Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Օրբելի 33, Խաչատրյան 21 և 21ա շենքերի բնակիչների հետ միասին մասնակցել է հերթական բարեկարգ ու հարմարավետ բակերի հանդիսավոր բացման արարողությանը: Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրերի շրջանակում միայն Արաբկիր վարչական շրջանում շուրջ վեց տասնյակ բակեր են բարեկարգվել ու հանձնվել բնակիչների տնօրինմանը: Ծրագրի շրջանակում բակերը կահավորվել են նստարաններով, զրուցարաններով ու խաղային ատրակցիոններով: Բակային տարածքներն ապահովվել են նաև գիշերային լուսավորության ու ոռոգման նոր համակարգերով:
Բնակիչների հավաստմամբ բակերն անխնամ են եղել դեռ խորհրդային տարիներից սկսած: Նրանք իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին` մայրաքաղաքում օրեցօր ավելացող բարեկարգ բակերի ու Երևանը բնակիչների համար առավել հարմարավետ դարձնելու նպատակային ծրագրերի համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին մեկ անգամ ևս շեշետել է, որ քաղաքապետարանի տարեկան ծրագրերը կազմվում են հիմնականում հենց բնակիչների կողմից առաջադրվող առաջնահերթություններով, որոնց հիմքում նախ և առաջ դրված է հարմարավետ մայրաքաղաք ունենալու հիմնանպատակը:
«Յուրաքանչյուր տարի շուրջ 400 բակեր ենք հանձնում շահագործման ու, որ ամենակարևորն է, յուրաքանչյուր բակի բարեկարգման աշխատանքների ընթացքում բնակիչներն իրենց խորհուրդներով գործուն մասնակցություն են ունենում: Սա արդարացված աշխատաոճ է, քանզի այդ բակերը հենց նրանց համար պետք է լինեն հարմարավետ:
Օգտվելով առիթից` նաև պետք է իմ շնորհակալությունը հայտնեմ մեր համաքաղաքացիներին, որ շատ դեպքերում ինքնակամ հրաժարվում են իրենց զբաղեցրած տարածքներից, անգամ ավտոտնակներից, որպեսզի իրենց բակը ևս դառնա բարեկարգ ու ծառայի բոլորին», – նշել է Տարոն Մարգարյանը:
Կոմիտաս 65 հասցեում գտնվող շենքի բակային տարածքը ևս ամբողջությամբ բարեկարգվել է: Նախկին ավտոտնակների փոխարեն այստեղ հարմարավետ հանգստի գոտի է ձևավորվել՝ ապահովված անհրաժեշտ բոլոր պայմաններով: Բնակիչները նշել են, որ սիրով են արձագանքել քաղաքապետի կոչին ու հարմարավետ հանգստի գոտի ունենալու համար հիմնականում իրենց ձեռքերով են ազատել ինքնակամ զբաղեցված բոստանային ու ավտոտնակների տարածքները: Հարկ է նշել, որ 2015թ.-ի ընթացքում Արաբկիր վարչական շրջանում բակերի բարեկարգման նպատակով շուրջ 100 ավտոտնակ է ապամոնտաժվել:
Ընթացիկ տարում իրականացված ու դեռևս իրականացվող աշխատանքներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև Դավթաշեն վարչական շրջանում: Քաղաքապետը զրուցել է բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու տեղում մեկ անգամ ևս պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնել բնակիչների առաջարկներն ու նրանց ևս մասնակից դարձնել վարչական շրջանում իրականացվող ծրագրերին: