Մեկնարկեց հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 16-ից 22-ն աշխարհում մեկնարկում է հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնած հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային արշավին, որն անցնում է «Հակաբիոտիներ. կիրառել պատշաճ» կարգախոսի ներքո, առաջին անգամ միացել է նաև Հայաստանը:
Թեմայի շուրջ ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարություն, ԱՀԿ-ի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետներն անդրադարձան շաբաթի առաքելությանը, ինչպես նաև ակնկալվող արդյունքներին:

«Հակաբիոտիկների ճիշտ օգտագործման մասին պետք է տեղեկացված լինեն ոչ միայն քաղաքացիները, հիվանդները, այլև առաջին հերթին բժիշկներն ու դեղագետները»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:
Նրա խոսքով` մեկնարկած քարոզարշավի նպատակն է հանրության լայն շրջանում հակաբիոտիկների ճիշտ օգտագործման մասին տեղեկատվության տարածումը: Այս գործում իրենց կարևոր դերն ունեն նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները:
«Հակաբիոտիկների նշանակումը պետք է որոշվի անհատական մեթոդով: Մենք կոչ ենք անում կիրառել հակաբիոտիկներ միայն բժշկի ցուցմամբ»,- ընդգծեց Սերգեյ Խաչատրյանը:

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանի փոխանցմամբ` հաշվի առնելով հակաբիոտիկների ոչ պատշաճ կիրառմամբ պայմանավորված ռիսկերը և մեծապես կարևորելով այս թեման ԱՀԿ-ն որոշում է կայացրել մեկ շաբաթ նվիրել քարոզարշավի իրականացմանը:

«Քարոզարշավի կարգախոսն արտացոլում է այն փաստը, որ հակաբիոտիկները պետք է կիրառել միայն և միայն անհրաժեշտության դեպքում»,- ասաց մասնագետը:

Հակաբիոտիկները կարևոր և արժեքավոր ռեսուրսն են, այդ պատճառով ընտրված կարգախոսն արտացոլում է հակաբիոտիկների պատշաճ, միայն բժշկի նշանակմամբ օգտագործումը:

Ներկայումս լուրջ հիմնախնդիր է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն աճում է, իսկ ստեղծվող նոր հակամանրէային դեղերի թիվը շատ քիչ է:

Վարակիչ հիվանդությունները տասնամյակներ բուժելի են: Սակայն հակաբիոտիկների ոչ պատշաճ օգտագործումը նպաստում է դրանց նկատմամբ կայուն մանրէների առաջացմանը: Եթե չձեռնարկվեն միջոցներ, աշխարհը կթևակոխի «հետհակաբիոտիկային դարաշրջան», երբ մարդկությունը կունենա նոր ձևավորված դեղակայուն վարակներ, բայց չի ունենա անհրաժեշտ հակաբիոտիկներ, հետևաբար նշանակված բուժումը կդառնա անարդյունավետ:

ԱՀԿ-ի հաշվարկներով, եթե չիրականցվեն համապատասխան միջոցառումներ 2050 թվականին աշխարհում կգրանցվի տարեկան մոտ 10 մլն մահվան դեպք, իսկ տնտեսական վնասը կկազմի մոտ 100 տրլն դոլար:

ՀՀ ԱՆ Է.Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը նշեց, որ կարևոր խնդիրներից է նաև հակաբիոտիկների` դեղատներում ազատ, առանց դեղատոմսի վաճառքի սահմանափակումը: Նրա գնահատմամբ` այս, ինչպես նաև ոլորտում առկա այլ խնդիրնե կկանոնակարգվեն «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի ընդունմամբ:

Հակամանրէային դեղերի կայունության դեմ պայքարի ազգային պատասխանատու Քրիստինա Գյուրջյանի խոսքով` հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը նաև սննդի անվտանգության խնդիր է, քանի որ անասնաբուժության մեջ հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական նպատակներով, այլև կանխարգելման, իսկ որոշ երկրներում նաև աճը խթանելու համար և դեղակայուն մանրէները կարող են կենդանիներից անցնել մարդուն` սննդային շղթայի միջոցով:

«Միացի’ր աշխարհում առաջին անգամ անցկացվող հակաբիոտիկների մասին իրազեկման շաբաթի» նպատակն է երկներում անցկացվող քարոզարշավների միջոցով հանրության շրջանում բարձրացնել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության վերաբերյալ իրազեկումը: Բարձրաձայնել, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը համաշխարհային առողջապահության համար արդիական հիմնախնդիր է` հակաբիոտիկների պատշաճ օգտագործման շնորհիվ միայն հնարավոր կլինի պահպանել դրանց ազդեցությունը: Միաժամանակ, քարոզարշավի միջոցով անհատների, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտի մասնագետների, ինչպես նաև կառավարության ուշադրությունը կհրավիրվի հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի խնդրին, ինչը կնպաստի մոտեցումների փոփոխմանը:
Աշխարհի պետությունների միայն մեկ քառորդն այսօր ունի հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի ազգային ծրագրեր` ուղղված հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության խնդրին:

Կարևորելով հարցը` ՀՀ կառավարության կողմից 2015 թվականի հուլիսի 8-ին թիվ 32 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարությունը», որով և ՀՀ առողջապահության նախարարությունը միանում է ԱՀԿ-ի կողմից հայտարարված հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային արշավին:




Լրահոս