ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԵՎՈՍԻԿԻ ԸՆԿԵՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի հունիսի 19-ին Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի եւ Արշակունյաց պողոտայի խաչմերուկից ոստիկանություն էին բերման ենթարկվել քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանը՝ Կայարանցի Թեւոսիկը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի վարորդ Արմեն Ղարիբյանը, Կարեն Բագրատունյանը, որը առավել հայտնի է Սամբիստ Կարեն անվանմամբ եւ եւս մի քանի այլ անձիք: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, սակայն դատարանի առաջ կանգնեց միայն մեկը` Սամբիստ Կարենը:

Հիշեցնենք, որ այդ օրը ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման ենթարկված Թեւոս Սաֆարյանը եղել էր Բենթլի մակնիշի ավտոմեքենայով, նույն ավտոմեքենայում նրան ուղեկցել էր Կարեն Բագրատունյանը` Սամբիստ Կարենը, Հարություն Ալեքսանյանը, որն առավել հայտնի է Քանաքեռցի Հարութ անունով, Արմեն Ղարիբյանը, որը ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի վարորդն է, ինչպես նաեւ՝ Սաֆարյանին երեք այլ ավտոմեքենաներով ուղեկցող եւս յոթ անձ: Բերման ենթարկվածների անձնական խուզարկության արդյունքում՝ «Բենթլի» ավտոմեքենայի մեջ գտնվող, Կարեն Բագրատունյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել էր առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով: Նույն ավտոմեքենայի վարորդ Արմեն Ղարիբյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է եւս 1 հատ առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 5 փամփուշտով: Ուղեկցող անձանցից մեկի մոտ հայտնաբերվել է շագանակագույն չորացված զանգված:
Ավելի ուշ պարզվել էր, որ քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանը մտերիմ է ԱԺ պատգամավոր, Սեյրան Սարոյանի հետ եւ դեպքից օրեր առաջ Մոսկվայից Երեւան ժամանելով՝ պատգամավորից խնդրել էր նրա «Bentley»-ի ավտոմեքենան, որպեսզի մի քանի օր օգտագործի եւ միայն 6-րդ վարչություն բերման ենթարկվելուց հետո է պատգամավորն իմացել դեպքի կատարվածի մասին: Ինչեւէ, բերման ենթարկվածներից միայն կալանքի տակ հայտնվեցին Աժ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի վարորդ Արմեն Ղարիբյանը եւ Կարեն Բագրատունյանը` Սամբիստ Կարենը: Սակայն դեպքից մեկ ամիս անց՝ հուլիսի 21-ին, «կլորիկ» գրավի դիմաց պատգամավորի վարորդն ազատ արձակվեց: Այդ օրվա շոուն «կոտրվեց» Սամբիստ Կարենի գլխին: Իսկ մնացած մասնակիցները, ավանդույթի համաձայն, մնացին քրգործի լուսանցքներում:
ՀՀ քննչական կոմիտեն կալանքի տակ մնացած Սամբիստ Կարենին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգքրի 235-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված հանգամանքներում եւ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել եւ պահել կրակոցներ կատարելու համար պիտանի, գործարանային արտադրության 7.62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի, ջնջված համարով ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության 7.62 մմ տրամաչափի թվով 8 մարտական փամփուշտներ, որոնք հայտնաբերվել եւ առգրավվել էին: Եվ, ահա, երկու ամիս տեւած քննությունից հետո սեպտեմբերի 4-ին հարուցված քրեական գործը ուղարկվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Տեղեկացանք, որ քրեական հեղինակություն համարվող Թեւոսիկի ընկերը՝ Սամբիստ Կարենը, մինչեւ դատաքննությունը սկսելը, միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Նա հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, ինքն համաձայն է մեղադրանքի հետ:
Արդյունքում գործը նախագահող դատավորը՝ Մնացական Մարտիրոսյանը` տխրահռչակ Մացոն, հաշվի առնելով առկա նյութերը՝ հոկտեմբերի 19-ին վճռեց Կարեն Բագրատունյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում եւ դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով: Սամբիստ Կարենը պատիժը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվարկված է 2015թ. հունիսի 19-ից: Ստացվում է, որ Թեւոսիկի մտերիմը դեռեւս 7 ամիս էլ կմնա կալանքի տակ, եթե վաղաժամկետ ազատ արձակման հարց էլ չբարձրացվի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՁԵՐ ԻՆՉ ԲԱՆԻ ՊԵՏՔՆ Է
Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Գյումրիում սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ թվով այո-ներ ապահովելու նպատակով տեղի իշխանական վերնախավն «աշխատանքի բաժանում» է իրականացրել: Տեղամասերը հիմնականում բաժանվել են գյումրեցի պատգամավորների «միջեւ», եւ հենց նրանք պետք է ապահովեն անհրաժեշտ թվով այո-ները: Մեր տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասայանին եւս երկու տեղամաս են տվել, որ պարապ չմնա:
Գո՞հ է արդյոք Վարդան Ղուկասյանը. թեմայի շրջանակներում զրուցեցինք Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ:
-Ընդհանրապես ինչո՞ւ եք ուզում նման բաներ իմանալ:
-Դուք առաջին անգամ ընտրական գործընթացի եք մասնակցում Ձեր պաշտոնանկությունից հետո:
-Դուք վերահսկո՞ղ եք, որ ուզում եք իմանալ:
-Ինչո՞ւ, արգելված է, կա՞մ հույժ գաղտնի տեղեկություն:
-Ես զարմանում եմ` ինչո՞ւ Դուք պետք է իմանաք, Ձեր ինչ բանի պետքն է, որ Դուք իմանաք:
-Ցանկանում ենք իմանալ՝ ինչի դիմաց եք այո քարոզելու:
-Ես ընդհանրապես քաղաքականությամբ չեմ զբաղվում, հաջողություն, ցտեսություն:

 

 

ԱՆՀՆԱՐ ԲԱԺԱՆՈՒՄ
Երեկ՝ ժամը 13.20-ի սահմաններում, Իջեւանի Կայանավանի սահմանագոտում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Հայաստան վերադարձվեց Տավուշի մարզի Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանը: Կինը հայտնել էր, որ մառախուղի հետեւանքով է մոլորվել ու օրեր առաջ հայտնվել ադրբեջանական գյուղի մոտ, ինչի արդյունքում էլ ադրբեջանցի զինվորականները նրան բռնել են:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Տավուշի մարզի մարզպետ Հովիկ Աբրահամյանի հետ՝ հասկանալու համար` հնարավոր չէ՞ կոնկրետ քայլեր իրականացնել, ցանկապատ դնել, որպեսզի քաղաքացիները չմոլորվեն, չշփոթվեն ու չհայտնվեն հակառակորդի կողմում: Մարզպետի խոսքով՝ եթե տեսնենք այդ տարածքները, հաստատ կարծիք կհայտնեք` կարելի՞ է ցանկապատ կամ հնարավոր պատնեշ դնել, որպեսզի քաղաքացիները չհայտնվեն հակառակորդի սահմանում. «Այլ բան չեմ կարող ավելացնել, միայն կարող եմ ասել, որ սահմանային հարցերով, անվտանգության հետ կապված, դիմեք ՀՀ պաշտպանության նախարարությանը»: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը կդիմի պաշտպանության նախարարություն, եւ պատասխանները կներկայացնենք առաջիկայում:

 

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ
Սիրիական ճգնաժամը լուծելու համար Ռուսաստանը կոչ է անում նոր Սահմանադրություն նախագծել, որը Սիրիայում քվեարկության դնելուց հետո հնարավոր կլինի նաեւ վաղաժամ նախագահական ընտրություններ կազմակերպել:
Մոսկվայի առաջարկում որեւէ անդրադարձ չկա Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հեռանալու մասին, ինչը Արեւմուտքի հիմնական պահանջն է:

 

ԱՊՕՐԻՆԱԲԱՐ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդը երեկ հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ «Ընդդիմության միասնական շտաբի»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդման սաստկացումը ոչ միայն հանրաքվեի քարոզչության ամենակարեւոր եւ թեժ շրջանում ճակատի քաղաքական ու քարոզչական գործունեությունը խոչընդոտող եւ սահմանափակող ապօրինություն է, այլեւ արդեն միջազգային հանրության համար է տեսանելի դարձնում սահմանադրական փոփոխությունների եւ դրա հանրաքվեի գործընթացի լեգիտիմ չլինելու հանգամանքը»:

 

ՆՈՐ ՄԵԹՈԴԻԿԱՅՈՎ
Կառավարությունը երեկվա նիստում հաստատել է էլէներգիայի բաշխման համակարգում ապօրինի սպառման դեպքերում սպառված էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան: Այն կարգավորող մարմնին է եւ շահագործող կազմակերպությանը հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկի ժամանակ տարանջատելու անխուսափելի կորուստներն այլ կորուստներից եւ վերականգնելու ապօրինի սպառման հետեւանքով կրած վնասները:

 

ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՁԱՅՆԸ
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում քաղաքացիական բնակչության դեմ ծանր զինատեսակների կիրառման վտանգից եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների շուտափույթ հանդիպման հույս են հայտնում: Այս մասին ասված է ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Շան Մըք Լեոդի թվիթերյան գրառման մեջ, որը վերահրապարակել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 

ՊԵՏՔ ՉԷ ՓՈԽԵԼ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ձեւաչափը փոխելու փորձերը կխոչընդոտեն կարգավորման առաջընթացը։ Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկվող բանաձեւին՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը ներկայացնող միջնորդները ընդգծել են. «Մենք կարծում ենք, որ Մինսկի խումբը միջնորդական առաքելության բացառիկ փորձ ունի։ Մինսկի խմբի ձեւաչափը ընդունելի է կողմերի համար եւ վայելում է ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների լիարժեք վստահությունը։ Հաշվի առնելով բանակցությունների զգայունությունը՝ ձեւաչափը փոխելու փորձերը կամ զուգահեռ մեխանիզմների ստեղծումը կարող են խախտել բանակցային գործընթացը եւ խոչընդոտել կարգավորման առաջընթացը»։




Լրահոս