ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Ազգային ժողովում
Երեկ խորհրդարանի արտահերթ նիստում Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն ու Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ներկայացել էին շատ բարձր տրամադրությամբ: Վերջիններս միմյանց ջերմորեն բարեւեցին, չնայած այն հանգամանքին, որ հայրենի օրենսդիրներն այլեւս նույն ճամբարում չեն գործում:
ՀԱՐՑ. Ես 75 տարեկան եմ եւ ստանում եմ կենսաթոշակ բանկային քարտի միջոցով: Վերջերս ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, որի համաձայն՝ ամեն տարի պետք է թոշակ ստացողները ներկայանան բանկ, որպեսզի կատարվի նույնականացում՝ ստուգելու համար թոշակ ստացողն արդյո՞ք հենց նույն մարդն է, թե ոչ: Այս պահին ես ապրում եմ աղջկաս տանը: Տեղեկացա, որ պահանջում են ներկայանալ բանկ, որպեսզի իրենք համոզվեն՝ արդյո՞ք թոշակ ստանում եմ, թե ոչ: Մտադիր եմ եւս մի քանի ամիս բնակվել աղջկաս տանը, բայց չգիտեմ՝ այս պարագայում ի՞նչ կարող եմ անել: Խնդրում եմ ասեք՝ թոշակառուի ինքնությունը պարզելու որեւէ այլ մեթոդ չկա՞: Ի՞նչ անեմ:
Սիրարփի Հայրապետյան (75 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ՝ նախորդ տարվա ընթացքում բանկ ներկայանալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ եւ հայտարարություն ստորագրել ՀՀ-ում լինելու մասին:
Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ սահմանված կարգով բանկ չներկայանալու եւ հայտարարությունը չստորագրելու դեպքում կենսաթոշակի վճարումը դադարեցվում է: Օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակի վճարումը վերսկսվում է սահմանված կարգով հայտարարությունն ստորագրելու մասին բանկից տեղեկատվություն ստանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե այդ տեղեկատվությունն ստացվել է կենսաթոշակ վճարելը դադարեցնելու ամսվանից սկսած՝ 12 ամսվա ընթացքում:
շարունակելի
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պետական բյուջեից ֆինանսավորվող տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք՝ իր ընտրությամբ: Ի դեպ, անձին սոցիալական կենսաթոշակ չի նշանակվում, եթե նա ունի սույն օրենքով սահմանված աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ուսման վճարի փոխհատուցման ծառայություններից օգտվելու համար ի՞նչ պայմաններ են գործում:
Ռիմա Գեւորգյան (38 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինչպես պետական, այնպես էլ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններ, որոնք իրականացնում են բարձրագույն եւ հետբուհական հիմնական կրթական ծրագրեր, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրեր, հանրակրթական հիմնական ծրագրեր (բացառությամբ՝ մասնագիտացված եւ հատուկ ծրագրերի): Սոցիալական փաթեթի ուսման վճարի ծառայության համար փոխանցում կարելի է իրականացնել միայն վերոհիշյալ կրթական ծրագրերի դեպքում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ուսման վճարից կարող է (են) օգտվել աշխատողը եւ (կամ) աշխատողի անմիջական ընտանիքի անդամը (անդամները): Նշենք նաեւ, որ սոցիալական փաթեթում ընդգրկվում են հետեւյալ կրթական ծրագրերն իրականացնող պետական եւ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունները՝
1) բակալավրի, մագիստրոսի, հետազոտողի կրթական ծրագրեր. 2) նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր. 3) հանրակրթական հիմնական ծրագրեր (բացառությամբ մասնագիտացված եւ հատուկ ծրագրերի):