Փարիզի ահաբեկչությունից ողջ մնացած աղջիկը՝ Իզաբել Բոդերին, ուղերձ է հղել ողջ մարդկությանը:
Ահաբեկչություններից մեկ օր անց աղջիկը Facebook սոցցանցի իր էջում հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է ողբերգության մանրամասները, ինչպես նաև կոչ արել պայքարել ահաբեկիչների դեմ:
«Ես երբեք չեմ մտածել, որ նման բան կարող է տեղի ունենալ: Պարզապես ուրբաթ օր էր, մենք հավաքվել էինք ընկերներով: Մենք այնքան երջանիկ էինք, պարում էինք, ծիծաղում, դա հրաշալի երեկո էր: Նույնիսկ այն ժամանակ, երբ համերգասրահ ներխուժեցին մարդիկ և սկսեցին կրակել, մենք մտածեցինք, թե դա շոուի մի մասն է, իսկ ընկնողները մարդիկ են, ովքեր մահացած են ձևանում: Սակայն հետո մենք ամեն բան հասկացանք…»,-գրում է Իզաբելը:
Ողջ մնալու համար նա մահացած է ձևացել, սակայն խոստովանել է, որ այդ պահին չի հասկացել, թե ինչ է անում: Աղջիկը մնացել է զոհվածների մարմինների վրա մոտ կես ժամ՝ փորձելով աննկատ շնչել և չլացել:
«Ողջ կյանքս կհիշեմ այդ մարդասպանների անմարդկային դեմքերը: Անմեղ մարդկանց մահը նրանց ոչինչ չտվեց, պարզապես աշխարհում չարիքն ավելացավ: Նրանք չեն կոտրի և չեն վախեցնի մեզ: Նրանք կենդանիներ են, մենք՝ մարդիկ»,-հավելում է ահաբեկչության ականատես աղջիկը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան