Կոռուպցիայի դեմ պայքարի հանրային ճակատի ձևավորումը` առաջնային խնդիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է գտնվել Ծաղկաձորում մեկնարկած «Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքարը» խորագրով համաժողովին, որն իրականացվում է ՀՀ ԿԳՆ, Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի համատեղ նախաձեռնությամբ: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում շեշտել է, որ կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերը համակարգված բնույթ են կրում. «Կրթության ոլորտը ներգրավված լինելով կառավարության հակակոռուպցիան ռազմավարության մեջ՝ դիտվում է կարևոր թիրախային բնագավառներից մեկը:

Պետությունը մշակում և ակնկալում է համալիր ծրագրեր՝ հիմնված միջազգային փորձի վրա: Կրթական համակարգում կոռուպցիոն ռիսկերն առկա են, և դրանք վտանգում են կրթության համակարգի արդյունավետ գործունեությունը՝ նախևառաջ կրթության որակի, արդյունավետության և մատչելիության տեսանկյունից: Առաջիկա երեք տարիների համար այժմ մշակվում է ծրագիր, որտեղ նախատեսում ենք մասնակից դարձնել նաև հանրային կառույցներին, շահագրգիռ կազմակերպություններին ու կրթության իրական շահառուներին: Այս ծրագրի հիմնական նպատակը կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական իրական պահանջ ձևավորելն է»,- նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասին հանրային պատկերացումները չափազանցված են՝ դրանց մասին ավելի շատ խոսվում է, քան դրանք կան: Նախարարի խոսքով՝ բոլոր սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասին տեղեկացվածության մակարդակը մի քանի անգամ գերազանցում է կոռուպցիոն գործընթացներին մասնակցության մակարդակից, որն այս պահին լուրջ մարտահրավեր է ԿԳՆ-ի համար:

«Բարեփոխումների այն հսկայական գործընթացը, որն իրականացվում է, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում, չի կարող հաջողությամբ պսակվել, եթե չնվազեցվի կոռուպցիան ռիսկերի մակարադակը»,- նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ առաջնային խնդիրներից մեկն էլ կոռուպցիայի դեմ պայքարի հանրային ճակատի ձևավորումն է: Նախարարի խոսքով` կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր թիրախներից մեկն էլ բուհերի ֆինանսավորման բազմազանեցումն է, որտեղ լուրջ առաջընթաց առայժմ չկա:

Մյուս խնդիրը` սովորողների բարձրագույն կրթություն ստանալու մոտիվացիան է. «Քանի դեռ կա ուսանողության մի հատված, որը շահագրգիռ է այլընտրանքային մեխանիզմներով քննություններ ստանալու հարցում, չի գնահատում գիտելիքի ստացման անհրաժեշտությունը և չի առաջնորդվում այն աքսիոմատիկ ճշմարտությամբ, որ ապագայում գիտելիքն է լինելու իր բարեկեցության հիմնաքարը, այդքան ժամանակ մենք ունենալու ենք մշտական պայքար՝ ցածր արդյունավետությամբ: Ուսանողության ներգրավումը հակակոռուպցիոն պայքարի մեջ լրջագույն պրոբլեմ է, քանզի ամենամեծ ուժը, որ կարող է օգնել առավել արագ արմատախիլ անել կոռուպցիան՝ դա նախևառաջ ուսանողությունն է: Իհարկե, նաև պետք է ընդունել, որ խնդիրը նաև օրենսդրական անկատարությունների ու վատ իմաստով ձևավորված ավանդույթների ու բուհական կառավարման մեջ է»,- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ կոռուպցիոն երևույթների պատճառները բազմաբաղադիչ են:

Ա. Աշոտյանը նաև նշել է, որ պայքարը նաև որոշակի արդյունք է ապահովել, մասնավորապես, ըստ “Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն”-ի ավանդական հետազոտության տվյալների, որտեղ ներկայացվում է կոռուպցիայի մակարդակը տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, կրթության ոլորտը դուրս է մնացել «առաջատար եռյակից» և չի ներառվել երեք ամենակոռումպացված ոլորտների շարքում. «Մեզ համար վերջնական ձեռքբերումը կլինի այն, որ հասարակության կողմից ընդհանրապես կրթության ոլորտում կոռուպցիայի ռիսկեր չդիտարկվեն»,- եզրափակելով նշել է նախարարը և հավելել, որ Արևմտյան Եվրոպայի երկրների կոռուպցիայի դեմ պայքարի փորձը Հայաստանի համար կարող է օգտակար լինել:

Համաժողովին ելույթ է ունեցել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: ԵՄ դեսպանի խոսքով՝ վերջին հետազտությունները փաստել են, որ Եվրասիական տնտեսական միության երկրների շարքում կրթության ոլորտի կոռուպցիան Հայաստանում գտնվում է համեմատաբար ցածր մակարդակի վրա:




Լրահոս