“Հրապարակը” գրում է. “ԲՀԿ-ից Սերժ Սարգսյանի երդմնակալությանը մեծ թվով ներկայացուցիչներ կային` շարքային, պաշտոնյա եւ պատգամավոր: Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսկաբեկյանը մեր հարցին՝ ինչո՞ւ չկա պարոն Ծառուկյանը, ասաց` կգա: Տեղեկացրինք, որ մեկնել է Մոսկվա, չի գա: Զարմացավ:
Մարտուն Գրիգորյանն ասաց. “Ծառուկյանից իմացեք, թե ինչու չի եկել, դա իր ցանկությունն էր”: Գուրգեն Արսենյանին՝ կարմիր գորգի վրայով առաջանալիս, հարցրինք. “Եվ դո՞ւ, Բրուտոս, մասնակցո՞ւմ եք”: Ասաց. “Եվ դո՞ւ, Կլեոպատրա, թույլ տվեք մասնակցել”:
Կարեւոր հյուրերը ներս էին մտնում կառավարական մուտքից: Լեւոն եւ Սաշիկ Սարգսյանները բոլորի հետ ընդհանուր դռնով եկան, տիկին Ռիտա Սարգսյանը՝ վարչապետի ու նրա տիկնոջ ուղեկցությամբ, կառավարական մուտքով: Ռոբերտ Քոչարյանի մուտքը մնաց “աննկատ”: Մինչ այդ լրագրողներին խնդրել էին բարձրանալ 7-րդ հարկ`”մոնիտորներով նայելու”:
Գորիկ Հակոբյանը նույնպես շատ վաղ էր եկել ու հեռախոսով անվերջ խոսում էր. “Ալլո, հա, նախագահ ջան, հա”: “Զորավար” Վովա Գասպարյանը չերեւաց, ասացին` կգա: Ինաուգուրացիայից հետո, ի տարբերություն նախորդ անգամներին, ֆուրշեթ չեղավ. շամպայն ու ՀՀ զինանշանով շոկոլադ էր: Բոլոր հյուրերը, շարք կազմած, մոտենում, շնորհավորում էին Սերժ Սարգսյանին, իսկ ժամը 2-ին բոլորով գնացին “Փարվանա”` արդեն “լրջով” նշելու առիթը: