ՀԱՐՑ. Ես ունեմ մթերային խանութ հենց մեր շենքի բակում, որը մեծամասամբ տնօրինում է տղաս, բայց խանութը սահմանված կարգով ինձ է պատկանում: Նշեմ, որ 2-րդ կարգի հաշմանդամ եմ եւ ուզում եմ տեղեկանալ` արդյոք որեւէ արտոնությունից կարող եմ օգտվել:
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 16-ի N 984-Ն որոշմամբ սահմանված` «Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին եւ հաշմանդամներին ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգ»-ի 16 հոդվածի համաձայն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար հաշմանդամություն ունեցող անձին անհատ ձեռնարկատեր կամ առեւտրային կազմակերպություն գրանցելու համար տրվում են ֆինանսական միջոցներ՝
ա) ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարման նպատակով անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով, իսկ առեւտրային կազմակերպություն գրանցվելու համար՝ բազային տուրքի 12-ապատիկի չափով,
բ) ֆիրմային անվանումը գրանցելու նպատակով պետական տուրքի վճարման համար՝ բազային տուրքի 6-ապատիկի չափով,
գ) կնիք ձեռք բերելու համար՝ կնիք պատրաստող պետական մասնագիտացված կազմակերպության կողմից սահմանված գների սանդղակի նվազագույն գնի չափով:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք, որ նմանատիպ փոքրիկ կրպակներն էլ կարող են մանր բիզնեսը զարգացնելու խթան դառնալ` լուծելով մեր հաշմանդամ հայրենակիցների սոցիալական խնդիրները: