ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹԵ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԻՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում շարունակվեց ընտրական օրենսգրքում եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը: Ինչպես եւ սպասվում էր՝ երեկվա քննարկումը եւս բավականին բուռն ընթացք ունեցավ: Ընդդիմադիր պատգամավորները պնդում էին, որ այս օրինագիծը նպաստելու է ընտրակեղծարարությանը, իսկ հանրապետականները համառորեն հակառակն էին համոզում:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթի ընթացքում ընդգծեց, որ այդպիսով հերթական անգամ մասնակցելու ենք ոչ հետաքրքիր մի թատրոնի, որը կոչվում է ընտրություններ. «Մենք ամեն անգամ գնում ենք ընտրատեղամաս ու քվեարկում ենք մեր խղճին համահունչ, սակայն մեր ձայնը տեղ չի հասնում, որովհետեւ շուրջ 20 տարի ընտրություններ տեղի չեն ունենում, այլ փոխարենը տեղի է ունենում այս կամ այն անձի նշանակում: Հիմա էլ իբր հանրաքվե են ուզում անցկացնել ու դրա համար էլ բերել են այս օրենսդրական փոփոխությունները, որ ավելի մատչելի դարձնեն այդ հանրաքվեի կեղծարարությունը»,- ասաց նա: Փոստանջյանի խոսքով՝ միայն մեկ լուծում կա՝ բողոքել համընդհանուր կերպով: «Մենք պետք է բողոքենք համընդհանուր կերպով, ու դա պետք է լինի մինչեւ դեկտեմբերի վեցը ու տեւի մի քանի օր շարունակ, որ կարողանանք հասնել իրական համակարգային փոփոխության»:
Փոստանջյանի ելույթին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նախ հորդորելով պատգամավորներին չշեղվել բուն թեմայից եւ խոսել միայն օրենսդրական փոփոխությունների մասին, այնուհետեւ դիմելով «Ժառանգության» խմբակցությանը՝ ասաց. «Պետության կառավարումից ու շահերից եք խոսում, որ մի կուսակցություն ու խմբակցությունը փոշիացրիք: Դուք ուր, պետական կառավարումը՝ ուր»:
Արտահերթ ելույթով հանդես եկած ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ նշեց, որ ժամավաճառությամբ են զբաղվում՝ շարունակաբար այս հարցը քննարկելով: «Ժամավաճառության փայլուն օրինակ է փոքրիկ, շատ հստակ, պարզ ու հասկանալի օրինագծի քննարկումը շարունակել: Լալահառաչ, հուզիչ ելույթներ, աչքերներս արցունքոտվեցին, է՛լ արտագաղթի ճամփա, է՛լ խեղճ ու կրակ հայ ժողովուրդ… Այս ամենը նախերգանք է, նախապատրաստություն՝ վաղվա անհաջողություններն արդարացնելու համար: Սա նաեւ շատ լավ փորձված քաղաքական մոնիպուլացիա է, անվստահություն սերմանել այս հանրաքվեով ընդունված Սահմանադրության վրա»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ, վրդովվելով փոխխոսնակի խոսքերից, իր ելույթի ընթացքում նշեց. «Ոչ թե այստեղ ժամավաճառությամբ են զբաղված, այլ իրականում ժամանակավաճառությամբ են զբաղված… Ժամանակը վաճառեցին 5 ամիս: Ճշմարտությունն եք ունենում, սա է ճշմարտությունը: Հինգ ամիս վաճառեցիք ժամանակը եւ ոչ մի գործողության չգնացիք, հիմա էլ եկել եք եւ ելույթները համարում եք ձեզ համար ժամանակի վատնում: Անհարմար է»:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի կարծիքով էլ սահմանադրական հանրաքվեի անցկացմամբ կոպտորեն ոտնահարվում է միջազգային կառույցների առաջարկը՝ վարչական լծակների կիրառման բացառման առումով, ինչը նաեւ հակասում է Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին: «Դա վերաբերում է քարոզչության գործընթացներում մարզպետների, նաեւ` որպես շտաբի պետ, վարչապետի ներգրավմանը: Սա հակասում է Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին, որոնցով ընտրություններից մեկ ամիս առաջ խաղի կանոնների փոփոխությունն անընդունելի է: Այն պետք է անել նվազագույնը վեց ամիս կամ մեկ տարի առաջ: Ինչո՞ւ չեք ուզում մի փոքր վստահություն ավելացնել ձեր օգտին, հնարավորություն է հիմա ձեզ տրված. դուք ոչինչ չեք ուզում անել այդ ուղղությամբ: Դուք բլեֆ եք անում, դուք ավելի խառնաշփոթ վիճակ եք ստեղծել, ու չգիտեք՝ դրա տակից ոնց եք դուրս գալու»,- հայտարարեց Մանուկյանը: Նա նաեւ հավաստիացրեց, որ վերջին օրերին շատ է շրջել մարզերով ու չի գտել մի մարդու, որը կողմ լինի կամ կարդացած լինի սահմանադրական այս փոփոխությունները:
Նախագծի քվեարկությունը կկայանա այսօր:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 

 
ԴԻՎԵՐՍԻԱՆ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի 76-ամյա բնակիչ Լուսիկ Աբովյանը նոյեմբերի ութից անհետացել է, նրան գրեթե երկու օր որոնում էին համագյուղացիները եւ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները: Նոյեմբերի իննին, սակայն, ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը՝ հայտնել են, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչ, 1942թ. ծնված Լուսինե Ղուկասի Աբովյանը նոյեմբերի ութին հատել է հայ-ադրբեջանական սահմանը եւ հայտնվել Ղազախի շրջանում: Իրականում, ըստ անձնագրային տվյալների, Լուսինե Աբովյանը ծնվել է 1939 թվականի հուլիսի 8-ին: Կոթիից հայտնում են, որ Լուսիկ Աբովյանը նոյեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, գյուղում ապրող բարեկամի տուն էր գնացել՝ պանիր բերելու, ինչից հետո նա 10-15 րոպեից պետք է իր տուն հասներ, սակայն այդպես էլ տուն չէր վերադարձել: Նրա բարեկամի տունը հայ-ադրբեջանական սահմանից հեռու է մոտ 2 կմ: Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, որ Լուսիկ Աբովյանը երկու տղա եւ երկու աղջիկ ունի, տղաներից մեկը Կոթիում առանձին է ապրում, վերջինիս ընտանիքը զբաղվում է անասնապահությամբ եւ հողագործությամբ: Լուսիկ Աբովյանը Կոթիում բնակվում էր իր 77-ամյա ամուսնու հետ: Ֆելիքս Մելիքյանն ասաց, որ Լուսիկ Աբովյանի՝ Ադրբեջանում գտնվելու մասին իրեն հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցը: Գյուղապետը հայտնեց, որ Լուսիկ Աբովյանը մտավոր եւ հոգեկան խնդիրներ չունի: Մեր տեղեկություններով՝ Լ. Աբովյանը մոտ երկու տարի առաջ արյան բարձր ճնշման պատճառով սայթաքել-ընկել է, որից հետո բուժվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում: Ինչո՞ւ պետք է բարեկամի տնից պանիր վերցրած Լուսիկ Աբովյանը հայտնվեր այդ տեղից մոտ երկու կիլոմետր հեռավորությամբ գտնվող հայ-ադրբեջանական սահմանում, նա ինչպե՞ս է հատել սահմանը, որ հայ սահմանապահները չեն նկատել: Նա՞ է հատել սահմանը, թե՞ ադրբեջանական զինուժը դիվերսիա է իրականացրել: Այս հարցերի պատասխանները կիմանանք, երբ Լուսիկ Աբովյանը վերադառնա Հայաստան: Կոթին շատ երկար՝ 38 կիլոմետր սահման ունի Ադբեջանի հետ, եւ ադրբեջանական դիվերսիան չի կարելի բացառել: Նշենք, որ 2015թ. հունվարի 11-ին ադրբեջանական զինուժը դիվերսիա կատարելով՝ Կոթիի հարակից՝ Ոսկեվան գյուղի սահմանագոտում սպանեց Ոսկեվանի 79-ամյա բնակիչ Սերյոժա (Հրանտ) Սարգսյանին, ով գյուղի ծայրին ոչխար էր արածեցնում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ԿԼՈՒԾԱՐՎԻ
«Ինֆորմատիկայի կենտրոն «ՀՊ-ինֆո» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով առաջիկայում կստեղծվի լուծարման հանձնաժողով: Ըստ ՀՀ մշակույթի նախարարության տրամադրած տեղեկության՝ այս ընկերությունը 2007 թվականից գործունեություն չի ծավալել, պետբյուջեի միջոցներից չի ֆինանսավորվել, չունի իրեն ամրացված անշարժ գույք, տրանսպորտային եւ այլ հիմնական միջոցներ: Այն հիմնականում պետք է ապահովեր ՀՀ պատմության եւ մշակույթի հուշարձանների ճյուղային պետական կադաստրի մշակումը եւ վարումը, որի անհրաժեշտությունը ներկայում չկա, քանի որ նշված գործառույթներն իրականացնում է նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը: Ի դեպ, տեղեկացնենք, որ ընկերությունն ունի 376 հազար 181 դրամի չվճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարի պարտավորություն: Իսկ ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո այլ պահանջների իրավունքները կվերապահվեն ֆինանսների նախարարությանը:

 

 

ԷԼԷՆԵՐԳԻԱՅԻ ԳՈՂԸ ԿՊԱՏԺՎԻ
Վերջին շրջանում նկատվում են էլեկտրական էներգիայի ապօրինի սպառման դեպքեր: Սակայն ապօրինի սպառած էլեկտրական էներգիայի քանակության որոշումը համապատասխան նորմատիվ ակտի բացակայության պատճառով ՀՀ-ում հնարավոր չէ: Այսինքն՝ Հայաստանում ներկայիս օրենսդրությամբ էլեկտրաէներգիայի գողը գող չի համարվում: Բանն այն է, որ էլեկտրաէներգիայի ապօրինի սպառելու դեպքում չկա որեւէ իրավական նորմ, չափանիշ, որով հնարավոր կլինի հաշվարկել գողացածը: Եւ այս բացը լրացնելու նպատակով ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն ու «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նախագիծ են մշակել, որը հնարավորություն կտա կարգավորող մարմնին եւ շահագործող կազմակերպությանը էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկի ժամանակ տարանջատել անխուսափելի կորուստներն այլ կորուստներից, վերականգնել ապօրինի սպառման հետեւանքով կրած վնասները: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ ՀԷՑ-ի առաջարկած նախագիծը կառավարությունը նոյեմբերի 12-ի նիստում կհաստատի:




Լրահոս