Ինչ ռեսուրսներով են մարզպետներն «այո» ապահովելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտենում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, և արդեն տեսանելի է դառնում, որ իշխանությունը ինչպես միշտ, այս անգամ եւս ամեն քայլի դիմելու է, որպեսզի այո-ն առավելագույն քվեներով ապահովի:

«Ժողովուրդ»-ը զրուցել է Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես են պատրաստվում անցկացնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եւ ինչպիսի ռեսուրսներով են այո-ն ապահովելու:

Նշենք նաեւ, որ «Ժողովուրդ»-ը նախորդ համարներից մեկում, անդրադառնալով հանրաքվեի հնարավոր արդյունքներին, կանխատեսել էր, թե ինչքան այո կարելի է ստանալ հանրաքվեի օրը վերոհիշյալ եւ այլ մարզերում` ըստ իշխանությունների պլանի: Այսպիսով, ըստ «Ժողովուրդ»-ի կանխատեսումների՝ Արմավիրում այո-ն կարող է հատել 70 հազարի շեմը, իսկ Վայոց Ձորում հասնել 20 հազարի:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյան

-Պարո՛ն Ղահրամանյան, դեկտեմբերի 6-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին քիչ ժամանակ է մնացել, ինչպե՞ս եք պատրաստվում:

-Պատրաստվում ենք, համաձայն գործող Սահմանադրության եւ ՀՀ ընտրական օրենսգրքի, այսինքն՝ շտաբներ են ստեղծվել, շտաբներն էլ իրենց աշխատանքներն են կատարում: Ձեւավորվել են ընտրական հանձնաժողովներ, առաջիկա ժամանակներում իրենք էլ իրենց աշխատանքները կսկսեն:

-Մարզում տրամադրվածությունը սահմանադրական փոփոխությունների շուրջ ինչպիսի՞ն է:

-Տրամադրվածությունը նորմալ է:

-Շփվելով հասարակության հետ՝ ի՞նչ եք կարծում՝ այո-ի կողմնակիցներն են ավելի շատ թե՞ ոչ-ի:

-Ավելի շատ այո-ի կողմնակիցներ են, իմ շփումները հասարակության հետ դա են ցույց տալիս:

-Դուք այո-ի ինչպիսի՞ տոկոս եք ակնկալում:

-Դեկտեմբերի 7-ին պարզ կլինի: Ես կոնկրետ թիվ ո՞նց ասեմ:

-Այնուամենայնիվ, Դուք այո-ի ինչքա՞ն մասնակցություն կարող եք ապահովել, այդ մասով ինչպիսի՞ հանձնարարական եք ստացել կենտրոնական շտաբից:

-Ինչքան որ կարողանանք իրազեկել ու ճիշտ բացատրել, այդքան էլ մասնակցությունը շատ կլինի, որեւէ հրահանգ չկա:

-Իսկ ի՞նչ ռեսուրսներով եք այո-ն ստանալու:

-Մենք ոչ մի պետական ռեսուրս չենք օգտագործում, մենք քարոզչություն ենք անելու, բացատրելու ենք ներկա սահմանադրական բարեփոխումների առավելությունները:

Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյան

-Պարո՛ն Սարգսյան, քիչ ժամանակ է մնացել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, նախապատրաստական աշխատանքների ընթացքն ինչպիսին է:

-Մենք մեր քարոզարշավն ենք կազմակերպում, հանդիպումներ ենք ունենում, մարդկանց ներկայացնում ենք բարեփոխումները: Կարծում եմ՝ մարզում տրամադրվածությունը նորմալ է, իսկ արդյունքները կերեւան հանրաքվեից հետո:

-Այո-ի ինչպիսի՞ տոկոս եք ակնկալում եւ ինչպե՞ս եք պատրաստվում այն ապահովել:

-Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, դա հանրաքվեից հետո կերեւա: Բայց կարծում եմ՝ դրական է, ամեն դեպքում ոչ-ը շատ չի երեւում:

-Տեղեկություն կա, որ Վայոց Ձորի մարզում այո-ն կարող է հատել 20 հազարի շեմը: Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է այս թվին հասնել, թե ոչ:

-Չգիտեմ, չեմ կարող ասել: Կարող է ավել լինի, կարող է պակաս լինի: Բայց այս կարգի բան ով կարող է ասել, ես կզարմանամ, եթե որեւիցէ մեկը կարող է ասել այո-ն այսքան կլինի, ոչ-ը՝ այսքան:

-Իսկ շփվելով հասարակության հետ՝ ի՞նչ կարծիք եք ձեւավորել` այո-ի կողմնակիցներն են ավելի շատ, թե՞ ոչ-ի:

-Համայնքի ղեկավարների հետ, շտաբի պետերի հետ քննարկումներ կազմակերպել ենք, ընդհանուր վիճակը դրական է: Կարծում եմ, որ դրական կլինի մեր մարզի այո-ի տոկոսը: Դա իմ կարծիքն է, հստակ թիվ ճիշտ չի լինի, որ ասեմ:

-Ինչ ռեսուրսներով եք այո-ն ապահովելու:

-Ի՞նչ է նշանակում՝ ինչ ռեսուրսներով կարող եք այո-ն ապահովել: Մենք քարոզում ենք, մարդիկ գնալու են տեղամասեր, իրենց ընտրությունները կազմակերպեն:

-Եթե հանրաքվեից հետո սպասված թվով այո-ն չստանաք, եւ ոչ-ը գերակշռի, արդյո՞ք հրաժարական կտաք:

-Իմ առջեւ որեւիցէ խնդիր դրված չէ ապահովել կամ չապահովել: Խնդիր է դրված որպես մարզային շտաբի ղեկավար` նորմալ կազմակերպել հանրաքվեն: Որեւիցե այլ խնդիր դրված չի, որ հրաժարական տանք կամ չտանք:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս