ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն արդեն վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որպես այո-ի քարոզարշավի շտաբի պետ, հանձնարարել է իրականացնել ամբողջ քարոզչությունը, իսկ ինքն այս ժամանակահատվածում կատարելու է իր նախագահական պարտականությունները: Նշենք, որ «Ժողովուրդ»-ը դեռեւս հոկտեմբերին տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանը քարոզարշավին չի մասնակցելու, այլ հետեւելու է դրա ընթացքին` կարգավորումներն անելով ոչ հրապարակային ձեւով:
-Պարո՛ն Շարմազանով, մինչ օրս հայտնի չէ, թե ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ի՞նչ ձեւաչափով է մասնակցելու այո-ի քարոզարշավին: Մինչեւ այսօր Սերժ Սարգսյանը որեւէ քարոզարշավ չի իրականացրել, չնայած այն հանգամանքին, որ հենց նա է նախաձեռնել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:
-Ես՝ որպես գործադիր մարմնի ներկայացուցիչ, շաբաթներ առաջ տեղեկացրել եմ, որ նախագահի կողմից հանձնարարվել է շտաբի պետ Հովիկ Աբրահամյանին ձեւավորել շտաբ եւ կազմակերպել այո-ի քարոզարշավը, ինչն էլ վարչապետը օրենքով սահմանված կարգով իրականացրել է, իսկ պարոն նախագահն իրականացնում է Սահմանադրությամբ իր վրա դրված լիազորությունները եւ սահմանափակվում դրանով:
-Արդյո՞ք առանց Սերժ Սարգսյանի մասնակցության Ձեր քաղաքական թիմը կարողանալու է իրականացնել այնպիսի քարոզարշավ, որը լինի Սերժ Սարգսյանի «սրտով»:
-Քարոզչությունը մենք միայնակ չենք իրականացնելու, յուրաքանչյուր շտաբ ե՛ւ նախկինում, ե՛ւ այսօր, ե՛ւ, համոզված եմ, ապագայում էլ շաբաթը մեկ անգամ, երբ գործադիր մարմնի նիստ է անցկացնում, բնականաբար, կուսակցության առաջնորդին ներկայացնում է իրականացված ծրագրերը, առաջարկություններ անում: Ցանկացած կարեւորագույն հարց քննարկվում է կուսակցության առաջնորդի հետ, այդպես է եղել միշտ, երբ ես եղել եմ Մարգարյանի /ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի Ս. Գ./ շտաբի ղեկավար, այդպես է եղել, երբ եղել է պառլամենտական շտաբը, նախագահական շտաբը: Գործադիր մարմնի նիստերի ընթացքում շտաբի պետը, նրա տեղակալները, բնականաբար, տարբեր քարոզչական հարցերի շուրջ նաեւ զեկուցում են կուսակցության առաջնորդին, լսում նրա կարծիքը: Սերժ Սարգսյանը հանրապետության նախագահն է, ու ինքն այժմ իրականացնում է իր վրա դրված պարտավորությունները` լիազորությունների ամբողջ ծավալով:
-Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ՀՀԿ-ում նաեւ հստակ սահմանված է, թե ովքեր կարող են այո-ի շտաբից տեսակետ ներկայացնել, մասնակցել քննարկումներին, ու դա որոշում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Ինչո՞ւ եք նման սահմանափակումներ մտցրել:
-Ես նման բան չեմ նկատում, Դուք, օրինակ, պառլամենտում տեսնո՞ւմ եք, որ որեւէ մեկը կաշկանդված է, կամ որեւէ մեկը չի ցանկանում խոսել: Ես չեմ նկատել գոնե մեր ֆրակցիայում որեւէ պատգամավորի, ով չի ցանկանում խոսել կամ խուսափում է իր դիրքորոշումը հայտնելուց: Սա քաղաքական քարոզարշավ է, ու, բնականաբար, կան մարդիկ, ովքեր պատասխանատու են այդ քարոզարշավի համար, դա այդպես էլ պետք է լիներ՝ կարգապահությունն առաջին գործոններից մեկն է, որը պետք է օժանդակի արդյունավետությանը: Բնականաբար, կլինեն նաեւ մարդիկ, ովքեր կուղորդեն, թե Սահմանադրության որ կետերի վրա պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել, որ հատվածի վերաբերյալ պետք է զրուցել հասարակության հետ, ես այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում: Յուրաքանչյուրն իր ձեւով է քարոզչությունն իրականացնում, որտեղ որեւէ կերպ չի խախտվում օրենքը: Մենք անում ենք այն ամենը, ինչը օրինական է:
-Բայց արդյո՞ք ՀՀԿ-ն գոհ է այն քարոզարշավից, որն իրականացվում է, քանի որ տեսակետ կա, որ այո-ի քարոզարշավի համար որեւէ բան չի արվում, կարելի է ասել՝ գրեթե քարոզչություն չի իրականացվում:
-Ես կարծում եմ, որ գոհն ու դժգոհը կերեւա արդեն դեկտեմբերի 6-ին: Ես չէ, որ պետք է լինեմ գոհ կամ դժգոհ, ես ասել եմ իմ կարծիքը, որ ամեն ինչ պետք է որոշի ՀՀ քաղաքացին՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի օրը: Մեզ համար շատ կարեւոր է երկու հանգամանք՝ քաղաքացիներին հասցնել այն առավելությունները, որոնք ունի բարեփոխված Սահմանադրությունը, երկրոդն էլ՝ իրականացնել նորմալ, ժողովրդավարական չափանիշներին համապատասխան հանրաքվե: Այսինքն՝ պետք է լինի այնպես, որ որակի վրա որեւէ կասկած չլինի, ու դա է նաեւ պատճառը, որ հանրապետության առաջնորդը Մադրիդում ԵԺԿ գագաթնաժողովում տարբեր կառույցների հրավիրեց դիտորդական առաքելություն իրականացնելու հանրաքվեի ընթացքում: Այսինքն՝ իշխանությունը՝ նախագահի գլխավորությամբ, ամենաառաջինն է շահագրգռված, որ հանրաքվեն անցնի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ նոր Սահմանադրությունը ակնհայտորեն ավելի ժողովրդավարական է, քան գործողը, ու աբսուրդ կլիներ, որ ժողովրդավարությանը տանող նոր Սահմանադրությունը անցներ ոչ ժողովրդավարական ճանապարհով:
-Սակայն ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունն արդեն իսկ սկսել է ընտրակեղծիքների նախապատրաստման գործընթացը…
-Մեծ ցանկության դեպքում անգամ չի կարելի հայտարարել, որ ընդդիմությունն այդ տեսակետին է, որովհետեւ ակնհայտ է, որ պառլամենտի ճնշող մեծամասնությունը կողմ է սահմանադրական բարեփոխումներին: Ընդդիմության մեծամասնությունը կողմ է այս փոփոխություններին:
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԷԼ ԵՆ ՆԵՐԳՐԱՎԵԼ, ԻՍԿ Ս. ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ ՇԱՏ ԲԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզում սահմանադրական հանրաքվեի հետ կապված հստակ «բաժանումներ» են արվել. ընտրատեղամասերը բաշխվել են գյումրեցի պատգամավորների միջեւ, որոնք պետք է հետեւեն դրանց աշխատանքներին ու ձայներ ապահովեն՝ հօգուտ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների: Արդեն իսկ պատգամավորները լծվել են աշխատանքի: Մեր տեղեկությունների համաձայն՝ այդ «բաժանումների» պատճառով Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին շատ քիչ «գործ» է մնում անել, ինչից ենթադրելի է, որ Ս. Բալասանյանը հայտնվել է «խաղից դուրս» վիճակում:
Հայտնի է, որ ՀՀ վարչապետ, այո-ի քարոզարշավի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է բոլոր ՀՀԿ-ականներին ու «անկախ» պատգամավորներին ընտրատեղամասերը բաժանել միմյանց միջեւ: Ըստ մեր տեղեկությունների՝ Գյումրիում այդ բաժանումն արդեն տեղի է ունեցել, եւ անգամ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին են ընտրատեղամաս «տվել»: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Ղուկասյանին հանձնարարել են «զբաղվել» ընդամենը երկու ընտրատեղամասով: Նշվում է, որ դա էլ արվել է միայն նրա համար, որպեսզի Ղուկասյանն իրեն «վատ» չզգա եւ համարի, որ իշխանությունն իրեն դեռեւս «պահում» է իր շարքերում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին եւս մի քանի ընտրատարածք են վստահել: Բանն այն է, որ հենց այդ տարածքներում են ապրում Ս. Ավետիսյանի ընտանիքն ու հարազատները, ինչի պատճառով էլ այդ «մայլեն նրան են «հանձնել»: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը եւս պարտավորություններ է ստանձնել:
Իսկ, ահա, ԱԺ ԲՀԿ խմբակցությունում ընդգրկված, բայց դե ֆակտո անկախ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Գյումրիում ամենաշատ ընտրատեղամասեր ունեցող անձն է, նրան վստահել են 30-ից ավել «տարածքներ»: Մ. Գրիգորյանը եւս այո-ի քարոզարշավն է իրականացնելու` կատարելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությունները:
Ինչ վերաբերում է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ապա այս անգամ իշխանությունները նրա հույսին շատ ընտրատեղամասեր չեն թողել՝ հաշվի առնելով նախագահական վերջին ընտրությունների ժամանակ Ս. Բալասանյանի գրանցած խայտառակ արդյունքները:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՆՎԱԶԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին գարեջրի արտադրության ծավալները նվազել են 13.8 տոկոսով: Բացի այս՝ նվազել են նաեւ կոնյակի արտադրության ծավալները՝ 9.1, եւ օղունը՝ 7.3 տոկոսով: Սրան զուգահեռ աճել է գինու արտադրության ծավալները՝ 5.2 տոկոսով: Տեղեկացնենք, որ այս տարվա սկզբից Հայաստանից դեպի Ռուսաստան սկզբում ապրանք գրեթե չէին արտահանվում, իսկ այս տարվա երկրորդ կեսից արտահանումը մի փոքր սկսեց տեղից շարժվել, սակայն դրանից իրավիճակը առանձնապես չփոխվեց: Ինչպես հայտնի է՝ Հայաստանից դեպի Ռուսաստան հիմնականում արտահանվում էր կոնյակ, իսկ վերջին տարիներին ավելացել էր նաեւ գարեջուրը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՐՈՒՍՏԸ
Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31-ամյա դատավոր Արթուր Ստեփանյանը, որը անցած տարվա դեկտեմբերի 24-ին է նշանակվել դատավոր, չնայած իր երիտասարդ տարիքին, եւ գործարար չլինելու հանգամանքին, բավական հարուստ է: Նախորդ տարվա ընթացքում, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, նրա դրամական միջոցները կազմել են 58 հազար դոլար եւ 7 մլն 400 հազար դրամ: Սակայն նրա ամսական աշխատավարձը եղել է ընդամենը 53 հազար դրամ, այսինքն՝ նվազագույն աշխատավարձի չափով: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երիտասարդ դատավորը դատաիրավական համակարգում բավական ազդեցիկ հարազատներ ունի: Օրինակ՝ նրա մորեղբայրը ավագ քննիչ է՝ Գեւորգ Ադամյանը, իսկ հորեղբայրը՝ Վարդան Ստեփանյանը, Կոտայքի մարզի դատարանի նախագահն է, ով 1999 թվականից մինչեւ 2002 թվականը զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության պետի պաշտոնը: Թերեւ այլեւս զարմանալի չէ, որ մարդը նվազագույն աշխատավարձի չափով վարձատվող աշխատանք կատարելուց հետո դարձել է դատավոր:
«ԷՅՐ ԱՐՄԵՆԻԱՅԻՆ» ԿՐԿԻՆ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
«էյր Արմենիա»-ն հերթական անգամ հայտնվել է ՀՀ ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014 թվականի նոյեմբերին «էյր Արմենիա» ՓԲԸ-ի անունով մինչեւ 2015 թվականի հուլիսի 31-ը հայտարարագրվել է «ԱՆ-12» ինքնաթիռի շարժիչ, որն ավելի ուշ առանց հետադարձ հայտարարագրման հետ է վերադարձվել «Roland Aviation» ընկերությանը: Արդյունքում կազմվել է «էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի կողմից մաքսային կանոնները խախտելու մասին արձանագրություն, որի հիման վրա նա ենթարկվել է վարչական տույժի՝ 50 հազար դրամի չափով: