ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՐԱՐՔՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 2-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը մերժեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին:

Դեռեւս 2012 թվականի դեկտեմբերից «Ժողովուրդ» օրաթերթը դատական գործընթացների մեջ է գտնվում «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ: Պատմությունը սկսվել էր 2012-ի դեկտեմբերի 11-ին լույս տեսած մի հրապարակումից, ըստ որի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը տուգանել էր «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, «Վալենսիա» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին: Պատճառն այն էր, որ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ էր իրացրել հայկական շուկայում: Արդյունքում 3 տարբեր հայցերի շրջանակներում անցնելով հայաստանյան դատական եռաստիճան համակարգով՝ «Ժողովուրդ»-ը կրել էր 2 պարտություն (մեկով ենթարկվելով 10 հազար դրամ տուգանքի) եւ 1 հաղթանակ: Սակայն Խաչիկ Խաչատրյանը, չհամակերպվելով իր պարտության հետ, բողոքարկել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կայացրած որոշումը, որը բեկանվել եւ ուղարկվել էր նոր քննության: Ապա նույն դատարանի մեկ այլ դատավոր Ռուբեն Ներսիսյանը, անտեսելով «մայր դատարանի» կայացրած որոշումը, վճռել էր պարտադրել «Ժողովուրդ» օրաթերթին որպես փոխհատուցում գործարարին վճարել 1 մլն 783 հազար ՀՀ դրամ, ինչի արդյունքում ամիսներ շարունակ օրաթերթի դրամական միջոցները արգելանքի տակ էին:
«Ժողովուրդ» օրաթերթի նկատմամբ կայացրած անտրամաբանական որոշմանն անդրադարձել է նաեւ օմբուդսմենի գրասենյակը: Հոկտեմբերի 6-ին Մարդու իրավունքների պաշտպանը՝ Կարեն Անդրեասյանը, պաշտոնական գրությամբ դիմել էր ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին: Պաշտպանը միջնորդել է դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում ներկայացնել ԱԽ-ին:
Հանձնաժողովի անդամները` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Մնացական Մարտիրոսյանը` Մացոն, դատավորներ Մխիթար Պապոյանը, Աշոտ Աբովյանը, Նարինե Բարսեղյանը, Սամվել Թադեւոսյանը, մեկ ամիս քննելով դիմումը, նոյեմբերի 2-ին որոշել են մերժել օմբուդսմենի միջնորդությունը:
Իսկ ինչ պատճառաբանություն կամ հիմնավորում էին ներկայացրել հանձնաժողովի անդամ դատավորները օմբուդսմենի միջնորդությունը մերժելով: Օրինակ՝ պաշտպանը նշել էր.«Դատավորը թույլ է տվել նյութական նորմերի կոպիտ խախտում եւ գործը քննելիս հաշվի չի առել ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-997 որոշումը»:
Սակայն հանձնաժողովի անդամների մերժման մեջ չկա որեւէ հակափաստարկ, թե ինչու դատավորը հիմք չի ընդունել ՍԴՈ-997 որոշումը, այլ հիմք է ընդունել մեկ այլ որոշում, ու դրա արդյունքում արդարացրել են դատավորի քայլը:
Հանձնաժողովը մերժման որոշման մեջ պատճառաբանել է. «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքեր են` արդարադատություն իրականացնելիս դատավորի կողմից նյութական եւ դատավարական նորմի անհայտ եւ կոպիտ խախտումները, որոնք կատարվել են չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ»: Հետաքրքիր է՝ հանձնաժողովը ինչպե՞ս է կարողացել պարզել, որ դատավոր Ռուբեն Ներսիսյանը որոշում կայացնելիս չարամտություն չի ունեցել կամ հակառակը: Կամ ի՞նչ է ասել «կոպիտ անփութություն»: Ի վերջո, դատավորի անփութության պատճառով վտանգվել էր լրատվամիջոցի գործունեությունը, տասնյակից ավել աշխատակիցներ զրկված էին աշխատավարձ ստանալու իրավունքից. մի՞թե այս փաստարկները բավարար չեն Ներսիսյանի արարքներում ե՛ւ դիտավորություն, ե՛ւ կոպիտ անփութություն տեսնելու համար:
Սա դեռ վերջը չէ: Ըստ հանձնաժողովի՝ «դատավորին վերագրվող խախտումը չի կարող համարվել ակնհայտ ու կոպիտ, եթե այն չի պարունակում ՀՀ Սահմանադրության կամ օրենքների նորմերի այնպիսի էական անվիճելի եւ անհերքելի խախտումները, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել վերոնշյալ անձանց իրավական ակտերով երաշխավորված իրավունքների եւ ազատությունների կոպիտ սահմանափակմանը»: Հանձնաժողովը գտնում է, որ իրավունքների ոտնահարում չէ օրաթերթի դրամական միջոցների վրա արգելանք դնելը եւ վտանգի ենթարկել նրա հետագա գործունեությունը:
Ինչեւէ, այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով փորձեցինք զրուցել որոշումը կայացրած դատավորների հետ՝ հասկանալու, թե ինչու են արդարացրել ակնհայտ ապօրինի դատավճիռ հրապարակած դատավոր Ներսիսյանին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Մնացական Մարտիրոսյանը չցանկացավ խոսել՝ խորհուդ տալով դիմել ՀՀ դատական դեպարտամենտ. «Ձեր կարծիքով անտրամաբանական որոշման հարցը կարող եք քննարկել ՀՀ դատական դեպարտամենտի հետ: Իրավունք չունեմ, էթիկայի կանոնները կխախտեմ, շնորհակալություն, ցտեսություն»:
Ուշագրավ էր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Բարսեղյանի պատասխանը. «Դուք մեկ անգամ էլ եք ինձ զանգահարել, եւ ես չեմ կարող վստահ լինել, որ Դուք եք ինձ հետ խոսում, իրավունք չունենք որեւէ բան քննարկելու, քանի որ բավական ծանրաբեռնված եմ: Դա ողջ հանձնաժողովի որոշումն է, եւ այս դեպքում մենակ ինձ դիմելը այդքան էլ ճիշտ չէ, չեմ կարող երկար ծավալվել, դա էլ մի նյութ է` էթիկայի խախտում»:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն էլ խնդրեց իրենց հարցեր չուղղել եւ դիմել մամուլի ծառայություն. «Որոշումն արդեն իսկ կայացված է, որոշման մեջ ամեն ինչ պատճառաբանված է, դա է հանձնաժողովի պատճառաբանությունը, այդ թվում նաեւ՝ իմ»:
Պապոյանին այսպիսի հարց ուղղեցինք. «Ինչպե՞ս հասկացաք, որ Ռուբեն Ներսիսյանը չարամտորեն չի կայացրել որոշումը, որի արդյունքում վտանգվեց լրատվամիջոցի հետագա գործունեությունը»: «Ես խնդրեցի, չէ, ինձ այլեւս հարցեր չտաք, իմ ասածը դրան էր վերաբերում»:
Ահա, այսպես՝ գործ ունենք կոլեկտիվ անպատասխանատվության զզվելի երեւույթի հետ: Մարդիկ գործ են անում ու ի վիճակի չեն պատասխանել ու հիմնավորել իրենց արարքի տրամաբանությունը: Հետո էլ Սերժ Սարգսյանը զարմանում է, թե գաղջ մթնոլորտն ինչպես ձեւավորվեց:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՊԱՐՏՎԵՑ
ԱԺ նախկին պատգամավոր, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը պարտվեց դատարանում:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2015 թվականի հունիսի 19-ին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո ԻԱՄ-ը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով նախկին պատգամավոր Արշակ Սադոյանից գանձել 127 հազար դրամ: Ի դեպ, դատարանում, բացի նախկին պատգամավորից, նաեւ պատասխանող է ներկայացված Արշակ Սադոյանի որդին` Արա Սադոյանը: Մեզ հետ զրույցում Արշակ Սադոյանը պատմել էր, որ ապրիլին Հանրապետության հրապարակում վթար էր տեղի ունեցել. «Ես իրականում մեղավոր չէի այդ վթարի մեջ, մի փոքր քերծվածք էր: Այդ օրն էլ այնքան էի շտապում, որ մյուս մեքենայի վարորդին, որը կին էր, ասեցի՝ աղջիկ ջա՛ն, այն մարդու հետ, որի հետ պետք է հանդիպեմ, ավելի կարեւոր է, քան քո մեքենայի 10.000 դրամանոց քերծվածքի հարցը: Արի, այս հարցը լուծենք: Այդ աղջիկը չհամաձայնեց, բա՝ չէ՛, չէ՛: Սպասեցինք, ԱՊՊԱ-ն եկավ, նկարեց, իր գործողություններն արեց: Այդ ժամանակ ասեցի, որ շտապում եմ, պետք է գնամ, իսկ ԱՊՊԱ-ի աշխատակիցներն ասեցին, որ չէ, պետք է սպասեք, ոստիկանությունը գա, ես էլ, իրոք, ժամանակ չունեի, թողեցի, գնացի»:
Ըստ Արշակ Սադոյանի` վթարի ժամանակ իր մեքենան ապահովագրած չի եղել. «Դե, ԱՊՊԱ չունեի, ասեցի՝ տվեք, տանեմ, այդ մեքենան սարքել տամ, հետո ԱՊՊԱ-ն ասեց՝ չէ, իրենք մեքենան կսարքեն, քանի որ արդեն շատ ուշացրել եք: Արդյունքում այդ կնոջ մեքենայի քերծվածքը գնահատել էին 127 հազար դրամ: Այդ մեքենայի սարքելը մի 15 հազարի պատմություն էր, բայց իրենք գնահատել են այդքան: Դե, ես էլ չեմ վճարել այդ գումարը: Հիմա դատարանը թող որոշի՝ մեղավոր կլինեմ, կմուծեմ, չեմ լինի, չեմ մուծի»:
Առաջին ատյանի դատարանը, շուրջ 4 ամիս քննելով նախկին պատգամավորի գործը, հոկտեմբերի 16-ին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավտովթարը տեղի է ունեցել նախկին պատգամավորի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու արդյունքում, ինչպես նաեւ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ որոշել է բավարարել ավտոապահովագրողների բյուրո ԻԱՄ-ի հայցը եւ Արշակ Սադոյանից բռնագանձել 127 հազար դրամ: Ասել է թե՝ նախկին պատգամավորը պարտվեց դատարանում:

Ք. Մ.

 

 

 

 

ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հացադուլից դուրս գալուց հետո նրան միացած մյուս երեք դատապարտյալները՝ Գեղամ Ասատրյանը, Հովսեփ Տերտերյանը եւ Փայլակ Խանամիրյանը եւս դադարեցրել են իրենց հացադուլը: «Ա1+»-ի փոխանցմամբ, սակայն, անկախ հանձնաժողովի գործունեության դեմ պայքարող երեք դատապարտյալ դեռ «Վարդաշեն» ՔԿՀ-ում շարունակում է իր հացադուլը:

 

ՌՈՒՍԱՊԱՇՏԱԿԱՆ
«Հայաստանը որոշակի պարտավորություններ ունի այն տարածքների հանդեպ, որոնք եղել են ԽՍՀՄ կազմում»,- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը եւ կարգավիճակը միջազգային նախադեպերի համատեքստում» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ երեկ հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա՝ Մինսկի խումբը իր գործունեությամբ հիմնվել է ոչ թե խնդիրների լուծման համար, այլ ձեւավորված լինելով ԱՄՆ առաջնորդության հիման վրա՝ նպատակ ունի «խոնարհեցնել» տարածաշրջանային ուժերին ԱՄՆ պատրոնաժի ներքո:

 

ԿԱՄՈՒՍՆԱՆԱ
Ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած Հակոբ Ինջիղուլյանն ամուսնանում է: Aysor.am-ի հետ զրույցում Հակոբն ասել է, որ անչափ երջանիկ է եւ չի համբերում, թե երբ է գալու նոյեմբերի 28-ը. այդ օրը տեղի կունենա նշանադրությունը: Իսկ մեկ շաբաթ անց էլ արդեն կամուսնանան:

 

ՄԵԿ ԱՄՍՈՎ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ
Փարիզը ժամանակավորապես դադարեցնում է Շենգենյան համաձայնագրի գործողությունը նոյեմբերի 13-ից մինչեւ դեկտեմբերի 13-ը, Interfax-ին հայտնել է Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանության մամլո քարտուղար Մադլեն Կուրանը: Նման միջոցառումների նպատակը ՄԱԿ-ի կլիմայի համաժողովի անվտանգության ապահովումն է, որը կանցկացվի Փարիզում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 11-ը:




Լրահոս