ՈՐՈՇ ՈԼՈՐՏՆԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՅՈՒՋԵՈՎ ԿՐԿԻՆ ԱՆՏԵՍՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարարության կայքում տեղադրված «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համաձայն՝ հանգստի, մշակույթի եւ կրոնի համար հատկացված է 26 միլիարդ 79 միլիոն 868 հազար դրամ: Կոնկրետ մշակութային ծառայությունների համար հատկացված է 13 միլիարդ 627 միլիոն 379 հազար դրամ:

Ներկայացված ցուցակում անմխիթար վիճակում հայտնված ոլորտներից է հուշարձանների եւ մշակութային արժեքների վերականգնման եւ պահպանման ոլորտը, որին այս տարի հատկացված է 473 միլիոն 459 հազար դրամ` նախորդ տարվա 473 միլիոն 133 հազար դրամի համեմատ:
Պատմաբան, հայագետ Արգամ Այվազյանը այդ գումարը համարում է չնչին եւ խայտառակ, հատկապես, երբ հարկ է լինում ծանոթանալ շինարարության ոլորտի ապրանքներին եւ ծառայություններին: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այդ գումարով հնարավոր չէ հուշարձանների ե՛ւ պահպանումն ապահովել, ե՛ւ վերականգնումը: «Եթե հովանավորներ չգտնվեն, այդ գումարով աննշան աշխատանք է հնարավոր անել: Կառավարությունն իր ռազմավարության մեջ պետք է արմատական փոփոխություններ մտցնի այդ առումով, այլապես մենք կրիայի քայլերով առաջ կգնանք: Կարծում եմ` առաջնահերթ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ թե մեկ-երկու հուշարձանների ամբողջական վերականգնմանը, այլ ավելի մեծ թվով հուշարձանների կոնսերվացմանը: Հազարավոր հուշարձաններ կան, որոնք խիստ վթարային վիճակում են. պետք է նախ դրանք ամրակայել, իսկ կիսականգուն հուշարձանի ամբողջական վերկանգնման համար բավականին մեծ գումար եւ տեւական ժամանակ է անհրաժեշտ: Այնինչ, այդ ընթացքում կարելի է 100 հուշարձան ամրակայել»,-նկատեց նա:
Ա. Այվազյանը նշեց մի քանի հուշարձանների անուններ, որոնք անհապաղ ենթակա են ամրակայման` Վայոց ձորից Արատեսի վանքը, Ցախաց քարի վանքը, Լոռու մարզից Քոբայրավանքը, Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Խորակերտի վանքը, Կոտայքի մարզից Պտղնիի տաճարը, Արարատի մարզից Ուրցաձորի Սուրբ Հովհաննես Կարապետ վանքը, Աղջոցի Սուրբ Ստեփանոս վանական համալիրը եւ այլն:
Ինչ վերաբերում է հովանավորներին, ապա նրանք, պատմաբանի համոզմամբ, պետք է ոչ միայն աջակցեն նոր եկեղեցիների կառուցմանը, որոնք մեծ մասամբ ճարտարապետական նոր խոսք չեն ասում, այլ ուշադրություն դարձնեն, օրինակ, վաղ միջնադարյան հուշարձաններին, որոնք կանգնած են փլուզման եզրին:
Մշակույթի` 2016թ. բյուջեի նախագծի համաձայն՝ անմխիթար վիճակում հայտնված մյուս ոլորտը կինեմատոգրաֆիան է` 658 միլիոն 714 հազար դրամ հատկացումով` նախորդ տարվա 658 միլիոն 21 հազար դրամի համեմատ: Կինոռեժիսոր Արամ Շահբազյանը («Հաշվետվություն ընթրիքի ժամանակ», «Ջավախք, մոռացված հայրենիք», «Որդան կարմիր», «Մի վախեցիր», «Տաքսի, էլի լավա», «Մոսկվիչ, իմ սեր» եւ այլն) մեզ հետ զրույցում նշեց, որ 1999 թվականից այս կողմ այդ թիվն էականորեն չի փոխվում:
«Կինեմատոգրաֆիային հատկացվելիք գումարը երեւի մինչեւ 2099 թվականը չի էլ փոխվելու: Օրինակ` 2003-ին մենք այս առումով մեր հարեւան պետություններից ոչնչով չէինք տարբերվում. նույն վիճակը տիրում էր իրենց մոտ, այնինչ 4 տարի անց արդեն նրանք ոչ մի բանով նման չէին մեզ. մեր հարեւանները ոչ միայն անցան մեզ, այլեւ իրենց բյուջեն մերի համեմատ տասնապատկեցին: Վրաստանում, օրինակ, իմ տեղեկություններով, կինեմատոգրաֆիայի բյուջեն հասնում է 3 միլիոն 700 հազար եվրոյի, Ադրբեջանում այն 5 միլիոն դոլարից ավել է կազմում»,-մատնանշեց ռեժիսորը:
Նրա խոսքով` երբ պատկան մարմինները խոսում են ոլորտից, մարդուն թվում է, թե մենք գիշեր-ցերեկ արտադրական գործընթացի մեջ ենք. «Որ իրենց խոսեցնում ես, տպավորություն է, թե հոլիվուդյան ֆիլմարտադրության հետ գործ ունենք: Ասում են` մենք այս ենք անում, մենք այն ենք անում: Պետությունն էլ ասում է` դե որ էսքան բան են կարողանում անել, էլ ինչո՞ւ հատկացում անենք: Ու թեեւ այսօր կինոյի տեխնիկական սպասարկմանն առնչվող մի շարք ծառայություններ թանկանում են, դրա բյուջեն մնում է նույնը»,-նկատեց ռեժիսորը:
Նրա խոսքով` վիճահարույց է նաեւ մշակված ռազմավարությունը` որ կինոնկարին հատկացնել գումար եւ որին` ոչ. «Երբեմն չես հասկանում՝ ֆիլմը, որի նկարահանման համար հատկացվել է գումար, ինչի մասին է, ռեժիսորն ով է, ինչու է դա նկարել, կյանքում նկարել է, թե չի նկարել…»:
Իսկ, առհասարակ, Ա. Շահբազյանի կարծիքով` անլրջություն է կինեմատոգրաֆիային տրամադրել նշված գումարը, եւ ասել, թե այս երկրում գոյություն ունի ֆիլմարտադրություն. «Կա՛մ եկեք կասեցնենք այդ արտադրությունը, կա՛մ եթե զբաղվում ենք դրանով, լուրջ վերաբերվենք գործին»,-եզրափակեց նա:

 

 

 

 

 
«ՄԵՆՔ ԻՐԱՐ ԴԻՊՉԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵԻՆՔ»

Դերասանուհի, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը ստեղծագործական կյանքի վերջին փուլում հրապուրվել է կինոյով: «Ու քանի որ կինոն հանկարծ սկսել է ինձ գրավել, ռեժիսորներն էլ փոխադարձաբար սկսել են հետաքրքրվել ինձնով»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց դերասանուհին` հավելելով, որ այս տարի ինքը հասցրել է նկարահանվել թվով վեց ֆիլմում:

Նա տեղեկացրեց, որ ամռանը նկարահանվել է իրանա-հայկական համատեղ արտադրության ֆիլմում, որի պրեմիերան կլինի հունվարին, Իրանում: Ֆիլմի նախնական անունն է «Եվա»: «Այն պատմում է մի սահմանամերձ գյուղի մասին, ես մարմնավորում եմ հայաստանցի կնոջ, ով թաքնվում է այդ գյուղում, եւ նրա տեսանկյունից պարսկահայ ռեժիսոր Անահիտ Աբադը, հետաքրքիր բացահայտումներ է անում: Հատկանշական է, որ սա Իրանի կինոյի պատմության մեջ երկրորդ ֆիլմն է, որտեղ դերասանները խաղում են գլխաբաց: Անգամ եղել են տեսարաններ, որոնք մնացել են կադրից դուրս. Իրանից պատճառաբանեցին, որ, օրինակ, իմ հերոսուհու վիզը դրանցում շատ բաց է ներկայացված: Ֆիլմում կա տղամարդու կերպար, որը սիրում է իմ մարմնավորած կնոջը, բայց մենք իրար դիպչելու իրավունք չունեինք»,-պատմեց Նարինեն:
Իսկ հիմա արդեն նա նկարահանվում է ռեժիսոր Լուսինե Սարգսյանի «Թափանցիկ տանիքներ» ֆիլմում. «Ես մարմնավորում եմ 30-ն անց կնոջ, որը չի ամուսնացել, սակայն երեխա ունենալու մեծ ցանկություն ունի, դրա համար նա փնտրում է տղամարդ: Սա հոգեբանական ֆիլմ է, որտեղ միահյուսված է երեք կանանց պատմությունը: Կինոնկարի պրեմիերան հավանաբար կկայանա ամռանը»-նշեց դերասանուհին:
Բայց ֆիլմերի շարքն այդքանով չի եզրափակվում. Նարինեն առաջիկայում նկարահանվելու է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆիլմում, որտեղ մարմնավորելու է համր կնոջ. «Արդեն գնում եմ հատուկ դասընթացների՝ համրերի «լեզուն» սովորելու համար: Սա ինձ համար բոլորովին նոր, հետաքրքիր փորձառություն է»,-ասաց նա:
Իհարկե, դերասանուհին չի դադարում հանդես գալ նաեւ բեմում: Միեւնույն ժամանակ նա շարունակում է բեմադրիչի իր գործունեությունը: Շվեցարիայի արվեստների ակադեմիան եւ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը համատեղ նախագիծ են ձեռնարկել, որի շրջանակներում վերջերս հանդիսատեսի դատին հանձնվեց «Հովնան» ներկայացումը (ըստ Հին կտակարանի Հովնանի մարգարեության): Ներկայացման բեմադրիչը Նարինե Գրիգորյանն է:
Նա մի փոքր խոսեց նաեւ իր ընտանիքի մասին, մասնավորապես` փոքրիկ դստեր, որը 1 տարեկան 8 ամսական է, բայց արդեն հասցրել է շրջագայել մայրիկի հետ. «Նրան հաճախ հետս տանում եմ նկարահանումների, փառատոնների. դուստրս հասցրել է լինել Արցախում, Իրանում, Լիտվայում: Ես, օրինակ, շատ կուզենամ, որ նա դերասանուհի դառնա, եթե, իհարկե, ինքը կամենա»,-եզրափակեց Նարինեն:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵՎԱՆԻՆ
Ռուսական «Վինտաժ» փոփ խումբը եւ DJ Smash¬ը Երեւանին նվիրված նոր երգ են ներկայացրել: «Քաղաք, որտեղ իրականանում են երազանքները» տեսահոլովակն արդեն հայտնվել է համացանցում: Այն նկարահանվել է Երեւանում, եւ տեսահոլովակում կարելի է տեսնել քաղաքի գեղեցիկ եւ պատմամշակութային արժեք ներկայացնող վայրերը` Մատենադարանը, Մարզահամերգային համալիրը, Կասկադը, ինչպես նաեւ խորհրդանշական դարձած հայկական նուռն ու դուդուկը: Նշենք, որ երգի երաժշտության հեղինակներն են Ադրեյ Շիրմանը եւ Ալեքսեյ Ռոմանոֆը, իսկ բառերի հեղինակն Արթուր Փափազյանն է: Տեսահոլովակի ռեժիսորը Վադիմ Վատագինն է:

 

ՆՈՐ ՍԻՐԱՎԵՊ
Թենիսի աստղ Սերենա Ուիլյամսը եւ ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր, գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանը «կասկածվում են» սիրավեպ ունենալու մեջ: Նրանց հավանական հարաբերություններն ակտիվորեն քննարկում է ամերիկյան մամուլը: Ինչպես նկատում է Bravo.am-ը, ըստ որոշ աղբյուրների` Սերենան եւ Ալեքսիսը վերջին շրջանում հաճախ են միասին ճաշում, նրանց նաեւ նկատել են Լոս Անջելեսի մարմնամարզության դպրոցում միասին թենիս խաղալիս:
Us Weekly-ն այս առիթով վկայակոչել է իր աղբյուրին, ըստ որի` մինչեւ Սերենային հանդիպելն Օհանյանը երբեք թենիսով չի հետաքրքրվել:
Businessinsider.com-ի կարծիքով էլ, Օհանյանն ու Ուիլյամսը կատարյալ զույգ են՝ երկուսն էլ 30-ն անց են (Ուիլյամսը 34 տարեկան է, իսկ Ալեքսիսը` 32), բացի այս՝ երկուսն էլ բարձրահասակ են):

 

ԲՈՒԺՎԵԼ Է ՀԵՊԱՏԻՏ C-ԻՑ
Պամելա Անդեսրոնը Instagram-ի իր էջում հայտնել է, որ բուժվել է հեպատիտ C-ից։ 48-ամյա դերասանուհին նորությունը նշանավորել է` իր մերկ լուսանկարը տեղադրելով Instagram-ում:
Անդերսոնը հիվանդության դեմ պայքարում էր 16 տարի։ «Ես ապաքինվել եմ։ Ես աղոթում եմ, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ունեն այդ հիվանդությունը, կարողանան իրենց թույլ տալ բուժվել։ Գիտեմ, որ դա շուտով հասանելի կդառնա»,- գրել է Պամելան։
Նրա խոսքով` երբ ինքն իմացել է հիվանդության մասին, այն իր համար դատավճռի պես բան է եղել եւ ազդել ինքնագնահատականի վրա. «Շրջապատում ես ձեւացնում էի, թե ամեն բան կարգին է, այնինչ ներսումս ահավոր դատարկություն էի զգում »,- ասել է նա։




Լրահոս