ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՑ ԿԱՐԵՎՈՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ակտիվացմանը զուգահեռ քաղաքական դաշտի իշխանական թեւում բավական ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Բանն այն է, որ ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները սկսել են ուղիներ փնտրել՝ «ետ» վերադառնալու համար:

Իհարկե, առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, որ այս գործընթացը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ է կապված, սակայն քաղաքականությունն այն ասպարեզն է, որտեղ երբեք չի կարելի ասել երբեք: Ինչպես հայտնի է՝ այս տարվա սեպտեմբերի 3-ին ԲՀԿ-ից դուրս եկած ԱԺ պատգամավորներ
Արայիկ Գրիգորյանը,
Գրիգորի Մարգարյանը,
Բազմասեր Առաքելյանը,
Մարտուն Գրիգորյանը,
Մուշեղ Պետոյանը,
Դավիթ Քոչարյանը,
Ռուստամ Գասպարյանը,
Արագած Ախոյանը,
Կարո Կարապետյանը եւ
Հարություն Ղարագյոզյանը հանդիպել էին Սերժ Սարգսյանի հետ: Նրանց՝ նախագահական կատարած այցի հիմնական նպատակը եղել է իրենց ճակատագրի հարցը Սերժ Սարգսյանի հետ քննարկելը, որպեսզի կողմնորոշվեն հետագա անելիքներում: Ի դեպ, վերը նշված պատգամավորներից Մուշեղ Պետոյանը, Դավիթ Քոչարյանը եւ Գրիգոր Մարգարյանն այս տարվա փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո ոչ միայն ԲՀԿ-ից են դուրս եկել, այլ նաեւ այդ կուսակցության ԱԺ խմբակցության կազմից: Իսկ մյուսները, չնայած կուսակցությունից դուրս են եկել, բայց շարունակում են պաշտոնապես մնալ ԲՀԿ խմբակցության կազմում: Բանն այն է, որ խմբակցությունից դուրս եկածները պատգամավոր են դարձել մեծամասնական ընտրակարգով եւ խմբակցությունը լքելը նրանց մանդատի վրա չի կարող ազդել: Իսկ համամասնական ընտրակարգով մանդատ ստացածները, եթե իրենց խմբակցությունից դուրս գան, ապա մանդատները պետք է վայր դնեն: Արդյունքում, վերը նշված պատգամավորները պաշտոնապես ԲՀԿ խմբակցության անդամ են, սակայն գործնականում իրենց պահում են իբրեւ անկախ պատգամավորներ:
Ինչեւէ, վերը նշված հանդիպման ժամանակ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանն ասել է, որ ոչ մեկին չեն անտեսի, եւ եթե սահմանադրական փոփոխությունները ընդունվեն, ապա ԱԺ համամասնական ընտրություններում պատգամավորները ընտրվելու են վարկանիշային քվեարկությամբ, եւ բոլորին տեղ կտրվի: Բայց մինչ այդ նախ անհրաժեշտ է, որ հասկանալի լինի, թե ով տեղերում ինչ հեղինակություն եւ ընտրազանգված ունի: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը նախկին ԲՀԿ-ականներին հասկացրել է, որ նրանց ճակատագիրը սահմանադրական փոփոխություններ հանրաքվեում նրանց ցույց տրվելիք արդյունքներից է կախված: Թվում է, թե ամեն ինչ հստակ է, եւ տվյալ անձանց մնում է գնալ ու զբաղվել սահմանադրական փոփոխությունների քարոզչությամբ: Սակայն հարցերի հարցը, որ այս օրերին նախկին ԲՀԿ-ականները չեն կարողանում լուծել, իրենք այո-ի որ «խմբում» պետք է ընդգրկվեն:
ՀՀԿ-ում սեփական ակտիվի միջեւ տարածքների բաժանման խնդիրը չեն կարողանում լուծել, քանի որ պատգամավորներից եւ տարածքային պատասխանատուներից յուրաքանչյուրը փորձում է ինքն իր «օգտակարությունն» ապացուցել: Այլ կերպ ասած՝ մրցակցությունը մեծ է: Ուստի նախկին ԲՀԿ-ականները սկսել են դիտարկել իրենց ետ վերադարձի եւ իրենց նախկին կուսակցության հետ համատեղ այո-ի համար քվեներ ապահովելու տարբերակը:
Բայց մյուս կողմից էլ ներկա ԲՀԿ-ն եւս իր նոր կերպարով քաղաքական դաշտի իշխանական թեւում ինքնահաստատվելու խնդիր ունի: Այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ն նույնպես ցանկանում է ապացուցել, որ ինքն իշխանությունների համար կարեւոր ռեսուրս է, եւ որ իրեն չի կարելի արհամարհել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ում արդեն վճռել են, որ եթե նախկին կուսակիցները որոշեն վերադառնալ, ապա իրենք միանգամից պատախան չեն տալու եւ իրենց վերջնական տեսակետը կհայտնեն յուրաքանչյուրի հարցն առանձին քննարկելուց հետո միայն:
Մյուս կողմից կան նաեւ բազմաթիվ գյուղապետեր, որոնք նույնպես փետրվարյան խառը ժամանակներում կուսակցության շարքերից դուրս են եկել: Նրանց հարցում, սակայն, եթե որոշեն վերադառնալ, ԲՀԿ-ում խոչընդոտ չեն տեսնում: Գյուղապետ նախկին ԲՀԿ-ականներն առանց խոչընդոտի կարող են կրկին կուսակցական դառնալ, քանի որ «քաղաքականությունից չհասկանալով», պահի տակ են գործել, բացի այդ՝ գյուղերում կուսակցության ռեսուրսներն առավել նվազ են, քան քաղաքում:
Իսկ, ահա, ԱԺ պատգամավորների հարցը լուծվելու է յուրաքանչյուրի թեկնածությունն առանձին քննարկելուց հետո: Այլ կերպ ասած՝ ԲՀԿ ներկայիս վերնախավը որոշել է ետ վերադարձող պատգամավորներին մի փոքր նվաստացնել, հետո նոր ետ ընդունել, որպեսզի դուրս եկածները միաժամանակ փաստեն, որ լիարժեք ընդունում են իրենց առնետավազքը եւ զղջում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԷՍ ԷԼ «ՍԵՆՑ»
Երեկ ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում ավարտվեցին 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Դրանց արդյունքները, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, կամփոփվեն նոյեմբերի 12-ին: Իսկ առաջիկա օրերին ԱԺ պատգամավորները, խմբակցությունները եւ մշտական հանձնաժողովները 2016-ի բյուջեի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկությունները պետք է ներկայացնեն ԱԺ աշխատակազմին, որից հետո դրանք պետք է ներկայացվեն ՀՀ կառավարությանը: Նոյեմբերի 16-ին մեկնարկող ՀՀ հերթական քառօրյա նիստում արդեն խորհրդարանը կսկսի նախագծի քննարկումը, որից հետո այն կդրվի քվեարկության:

 

ՍԱՔՈՒՆՑԸ ՉԻ ԳՆԱ
Այսօր ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը կքննարկի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումն՝ ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի: Հիշեցնենք, որ Մովսիսյանը սպառնացել էր «գլխատել ու բռնաբարել» պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հասցեին բացասական արտահայտվողներին: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արթուր Սաքունցն ասաց, որ չի մասնակցի այդ նիստին: «Մենք այնտեղ ելույթ ունենալու հնարավորություն չունենք, հանձնաժողովն ինքն է քննարկելու, չեմ կարող գնալ, քանի որ միջոցառման զեկուցող եմ: Մեր տեսակետն արդեն գրությամբ ներկայացրել ենք, իրենք էլ ընդամենը գնահատական են տալու»,- բացատրեց Սաքունցը:

 

ՄԵԼՈՅԻ ՔԱՐՈԶԸ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փոխանցեց, որ ինքը այս օրերին զբաղված է սահմանադրական հանրաքվեի այո-ի օգտին քարոզչություն իրականացնելով: «Մենք քարոզում ենք այո, տարբեր տեղեր, տարբեր ձեւով, հիմա մի թղթի վրա չենք գրել՝ ինչ պետք է ասենք, որ գնանք, ասենք: Մարդկանց հետ զրուցում ենք, բացատրում ենք, որ այո քվեարկեն»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը, ում հոգու խորքում կարծես թե ոչ-ն է նստած:

 

ԱՊՕՐԻՆԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ
Երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական ծառայությունը հայտնաբերել է Մոսկվա-Երեւան անօրինական ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուս: Ավտոբուսը պատկանում է հայկական «Վագտրանս» ընկերությանը, որին սպառնում է մինչեւ 150 հազար ռուբլու (2 հազար 500 դոլար) տուգանք: Ըստ ռուսական կողմի՝ «Վագտրանս»-ը ներառված չէ միջազգային ավտոբուսային երթուղիներ իրականացնողների ռեեստրում, հետեւաբար ՌԴ-ում ուղեւորափոխադրում իրականացնելու իրավունք չի ունեցել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ընկերությունը գործում է Աբովյան քաղաքում, իսկ հիմնադիրներն են Գեւորգ Հովհաննիսյանը, Վալերի Նավասարդյանը եւ Արա Կարեյանը: «Վագտրանս»-ի տնօրեն Գեւորգ Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվեց տեղի ունեցած խայտառակությունը մեկնաբանել:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության հրապարակած ընտրողների ընդհանուր թվի ու Հայաստանի մշտական բնակչության թվի միջեւ առկա է 271 հազարի տարբերություն: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների թիվը 2 միլիոն 554 հազար է, մինչդեռ ըստ ԱՎԾ-ի` Հայաստանում չափահաս, ընտրելու իրավունք ունեցող մշտական բնակչությունը 2 միլիոն 283 հազար է:

 

ԿԵՐԿԱՐԱՁԳԵՆ
Եվրամիության երկրների իշխանությունները ցանկանում են եւս կես տարով երկարաձգել հակառուսական պատժամիջոցները. այս մասին փոխանցում է գերմանական Handelsblatt պարբերականը: Բրյուսելում կարծում են, որ Ռուսաստանը լիաժեք չի իրականացնում Մինսկի համաձայնագրերը: Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների երկարաձգման մասին պաշտոնական որոշումը կընդունվի Եվրամիության գագաթնաժողովի շրջանակներում դեկտեմբերի 18-ին:

 

ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ ԿԵՑՎԱԾՔՈՎ
2016թ. բյուջեի նախագծի նախնական քննարկումների վերջին օրը Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, դիմելով էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանին, հանդես է եկել մի շարք սուր հարցադրումներով. «Շատ սիրուն բաներ եք ասում, բայց մեր քաղաքացիները նախընտրում են թռչել ոչ թե «Զվարթնոց»-ից, այլ 300 կմ հեռու գտնվող Թբիլիսիից, դա անառարկելի փաստ է: Մեր դեսպանություններն ունեն ներկայացուցչություններ, որոնք ֆինանսավորվում են բյուջեից, ներդրումների ծավալին նրանք նպաստո՞ւմ են, թե՞ ոչ: Արդյոք ունե՞ք հետադարձ կապ, թե որքան ՓՄՁ օգտվեց արտոնյալ ծրագրերից, խորհրդատվությունից, եւ դա ի՞նչ ազդեցություն ունեցավ, արդյունք տվե՞ց, թե՞ ոչ: Ի՞նչն ենք մենք քիչ անում, սաղովս մի բան անենք, որ այդ «տուրիզմ» ասվածը, որը համակարգաստեղծ ոլորտ է, կայանա ու աճ ունենա», – ասել է Այվազյանը:

 

ԿՐԱԿՈՒՄ ԵՆ
Հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից եւ 60 միլիմետրանոց ականանետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2 հազար կրակոց:




Լրահոս