ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՈՒՆ ՍԿՍՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից կմեկնարկի սահմանադրական փոփոխությունների այո-ի եւ ոչ-ի քարոզարշավին նվիրված հեռուստատեսային «ռեալիթի շոուն»: «Արմնյուզ» եւ «Ա1+» հեռուստաընկերությունների ուղիղ եթերով կհեռարձակեն սահմանադրական փոփոխությունների դեմ եւ կողմ տեսակետները ներկայացնող քաղաքական գործիչների ու քաղաքացիական ակտիվիստների քարոզչությունը: Այս նպատակով ստեղծված խմբերը երեկվանից մեկնել են մարզեր, որտեղ 20 օր շարունակ նրանք պետք է քարոզչություն իրականացնեն: Ուղիղ եթերը լինելու է 12-14 ժամ, գիշերային ժամերին կլինի այդ օրվա կրկնությունը: Այս նախագիծը Հայաստանի հեռուստաեթերում նորամուծություն է:
Իհարկե, կարեւորագույն քաղաքական խնդիրը նման ձեւով հանրությանը ներկայացնելն ինքնին լավ նախաձեռնություն է, սակայն, ինչպես միշտ, այս անգամ էլ լավ գաղափարը կիսատության շղարշով է պատվել: Իսկ պատճառն այն է, որ հատկապես ոչ-ի ճակատը ներկայացնող հիմնական քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն համաձայնել այդ նախագծին մասնակցել: Այսպես՝ Հայաստանի հյուսիսային մարզերում քարոզչություն կիրականացնեն՝ այո-ի «թիմից» ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Սամվել Ֆարմանյանը, Մարգարիտ Եսայանը, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, ՀՅԴ-ական Արթուր Եղիազարյանը: Իսկ ոչ-ի խմբում են «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Վարդան Խաչատրյանը, «Հայազն»-ից Արմեն Մկրտչյանը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Նարեկ Այվազյանը: Հարավային մարզերում քարոզչություն կիրականացնեն այո-ից ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Վարդան Այվազյանն ու Կարինե Աճեմյանը, Սերժ Սարգսյանի մամուլի նախկին խոսնակ Արման Սաղաթելյանը: Ոչ-ի խմբում կլինեն ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, Թամարա Գեւորգյանը, Ազատ Արշակյանը եւ քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀԿ-ում քննարկել են հարցը, թե ինչպես պետք է հանրությանը ներկայացնեն սահմանադրական փոփոխությունների նախագիծը, այլ կերպ ասած՝ որոնք են այդ փաստաթղթի առավելությունները, որ պետք է իրենք քարոզեն: Մասնավորապես, ՀՀԿ-ականներին մտահոգել է այն փաստը, որ իրենք այժմ պետք է բոլորին համոզեն, որ խորհրդարանական կառավարումն ավելի ժողովրդավարական, ավելի լավ կառավարման համակարգ է: Սա այն դեպքում, երբ ընդամենը երեք տարի՝ 2012 թվականի ԱԺ ընտրություններից առաջ, ընդդիմությունը պահանջում էր անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, ՀՀԿ-ականները պնդում էին, որ այդ մոտեցումը պակաս ժողովրդավարական է, քան Հայաստանի ներկայիս կիսանախագահական կառավարման համակարգը: Երկար-բարակ քննարկելուց հետո ՀՀԿ-ականները հանգել են եզրակացության, որ սահմանադրական փոփոխությունները պետք է «գովեն՝» խուսափելով գործող Սահմանադրության վերաբերյալ բացասական արտահայտվելուց, որպեսզի գոնե իրենք իրենց չհակասեն:

 

 

 
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ նրա ազգականների մասնակցությամբ Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով, չնայած նախաքննությունն ավարտվել է, սակայն այն դեռ չի ուղարկվել դատարան: Ներկայումս կողմերը ծանոթանում են քրեական գործի նյութերի հետ: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 11-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարաձգել է մարզպետի եղբոր՝ Սերոբ Խաչատրյանի որդու՝ Մայիս Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը: Հիշեցնենք, որ Մայիս Խաչատրյանը շուրջ 4 ամիս հետախուզման մեջ գտնվելուց եւ մարզպետի որդու ազատ արձակվելուց հետո ինքնակամ ներկայացավ իրավապահներին: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա հրաժարվել է ցուցմունք տալ:

 

 

 
ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ վերջին շրջանում Հայաստանից հեռանում են ոչ միայն IT մասնագետները, այլեւ բժիշկներ: Նրա պնդմամբ՝ բժիշկները հիմնականում մեկնում են Գերմանիա, որովհետեւ այնտեղ նրանց ավելի բարեհաջող պայմաններ են առաջարկում: Միեւնույն ժամանակ, ըստ Մակարյանի, տարիներ շարունակ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների մի մասը այս տարի մնացել է Հայաստանում կամ գնացել-եկել է: «Իմ տեղեկություններով՝ վարորդները, ովքեր միաժամանակ ապրանքագետ էին աշխատում ՌԴ-ում եւ ապրանքներ էին խանութից մեկ այլ խանութ տեղափոխում կամ կազմակերպություններից դեպի խանութներ, նրանց մի մասը Հայաստան են վերադարձել: ՌԴ-ում աշխատող շինարարների մի մասն էլ է վերադարձել, քանի որ սանկցիաների պատճառով շինարարական ծրագրերի քանակը նվազել է: Բացի այս՝ այնտեղ որպես բանվոր աշխատողներն էլ են ՀՀ վերադարձել»,- ասել է Մակարյանը:

 

 

 
ՄՏԱՀՈԳԻՉ
ՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ Մոսկվայում Արցախի օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել ցնցող հայտարարությամբ. «Արցախը պատրաստակամ է մասնակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին, այն բանից հետո, երբ Ստեփանակերտի օդանավակայանը հանձնվի շահագործման, Ղարաբաղը պատրաստ կլինի քննարկել Ռուսաստանի հետ այս ենթակառուցվածքի օգտագործման շուրջ համագործակցության հարցը»: Համենայնդեպս, ԼՂՀ նախագահի խոսքերի հենց այսպիսի մեջբերում է ներկայացրել «Ռեգնում» լրատվական գործակալությունը, որտեղ էլ անցկացվել է մամլո ասուլիսը: Սա, ըստ էության, շրջադարձային հայտարարություն է, եւ եթե այն ներկայացված է առանց խեղաթյուրման եւ հանդիսանում է ԼՂՀ իշխանությունների պաշտոնական տեսակետը, ապա նշանակում է, որ ԼՂ հակամարտության հարցում տեղի են ունենում բեկումնային զարգացումներ, որոնք թեեւ առայժմ ամբողջովին տեսանելի չեն հանրությանը, սակայն դրանց արձագանքը երկար սպասեցնել չի տա:
Այսպիսով` ինչ է երեկ ասել Բ. Սահակյանը: Մի կողմից կարող է թվալ, թե միջազգային ահաբեկչության դեմ պայքարի պատրաստակամության քողի տակ նա փորձել է հող նախապատրաստել Ստեփանակերտի օդանավակայանի դե ֆակտո գործարկման համար, ինչը որերորդ տարին է` ձգձգվում է` տեխնիկական համալրման եւ անպատրաստ լինելու արդեն զավեշտալի պատճառաբանությամբ: Իրականում բոլորի համար էլ պարզ է, որ օդանավակայանի զինումը ամենավերջին սարքավորումներով եւ շարժակազմով վաղուց արդեն ավարտված է, եւ այն չգործարկելու միակ պատճառը ադրբեջանական սպառնալիքներն են` ԼՂ-ից թռչող օդանավերի խոցման վերաբերյալ: Մյուս կողմից ՌԴ-ին առաջարկելով օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը՝ Բ. Սահակյանն, ըստ էության, Պուտինի առջեւ բացում է ԼՂՀ տարածքը, ով իրեն ցանկալի պահին հակաահաբեկչական օպերացիաների իրագործման նպատակով Ստեփանակետի օդանավակայանը պարզապես կարող է վերածել ռուսական օդուժի ռազմաբազայի:
Արդոք ԼՂ-ի նախագահի այս հայտարարությունը համաձայնեցված է եղել ՀՀ իշխանությունների հետ, թե այդքան էլ անհիմն չեն լուրերն այն մասին, որ Բ. Սահակյանը վերջին շրջանում բավականին ուղիղ շփումների մեջ է ռուսական իշխանական թեւերից մեկի հետ եւ սկսել է դրսեւորել չափից ավելի ինքնուրույն վարքագիծ, այս պահին դժվար է միանշանակ ասել: Սակայն այն, որ վերջին օրերին նաեւ ՀՀ-ում են ընթանում շատ կարեւոր եւ միեւնույն ժամանակ մտահոգիչ զարգացումներ, ակնհայտ է: Թե՛ Ս. Լավրովի վերջին այցի շուրջ այս ամբողջ լրատվական արտահոսքերը, թե՛ դրանց հետեւած աննախադեպ արձագանքը՝ իշխանական տարբեր մակարդակներից, ընդ որում` ե՛ւ հայկական, ե՛ւ ռուսական կողմերից (երեկ տարածքների վերադարձի մասին խոսակցությունները հերքել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, ինչպես նաեւ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը), ցույց են տալիս, որ իրականում ԼՂ-ի շուրջ ինչ-որ կարեւոր մի բան է կատարվում, որին հակազդելու՝ ՀՀ-ի շանսերը շատ փոքր են:




Լրահոս