«ԴԵՐԱՍԱՆԸ ԾԱՓՈՎ ՈՒ ԾԱՂԻԿՈՎ ԱՐԴԵՆ ԿՈՒՇՏ Է…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանն այս տարի հասցրել է նկարահանվել մի քանի ֆիլմերում եւ առաջիկայում հանդիսատեսին նորովի ներկայանալու առիթներ կունենա: «Ժողովուրդ»-ը նրա հետ զրուցել է թատերական աշխարհում եւ կինոոլորտում տիրող մթնոլորտից: Վ. Հակոբյանն անդրադարձել է նաեւ արեւմտահայերենը պահպանելու խնդրին, խոսել փողի եւ փառքի հետ դերասանի հարաբերությունների մասին:

-Պարո՛ն Հակոբյան, այժմ ի՞նչ նախագծերում եք ընդգրկված, Ձեզ նոր կերպարներում կտեսնե՞նք:
-Այո՛, վերջին շրջանում նկարահանվել եմ ռեժիսոր Լեւոն Մինասյանի հայ-ֆրանսիական «Բրավո, վիրտուոզ» ֆիլմում` դիրիժոր պապիկի դերում: Ֆիլմի հիմքում դասականի եւ ռաբիսի կոնֆլիկտն է. այն պատմում է փողային նվագախմբի մասին, որն անհրաժեշտ է պահպանել ռաբիսի «գերակայության» պայմաններում: Մինչ այդ հասցրել եմ նկարահանվել Հրաչ Քեշիշյանի` չորս մասից բաղկացած մարտաֆիլմում, որի պրեմիերան եղավ Մոսկվայում: Ընդգրկվել եմ նաեւ Վահե Սայանի «Բախտաբեր» գեղարվեստական ֆիլմում` խաղալով դատավորի դերը:
-Դուք նկարահանվել եք մի շարք հայկական ֆիլմերում («Մորգանի խնամին», «Խաթաբալա», «Կարինե», «Երկունք», «Ժայռ», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» եւ այլն), շփվել եք անվանի ռեժիսորների հետ, նստել-վեր կացել Սոս Սարգսյանի, Մհեր Մկրտչյանի պես արտիստների հետ: Հիմա, աշխատելով այսօրվա մթնոլորտում, հոգու սով չե՞ք զգում:
-Ձեր նշած արտիստներից առաջ էլ կային Վահրամ Փափազյանը, Ավետ Ավետյանը, Հրաչյա Ներսիսյանը. կինոյի աշխարհը նրանց ձեռքում էր: Հետո եկավ Սոսի, Խորենի, Ֆրունզիկի սերունդը: Այս համաստեղությունները, սակայն, միանգամից գնացին, եւ նրանցից հետո եկողները չկարողացան պահպանել այդ նշաձողը: Աղավնիներ կան, որ թռչում, գնում, լավ աղավնիներին համոզում են, բերում իրենց բները. այս երեւույթը, կարծես, տեղի չի ունենում: Այդ հոգու սովը, որ ասում եք, բնական է, որ կա, բայց միեւնույն ժամանակ նկատելի է, որ այսօրվա դերասանն էլ ունի իր ասելիքը: Այսօր շատ շնորհալի երիտասարդներ ունենք, որոնք ճիշտ են զգում իրենց անելիքը:
-Պարզապես եթե նախկինում դերասանները զբաղված էին միայն թատրոնում եւ կինոյում, այսօր կան ժամանակ ու էներգիա սպառող սերիալները…
-Դրանց որակը ժամանակի ընթացքում բարձրանում է: Ուղղակի սերիալների մեջ կրկնողություն կա. բոլոր սերիալներում պետք է լինեն զենքի, հիվանդանոցի եւ գերեզմանի տեսարաններ. այս երեք օբյեկտներն են գործում: Բայց դաշտն աստիճանաբար մաքրվում է, պրոֆեսիոնալներն այլեւս չեն խաղում ոչ պրոֆեսիոնալների հետ. սա եւս նկատելի է:
-Եղել եք Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը, լավ տեղյակ եք թատրոնի առջեւ ծառացած խնդիրներից: Ի՞նչ եք կարծում` ի՞նչն է պատճառը, որ այսօր թատրոններում կատարվող բեմադրությունները հազվադեպ են մեծ մասսայականություն ունենում:
-Ժողովուրդը վճարունակ չէ, երեւի չի կարողանում դիտել, օրինակ, պրեմիերաները: Մենք ունենք հաջողված դերակատարներ, ինչու ոչ` նոր սոսեր ու խորեններ են առաջ գալու, պարզապես դեպի դրամարկղ գնացող թատրոնը երբեք զարգացում չի ապրի: Այդ ընթացքում ինչ-որ կարեւոր բան կորչում է: Այսօր դերասանն այստեղից այնտեղ է թռչում, որ մի քիչ գումար հայթայթի, իսկ այս երեւույթը կվերանա, եթե նրա վարձատրությունը բարձրանա:
-Նախկինում շատ էին բեմադրվում նեկայացումներ` արեւմտահայերենով, իհարկե, այսօր էլ են նման փորձեր արվում, սակայն միեւնույն է՝ կա մտավախություն, որ արեւմտահայերենը երբեւէ կարող է մղվել երկրորդ պլան… Ինքներդ հայրենադարձ լինելով` ի՞նչ կարծիք ունեք հայերենի այս ճյուղը պահպանելու վերաբերյալ:
-Մենք երբեք չպետք է մոռանանք արեւմտահայերենը. դա քաղցր ու բեմական լեզու է` դերասանին շատ օգնող շեշտադրությամբ, ասելիքով: Արեւմտահայերենը պետք է մատուցենք որպես դելիկատես: Ժամանակին մենք արեւմտահայերենով ռադիոբեմադրություններ էինք անում, որոնք ժողովուրդը շատ էր սիրում: Օրինակ՝ խաղում էինք Օտյանի «Միջնորդ տեր պապա»-ն, որը զուգադիպում էր «Արարատ-73»-ի խաղերի հետ. հանդիսատեսը չէր կողմնորոշվում` ֆուտբոլն ընտրի, թե մեր ներկայացումը…
-Եվ վերջում` ի՞նչ եք կարծում` ի՞նչ «հարաբերությունների» մեջ պետք է լինի դերասանը փողի եւ փառքի հետ:
-Ես երբեք ոչ մի հարուստ դերասան չեմ տեսել. տեսել եմ ապահովված արտիստ: Փողի հանդեպ մոլուցքն այնպիսի հիվանդություն է, որ երբեք չպետք է մտնի դերասանի հոգու մեջ: Դերասանը ծափով ու ծաղիկով արդեն կուշտ է… Իսկ փառքը գալիս է նրա վաստակի, կատարած աշատանքի հետ. փառքի համար չեն պայքարում: Բոլոր դերասանները չեն, որ պետք է կոչումներ ստանան, հասնեն փառքի… Կա հրաշալի դերասան, որ էպիզոդներում է խաղում, դրա համար ասում են` փոքր դերեր չկան, կան փոքր դերասաններ…

 

 

 

 

«ՉԵՄ ՀԱՍՑՆՈՒՄ ՆԿԱՏԵԼ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻՆ»

Վերջին շրջանում «Խաղ իմ կանոններով», «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմերից եւ մի շարք հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Լիա Զախարյանը չի երեւում էկրաններին: Նա ամիսներ առաջ աշխատանքի է անցել «21TV» հեռուստաընկերությունում` որպես մարկետոլոգ։ Լիան «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ինքը պարզապես չի հասցնում նկարահանվել, փոխարենը հանդես է գալիս նոր ներկայացման մեջ, այն կոչվում է «Մենք եւ մոխրոտը» (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն): Լիան մարմնավորում է բարի փերուն:

«Խոստանում եմ, սակայն, որ առաջիկայում կներկայանամ բոլորովին նոր կերպարով, ինչպիսին հեռուստադիտողներն ինձ երբեք չեն տեսել: Նրանք սովոր են ընկալել ինձ ակտիվ, հումորային կերպարներում, եւ սա կլինի նորություն` երկարատեւ «արձակուրդ»-ից հետո: Կարծում եմ` ցանկացած դերասան պետք է որոշակի ընդմիջում վերցնի, որպեսզի իր նախկին կերպարները մոռացվեն, եւ հանրությունը պատրաստ լինի ընդունել նրան նորովի»,-ասաց Լիան:
Դերասանուհու խոսքով` իրեն տարբեր առիթներով առաջարկել են հաղորդում վարել, սակայն ինքը չի համաձայնել. «Երբ ես տեսախցիկի առջեւ եմ, փորձում եմ հոգեվիճակ փոխանցել, խաղալ, իսկ հաղորդավարուհու կերպարն ինձ շրջանակների մեջ է դնում»,-մեկնաբանեց դերասանուհին:
Մենք Լիային հիշեցրինք շուրջ մեկ տարի առաջ «Ժողովուրդ»-ի հետ ունեցած զրույցում նրա արած խոստովանություններից մեկը, ըստ որի՝ դերասանուհին դեսպան դառնալու մեծ ցանկություն ուներ. «Ես չգիտեմ՝ ինչպես ստացվեց, որ չորս մասնագիտություն ունեցա` լեզվաբանի, դերասանուհու, դիվանագետի եւ մարքետոլոգի, բայց փորձում եմ աստիճանաբար հմտանալ դրանցում եւ ոչ մեկը չանտեսել: Եվ եթե ես հասել եմ այս ամենին, շուտով կհասնեմ նաեւ այն կետին, որին այսքան ժամանակ սպասում եմ` դեսպան դառնալուն: Ուղղակի այդ ուղին ժամանակատար է, իսկ աշխատանքը պահանջում է լուրջ մոտեցում: Շատ կուզենամ լինել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը. գուցե իմ այս ցանկությունը պայմանավորված է նրանով, որ իմ ամենասիրելի դերասանը` Բենեդիկտ Քեմբերբեթչը, բրիտանացի է (ծիծաղում է)»:
Մենք անդրադարձանք նաեւ դերասանուհու անձնական կյանքին` հարցնելով, թե արդյոք աշխատանքային սուղ գրաֆիկի պայմաններում դրա համար ժամանակ մնում է. «Ակտիվ աշխատանքի մեջ լինելով` չեմ հասցնում նկատել ինչ-որ մեկին, այնպես որ նորություններ չկան, լինելու դեպքում էլ Դուք չեք իմանա»,-ծիծաղելով եզրափակեց Լիան:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ԿՆՎԻՐՎԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ
Բուենոս Այրեսի «Կիրշներ» մշակութային կենտրոնում նոյեմբերի 14-ին կցուցադրվի արգենտինացի վիպասան եւ սցենարիստ Կլաուդիա Պինյեյրայի «Այն նույն կանաչ ծառը» ստեղծագործության հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը: «Այն նույն կանաչ ծառը» համեմատականներ է տանում Հայոց ցեղասպանության եւ Արգենտինայում վերջին բռնապետության ռեժիմի միջեւ: Այն պատմում է հայ ժողովրդի եւ արգենտինական հասարակության հանուն արդարության պայքարի մասին, որոնք երկուսն էլ ցեղասպանության զոհ են դարձել պատմության տարբեր փուլերում: Ստեղծագործության հիմքում որոշակիորեն ընկած են արգենտինահայ տատիկի հիշողություններ: Ներկայացումը կյանքի է կոչվել «Լուիզա Համբարյան» հիմնադրամի ջանքերով:

 

«ՏԱՐՎԱ ԿԻՆ»-Ը ԳԱԳԱՐԻՆԱՆ Է
Մոսկվայում տեղի է ունեցել Glamour ամսագրի «Տարվա կին» 11-րդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում գլխավոր մրցանակի է արժանացել երգչուհի Պոլինա Գագարինան։ Նշենք, որ այս «տիտղոսը» շնորհվում է նրանց, ովքեր ներշնչանքի աղբյուր են բազմահազար մարդկանց համար: Hello-ի փոխանցմամբ` «Ձայնը» հեռուստաշոուի ժյուրիի անդամն ուրախությամբ է ընդունել արձանիկը: «Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են, ովքեր երեկ գովեստի խոսքեր են ասել, իմ գագարինյաններին եւ բոլորին, ովքեր անտարբեր չեն իմ հանդեպ։ Կներեք, բայց այսօր ձեզ ռմբակոծելու եմ իմ լուսանկարներով եւ բոլորիդ շնորհակալություն եմ հայտնելու»,- գրել է երգչուհին սոցցանցի իր էջում։
Ի դեպ, «Տարվա կին» գլխավոր մրցանակին արդեն արժանացել են Իրինա Շեյքը, Միրոսլավա Դուման, Ալինա Կաբաեւան, Թինա Կանդելակին, Նատալիա Վոդյանովան եւ ուրիշներ։

 

ՀԱՂԹՈՂ` 3 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ
Africa got talent տաղանդների շոուի հաղթող է դարձել երեք տարեկան դիջեյ DJ Arch Jr-ը, որը շոուի ժամանակ ինքնուրույն ֆրիսթայլ է արել: The New Musical Express-ի փոխանցմամբ, տղայի իսկական անունն Օրաթիլվե Խլոնգվանեն է: Նրա հայրը՝ Գլեն Խլոնգվանենն է, ով նույնպես դիջեյ է ու նա է երեխային տարել այդ շոուին: Հայրիկի խոսքով՝ երաժշտություն ստեղծելու նախասիրությունը Օրաթիլվեի մոտ առաջին անգամ նկատվել է ընդամենը մեկ տարեկանում:

 

ՄՈՆՐՈՆ` 36 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
Էնդի Ուորհոլի հեղինակած Մերիլին Մոնրոյի դիմանկարը՝ «Չորս Մերիլին» կտավը, Նյու Յորքում կայացած Christie’s աճուրդում վաճառվել է 36 մլն դոլարով: Նույն աճուրդում 28.2 մլն դոլարով վաճառվել է Լուիզ Բուրժուայի «Սարդը» աշխատանքը. ի դեպ, այն դարձել է ռեկորդային հեղինակի համար: Լյուսեն Ֆրեյդի «Բրիգադիրը» աշխատանքն էլ վաճառվել է 34.8 մլն դոլարով:




Լրահոս