ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԻ ԵՌԱՄՅԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

3 տարի առաջ այս օրը բոլորս շտապում էինք ընտրատեղամասեր` կատարելու մեր քաղաքացիական պարտքը. երկրի նախագահ էինք ընտրում: Չնայած յուրաքանչյուր ընտրության ժամանակ հայ հասարակությունը բախվել է ընտրակեղծիքներին, դաժան ապօրինություններին, բայց ամեն անգամ ընտրության գնալիս մտածում ենք, թե այս ընտրությունները նախորդներից տարբերվելու են: Բայց ընտրատեղամասերում հանդիպելով բութ դեմքերով սափրագլուխներին, իրենց խիղճը «մի քանի թումանով» վաճառած մանկավարժներին ու փողոցային թափթփուկներին, որոնք իրավիճակի տերն են իրենց համարում, դարձյալ խորը հիասթափություն ես ապրում: Այս պատկերի խտացված դրսեւորումներով ուղեկցվեցին նաեւ 2008-ի նախագահական ընտրությունները, որից հետո 10 մարդու կյանքի գնով, հարյուրավոր վիրավորների ու քաղբանտարկյալերի «վրայով» Սերժ Սարգսյանը համազգեստավորներով շրջապատված` «մենաստանում» հանդիսավոր երդվեց անձնվիրաբար ծառայել ժողովրդին: Ու այդ օրվանից սկսվեցին բացառապես իմիտացիոն գործընթացներ: Մի կողմից` Սերժ Սարգսյանը կոչ էր անում քանդել չհասկացվածության պատը, պատժել բոլոր բեսպրեդելշիկներին, մյուս կողմից` շարունակվում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների ունեզրկումն ու հետապնդումները: Իսկ քրեական տարրերն ու օլիգարխները, որոնք Սերժ Սարգսյանին «մատուցեցին» նախագահի աթոռը, շարունակում էին բարգավաճել ու ընդլայնել իրենց կարողությունները: Միայն վերջերս է իշխող կոալիցիայում «վեր խոյացել» «չհասկացվածության պատ», ինչը եւս երկար ժամանակ է Սերժ Սարգսյանը չի կարողանում քանդել: Նրա անկարողությունը դրսեւորվում է նաեւ տնտեսական ոլորտում` չհիմնավորված ու ձախողված հարկային, մաքսային քաղաքականությամբ, խայտառակ բանկային համակարգով եւ վերջապես, անկարողության «կնքահայր»` Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման շարունակականությամբ:Շախմատիստի իմիջով ներկայացող Սարգսյանը նախաձեռնողականություն ցուցաբերեց արտաքին քաղաքական ասպարեզում, բայց ձախողվեց նաեւ այդ ոլորտում, եւ այն հեռավոր երազանքը, թե Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու արդյունքում կարող է «Նոբելյան մրցանակ» ստանալ, մնաց միայն անհասանելի երազանք` թուրքերը շատ վատը դուրս եկան: Ու ընդհանրապես, պետք է նկատել, որ Սերժ Սարգսյանը, որպես «մոխրագույն կարդինալ», որն ակտիվ գործունեություն էր ծավալում Ռոբերտ Քոչարյանի օրոք, ավելի հզոր էր, ավելի ազդեցիկ ու կարող, քան հրապարակային քաղաքական դաշտում է` ՀՀ նախագահի կարգավիճակով: Իսկ վերջում, որպեսզի միայն վատատեսական տրամադրություններ չհաղորդենք մեր ընթերցողներին, առաջարկում ենք հոդվածը կարդալուց հետո մի անգամ «Հայլուր» դիտել` «քվիդ» լինելու համար:




Լրահոս