«Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի երգչուհի Եվա Եգանյանը, ով այժմ Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամբլում աշխատում է որպես մեներգչուհի, հերթական տեսահոլովակն է պատրաստել իր երկրպագուների համար: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է իր արվեստը հանրայնացնելու ուղիներից, անդրադարձել Հայաստանի եւ սփյուռքի հանդիսատեսի առանձնահատկություններին:
-Եվա՛, Ձեր վերջին տեսահոլովակը նկարահանվել է Շերամի «Սերից էրված» երգի հիման վրա: Հետաքրքիր է` ինչու՞ է Ձեր ընտրությունը կանգ առել հենց այդ գործի վրա, եւ արդյոք հասցրե՞լ եք սիրուց «էրվել» :
-Չէ, չեմ «էրվել» (ծիծաղում է), այս եւ մյուս դեպքերում ես պարզապես ընտրում եմ երգեր, որոնք մոտ են իմ սրտին…
-Սկզբում դասական երգեր եք կատարել, հետո էստրադային, ավելի ուշ ընտրել եք ժողովրդական երգը: Այդ անցումն ինչո՞վ էր պայմանավորված:
-Ժողովրդական երգն ունի դարավոր պատմություն, ես այդ երգի միջոցով ասելիք ունեմ աշխարհին. դա է իմ արվեստն ու մշակույթը: Անցումը, ոչ, դժվար չէր, դե, իսկ «Ժողովրդական երգիչ» նախագիծը հող նախապատրաստեց այդ ուղուն հասնելու համար:
-Ո՞ր դեպքում կհամաձայնեք նորովի մատուցել ժողովրդական երգը եւ ո՞ր դեպքում կհրաժարվեք դա անել:
-Ես կողմ եմ գուսանական, ժողովրդական երգերը ժամանակակից մոտեցմամբ գործիքավորելուն, բայց դեմ եմ մեղեդին աղավաղելուն եւ երգը բոլորովին ուրիշ մաներայով ներկայացնելուն: Կան երգեր, որոնք ինքս մտադիր եմ մատուցել ժամանակակից գործիքավորմամբ, օրինակ` հենց Շերամի «Սերից էրված»-ը, Աշուղ Խայաթի «Սարի աստղիկ»-ը, դրանք կներառվեն իմ առաջիկա ձայնասկավառակում: Իհարկե, իմ CD-ում տեղ կգտնեն նաեւ Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամբլի, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի նվագակցությամբ երգեր:
-Հանրության շրջանում կա տարածված կարծիք, ըստ որի՝ ժողովրդական երգի սիրահարների թվում գերակշռող մաս են կազմում մեծահասակները: Դուք ի՞նչ կասեք:
-Դա թյուր կարծիք է, ինձ հաճախ փողոցում մոտենում են երեխաներ, ասում են, որ շատ են սիրում ինձ, ժողովրդական երգը: Այնպես որ, այսօր այդ կարծրատիպը կարծես կոտրվում է: Ես կարծում եմ, որ ինքս կարող եմ, այսպես ասած, դահլիճ լցնել եւ ծրագրում եմ մենահամերգ ունենալ ձայնասկավառակիս շնորհանդեսից հետո:
-Ի՞նչ եք կարծում` ինչ է հարկավոր անել, որպեսզի ժողովրդական երգը մարդիկ լսեն, օրինակ, ժամանցային վայրերում, երիտասարդները ականջակալներով ունկնդրեն նաեւ այս ժանրի երգեր, որպեսզի այն հաճախակի հնչի ռադիոյով եւ հեռուստատեսությամբ:
-Ամենաարդյունավետ ուղին ինձ պես երիտասարդների աշխատանքն է. նրանք պետք է պրոպագանդեն, տարածեն ժողովրդական երգը, հասու դարձնեն մարդկանց: Օրինակ` ժողովրդական երգի ներքո էլ կարելի է հարսանիքների ժամանակ պարել, ուրախանալ, ես ներկա եմ գտնվել միայն ազգային նվագարաններով հարսանիքի, եւ այն ինձ շատ դուր է եկել:
-Մասնակցել եք շատ համերգների թե՛ Հայաստանում, թե՛ հայրենիքի սահմաններից դուրս: Եթե համեմատելու լինենք այստեղի եւ սփյուռքի հանդիսատեսին, ի՞նչ բնորոշիչ գծեր կառանձնացնեք:
-Հայաստանցի հանդիսատեսը, անշուշտ, շատ ջերմ է, բայց ունի որոշակի ամբիցիաներ, զսպում է իր էմոցիաները, մի փոքր կոմպլեքսավորված է, իսկ սփյուռքում նման բան չկա: Իհարկե, նրանց դեպքում խոսում է կարոտը, բայց սփյուռքահայերը եթե ուզեն, քո ելույթից հետո կգան, կբարձրանան բեմ, քեզ կգրկեն, կասեն, որ սիրում են. մեզ մոտ նման բան չկա: Հիշում եմ` 2013-ին ԱՄՆ-ում համերգի էինք, դահլիճը ծափահարությունից պարզապես պայթում էր, մեզ հետ պարում էր, մեզ ուժ ու էներգիա էր փոխանցում…Դրանք աննկարագրելի զգացումներ էին…
-Եվա՛, եթե չեմ սխալվում, Դուք երաժիշտների ընտանիքից եք: Կպատմե՞ք այդ մասին:
-Այո, հայրս ակորդեոնահար Բորիս Եգանյանն է, իսկ եղբայրս` Հովսեփ Եգանյանը, հարվածային գործիքներ է նվագում, ի դեպ, նա նվագակցել է «Սերից էրված» երգին: Մենք նաեւ առաջիկայի ծրագրեր ենք կազմում, ուզում ենք համատեղ ձայնագրություններ անել, հեռահար նպատակներ ունենք, տեսնենք` ինչպես կստացվի…
«ԱԲՈՐԻԳԵՆԻ ԴԵՐՈՒՄ ԱՐԵՑԻ ԲԱՆԵՐ, ՈՐ ԵՐԲԵՎԻՑԵ ՉԷԻ ԱՐԵԼ…»
Դերասանուհի Ելենա Բորիսենկոյի երկրպագուներն առաջիկայում ուրախանալու կրկնակի առիթ կունենան. նոյեմբերին կկայանա նրա մասնակցությամբ «Որոգայթ», իսկ դեկտեմբերին` «Արամմա» ֆիլմերի պրեմիերաները:
««Որոգայթ» ֆիլմում ես խաղացել եմ գլխավոր դերակատարի կնոջ դերը: Իմ կերպարի ասելիքն այս ֆիլմում բավական շատ էր: Երբ խոսվում է ֆիլմի մասին, մարդկանց թվում է, թե նույնանուն սերիալը վերածվել է կինոնկարի, այնինչ պահպանվել է միայն հիմքը: Ֆիլմը երկու ժամանակագրական գիծ ունի` գլխավոր հերոսի երիտասարդությունն ու ներկան: Ներկան ու անցյալն այստեղ գալիս եւ միքսվում են»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Ելենան: Ի դեպ, «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմի ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է:
Իսկ, ահա, երկրորդ ֆիլմը, որում հանդես է գալու դերասանուհին, շատ է տարբերվում առաջինից: «Արամմա»-ն արկածային կինոկատակերգություն է, որի ռեժիսորը Կարեն Բաբաջանյանն է: Այն մի տղայի եւ վայրի ցեղից մի աղջկա սիրո պատմություն է` ուղեկցվող զվարճալի իրադարձություններով: «Այստեղ ես խաղացել եմ աբորիգենի դեր, գլխավոր հերոսուհու մոր կերպարը, ով միանգամից նկատում է , թե ինչ է կատարվում հերոսի ու իր դստեր միջեւ: Սա ժանրային առումով ինձ համար նորություն էր, ես արեցի բաներ, որ երբեւիցե չէի արել (ծիծաղում է): Ֆիլմում մենք խոսում ենք նոր պայմանական լեզվով, որը նմանեցրել ենք հայերենին, որպեսզի այն հասկանալի լինի լսարանին: «Արամմա»-ն նկարահանվել է Լաստիվերում, մենք շուրջ 15 օր ապրել ենք այնտեղ: Ցուրտ էր, լույս չկար… Շատ խոչընդոտներ ենք հաղթահարել: Սկզբում մենք մտածում էինք` ինչպես անենք, որ աբորիգենների պես կեղտոտենք մեր եղունգները, իսկ վերջում արդեն չգիտեինք, թե ինչպես մաքրվեինք դրանից»,-պատմեց Ելենան` հավելելով, որ ուրախ է էքսպերիմենտի դիմելու համար:
Նշենք, որ նոր ֆիլմում նկարահանվել են նաեւ Գոռ Հակոբյանը, Անդրանիկ Հարությունյանը, Մարիամ Ադամյանը, Ժաննա Բուտուլյանը, Արթուր Մանուկյանը, Արսեն Օհանջանյանը, ինչպես նաեւ` Ինդիրա Ռեյեսը՝ Կուբայից:
Ի դեպ, Ելենան իր մասնակցությունն ունի նաեւ «Սահմանին» նոր բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմում եւ շարունակում է խաղալ «Ուրիշի հոգին» սերիալում:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԹԱՆԿՅԱՆԻ ԿԻԹԱՌԸ` 27.000 ԴՈԼԱՐ
Ամերիկյան հայտնի System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանին պատկանող կիթառներից մեկը հանվել է աճուրդի ու վաճառվել 27.000 դոլարով։ Այս մասին տեղեկանում ենք երաժիշտի ֆեյսբուքյան էջից, որտեղ նշվում է նաեւ, որ հատուկ պատվերով պատրաստված կիթառն ինքն օգտագործել է Wake Up The Souls համաշխարհային շրջագայության ժամանակ:
Ինչպես հայտնի է՝ խմբի բոլոր 4 անդամների ստորագրությունները կրող գործիքի վաճառքից ստացված ողջ գումարը փոխանցվելու է «Օրրան» բարեգործական հիմնադրամին։
ԷԳՈՅԱՆԻ ՖԻԼՄՆԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԻ
Արգենտինական Մար դել Պլատայի կինոյի միջազգային փառատոնում կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Հիշիր» ֆիլմը արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը` հղում անելով Telam պարբերականին, 30-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին Մար դել Պլատայի «Աուդիտորիում» թատրոնում, որին ներկա են գտնվել ինչպես մրցույթի նախագահ Խոսե Մարտինես Սուարեսը, Արգենտինայի կինոյի եւ արվեստի ազգային ինստիտուտի նախագահ Լուկրեսիա Կարդոսոն, այնպես էլ հայտնի դերասաններ եւ իշխանության ներկայացուցիչներ:
Օսկարակիր Քրիստոֆեր Պլամմերի եւ Մարտին Լանդաուի մասնակցությամբ «Հիշիր» ֆիլմը պատմում է «Օսվենցիզմի համակենտրոնացման ճամբարի» տարագիրներից մեկի վրեժի մասին:
Ինչպես ինքը՝ Էգոյանը, բազմիցս նշել է` ֆիլմն արտացոլում է նաեւ Հայոց ցեղասպանության ցավն ու տառապանքը:
ՔԱՐԴԱՇՅԱՆԻՆ «ԲՌՆԵՑՐԵԼ ԵՆ»
«Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի աստղ Քլոե Քարդաշյանը, չնայած տարածված լուրերին, վերջերս հայտարարել էր, որ մտադիր չէ վերականգնել իր հարաբերությունները Լամար Օդոմի հետ, ով ավելի վաղ Նեվադայի մի անառականոցում ունեցած «արկածներից» հետո ընկել էր կոմայի մեջ: Հիմա նա աստիճանաբար ապաքինվում է Լոս Անջելեսի հիվանդանոցում: Քլոեն Լամարին երկու շաբաթ խնամելուց հետո հոկտեմբերի վերջին Հյուսթոնում այցելել էր «Հյուսթոն Ռոքեթս» թիմի խաղին: Այդ թիմում խաղում է նաեւ Ջեյմս Հարդենը:
Վերջինիս հետ Քարդաշյանին «բռնեցրել են» նաեւ Հոլիվուդում՝ գիշերային ակումբում, որտեղ նրանք միասին ժամանակ են անցկացրել, թեեւ հաստատությունից դուրս են եկել առանձին-առանձին` հավանաբար խուսափելով հնարավոր խոսակցություններից: