ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱԿՎԱԾ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխություններին ընդառաջ Հայաստանի քաղաքական ուժերը մի քանի օր է` սկսել են իրենց պաշտոնական քարոզչությունը: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե Արցախում ինչպիսի դիրքորոշում ունեն Հայաստանում անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների շուրջ:

-Պարո՛ն վարչապետ, Արցախում ինչպե՞ս են վերաբերվում Հայաստանում անցկացվող սահմանադրական փոփոխություններին: Ո՞րն է ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումն այս հարցում, արդյո՞ք հետեւում եք Հայաստանում այս օրերին ձեւավորված իրավիճակին:
-Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի հիմնական մասը համաձայնություն է տվել նախաձեռնությանը, եւ այն դրվել է հանրաքվեի, ապա Արցախի իշխանությունների համար ողջունելի է ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարական ցանկացած գործընթաց՝ այդ թվում Սահմանադրության փոփոխության հանրաքվեն: Իսկ մեր դիրքորոշումն այն է, որ ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն առաջարկի հետագա ճակատագիրը:
-Բայց արդյո՞ք Դուք այն տեսակետին եք, որ այսօր նման փոփոխությունները խիստ անհրաժեշտություն են ՀՀ-ի համար: Ընդդիմության համոզմամբ` այս փոփոխությունները ժամանակավրեպ են եւ որեւէ աղերս չունեն լուծման կարիք ունեցող հրատապ խնդիրների հետ, որոնց արդյունքում երկրից արտագաղթը էլ ավելի է խորանում, տնտեսական աճը էլ ավելի է նվազում եւ այլն: Եվ, ահա, այս ամենի պատճառը գործող Սահմանադրությունը չէ ամենեւին: Դուք կիսո՞ւմ եք այդ դիրքորոշումը:
-Կարծում եմ` ցանկացած իրավական ակտ պետք է անընդհատ զարգացման ուղով ընթանա` ժամանակ առ ժամանակ համապատասխանեցվելով միջավայրի նոր պայմաններին: Թեեւ Սահմանադրությունն իրավական ակտերից ամենապահպանողականն է համարվում, սակայն դրա փոփոխության կարիքն էլ է լինում ժամանակի ընթացքում: Իմ անձնական կարծիքով արդեն ժամանակն է անցյալի սխալները եւ առկա նոր պայմանները հաշվի առնել, եւ բարեփոխել Սահմանադրությունը, ինչն իր ազդեցությունն է թողնելու քաղաքական համակարգի կայացման վրա: Այն, որ Հայաստանը լուրջ բարեփոխումների կարիք ունի՝ զարգացման նոր փուլ թեւակոխելու համար, ակնհայտ է, իսկ կոնկրետ այս փաթեթի «խիստ անհրաժեշտությունը» ժողովուրդը կգնահատի դեկտեմբերի 6-ին:
-Եթե Հայաստանում ժողովուրդն այո ասի սահմանադրական փոփոխություններին, ապա ինչ-որ ժամանակ հետո հնարավո՞ր է՝ ԼՂՀ-ում եւս իրականացվեն նման փոփոխություններ: Արդյո՞ք նման մտադրություն ունեն ԼՂՀ իշխանությունները:
-Անձամբ ես եւ իմ ղեկավարած կուսակցությունն արդեն տեւական ժամանակ է՝ խոսում ենք Արցախում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, ինչն այդքան էլ պայմանավորված չէ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով: Այնուամենայնիվ, հաշվի առնելով երկու հանրապետությունների ինտեգրացման բարձր մակարդակը՝ մենք պարտավոր ենք նկատի ունենալ դեկտեմբերի 6-ի հանրաքվեում մեծամասնություն ստացած կարծիքը՝ Արցախի ինստիտուցիոնալ զարգացման հետագա ուղին որոշելու հարցում: «Ազատ հայրենիք» կուսակցությունը հակված է մոտակա ժամանակաշրջանում նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քաղաքական խորհրդակցություններ, որոնք ավելի կհստակեցնեն մեր հետագա անելիքները:
-Հանուն ինչի՞ են արվելու սահմանադրական փոփոխությունները, արդյո՞ք ԼՂՀ-ի համար այսօր դա հրատապ հարց է:
-Իմ պատկերացմամբ Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտ է հանուն պետության ավելի արդյունավետ կառավարման եւ ժողովրդավարության մակարդակի բարձրացման: Համոզված եմ, որ գլխավորապես ինստիտուտներն են պայմանավորում պետությունների զարգացման ուղին եւ տեմպը: Այդ պատճառով կարիք կա Սահմանադրությամբ ընտրել այնպիսի գործիքակազմ, որը լավագույնս կսպասարկի ժողովրդին, կհամապատասխանի Արցախի ներքին եւ արտաքին առանձնահատկություններին ու քաղաքացիների կարիքներին:

 

 

 

 
ՃԻՇՏ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԲՈՅԿՈՏԵԼՆ Է

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 7-ին, «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը հանդիպում է ունեցել կուսակցության ակտիվի հետ, որի ժամանակ հայտարարել է. «Սահմանադրական փոփոխությունները վտանգի տակ են դնում Հայաստանի բազմակուսակցական համակարգը»:

Հանդիպման գլխավոր թեման եղել է դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերների խորապատկերում առաջադրված փոփոխությունները հղի են լրջագույն վտանգներով: Ա. Կարապետյանն առանձնացրել է երեք գլխավոր հիմնախնդիր, որոնք անթույլատրելի են դարձնում այդ փաստաթղթի ընդունումը.
1.Նախագծում համաչափ լուծում չի տրվում կառավարման համակարգի օպտիմալացման գերխնդրին, ինչն էլ ավելի կխորացնի երկրում տիրող ամենաթողության եւ անպատժելիության մթնոլորտը: 2. Նախագծով չի հաջողվել լուծում տալ Ազգային անվտանգության եւ բանակի արդյունավետ կառավարման հիմնախնդիրներին: 3. Նախագիծը չի ապահովում աշխարհում ընդունված պառլամենտական կառավարման համակարգին բնորոշ կայուն մեծամասնության ստեղծման սկզբունքների ներդրումը եւ վտանգի տակ է դնում Հայաստանի բազմակուսակցական համակարգը:
Վերջում ակտիվի մասնակիցները վերահաստատել են, որ Հայաստանում արմատական բարեփոխումներն այլընտրանք չունեն: Հիմնավորելով ՆԺԿ դիրքորոշումն այն մասին, որ տիրող անօրինականության մթնոլորտում սահմանադրական փոփոխությունների անցկացումը ժամանակավրեպ է, ժողովը ընդունել է որոշում բոյկոտել դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն: ՆԺԿ վարչությունը հանդես է գալու նաեւ համապատասխան հայտարարությամբ:
«Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի հետ:
-Մենք նաեւ կոչով բնակչությանն ենք դիմելու, ուղիղ բոյկոտ եւ վերջ: Մենք համոզված ենք, որ եթե ոչ ասենք, ապա դա դարձնելու են այո: Ճիշտ տարբերակն այն է, որ հանրությունը բոյկոտի այդ հանրաքվեն, մենք էլ արդեն կոնկրետ ներկայացրել ենք այն հիմքերը, որոնցից ելնելով պետք է լինի բոյկոտ:
-Ընդդիմադիր ուժերը նախքան սահմանադրական փոփոխությունների քննարկումը հայտարարում էին, որ իրենք բոյկոտելու են, սակայն այսօր ոչ-ի շտաբ է «գործում», որը քաղաքացիներին կոչ է անում քվեարկությանը մասնակցելու ու ոչ ասել…
-Մենք բոյկոտում ենք ու դիմելու ենք նաեւ ազգաբնակչությանը, որպեսզի չգնան քվեարկության, որպես քաղաքական ուժ որեւէ քննարկման չենք մասնակցելու, մեր ասելիքն արդեն ասել ենք: Մենք բոյկոտում ենք գործընթացը, քվեարկությունից առաջ էլ կլինի մեր հայտարարությունը, հասարակությանը հասանելի կլինի մեր տեսակետը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ՓՈՍԱԼՑՈՒՄ՝ ՁՅԱՆ ՓԱԹԻԼՆԵՐՈՎ
Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես են Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհը ասֆալտապատում առատ ձյան պայմաններում: Պարզեցինք, որ փոսալցման աշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սերյան» ՍՊԸ-ն, որը պատկանում է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ, նախկին փոխմարզպետ, ՀՀԿ-ական Արտուշ Ղուկասյանի եղբորը՝ Արմեն Ղուկասյանին: «Ժողովուրդ»-ը փորձեց Արմեն Ղուկասյանից պարզել, թե ինչու են ասֆալտապատման աշխատանքները հենց ձյան ժամանակ իրականացնում: «Նախ՝ ասֆալտապատում չենք իրականացնում. չէ՞ որ եղանակի տեսությամբ արդեն հաղորդվել էր մարզում սպասվող ձյան մասին, հնարավոր չէր շուտ ավարտել վաղուց քարուքանդ փողոցի վերանորոգումը: Փոսեր էր առաջացել եւ դրանք ասֆալտով հնարավոր չէ պահել: Ամբողջ հանրապետությունը գիտի դրա մասին: Իսկ մենք ընդամենը ասֆալտի աղացած մանրավազ ենք լցնում, որպեսզի ճանապարհը դարձնենք անցանելի: Մինչեւ գարուն բացվի, ֆինանսավորում լինի, ասֆալտապատենք»,- պատասխանեց Ղուկասյանը:
Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց, որ աշխատանքները վճարովի հիմունքներով են կատարվում: «Իրենք փչում, չորացնում են, որը մինչեւ գարուն կպահի: Հետո Ռուսաստանում ձմռան ամիսներին էլ են ասֆալտապատում իրականացնում»,- հպարտությամբ արդարացավ քաղաքապետը: Կարծում ենք՝ համայնքային բյուջեի սուղ միջոցները մսխելու առավել ցայտուն օրինակ հնարավոր չէ գտնել:

 

ՄՀԵՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ոստիկանության Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, անդրադառնալով ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության գործի շրջանակներում իր վերաբերյալ պտտվող լուրերին, ասաց. «Ես երկրում չեմ եւ տեղյակ չեմ, թե ինչի մասին է խոսքը»: Հիշեցնեք, որ այս տարվա հուլիսին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ ոստիկանապետի տեղակալի սպանության քրգործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Այս քրգործի նախաքննությունը հանձնարարվել էր ՀՀ ԱԱԾ-ին: Հենց այդ ժամանակ էլ լուրեր տարածվեցին այն մասին, որ նոր հարուցված գործում արծարծվող պաշտոնատար անձանցից մեկը Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանն է, որը Մհերյանի սպանության ժամանակ զբաղեցրել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը:

 

ՊԱՏԱՍԽԱՆ ՉԿԱ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանում ազատարզրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու խնդիրը լուծելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը հարցումներ է ուղարկել ՌԴ իրավապահներին: Սակայն դրանց պատասխաններ դեռ չեն ստացվել:




Լրահոս