը նաեւ Սերժ Սարգսյանին է ծառայություն մատուցել:

Ինչպես հայտնի է՝ ԱԱԾ տնօրենի տեղակալներն են Հրանտ Եպիսկոպոսյանը, որն առաջին տեղակալն է, իսկ մյուս տեղակալներն են՝ Վրեժ Արզումանյանը, Արզուման Հարությունյանը, Գարեգին Մխիթարյանը եւ Արամ Հակոբյանը: Արդյոք նրանցից մեկին կընտրի Սերժ Սարգսյանն իբրեւ ԱԱԾ-ի նոր տնօրեն, թե այլ` «դրսից»՝ նախկինում ԱԱԾ համակարգում ղեկավար պաշտոն զբաղեցրած, առնվազն գնդապետի կոչում ունեցող մարդ կնշանակի, ցույց կտա ժամանակը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս