“Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ, Արմեն Մարտիրոսյանը այսօր հրավիրվել է Ոստիկանության Արաբկիրի բաժին՝ ապրիլի 9-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հասարակական կարգի պահպանության պարտականություններ իրականացնող իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ գործադրված բռնության կապակցությամբ նախապատրաստվող նյութերով բացատրություն տալու նպատակով, տեղեկացնում է Ոստիկանության կայքը:
Նշվում է, որ Ոստիկանության ծառայողների կողմից 2013 թ. ապրիլի 9-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հասարակական կարգի պահպանության պարտականություններ կատարելու ընթացքում նրանց օրինական պահանջներին չենթարկվելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով Արմեն Մարտիրոսյանը Ոստիկանության Արաբկիրի բաժին էր բերվել։
Ոստիկանության Արաբկիրի բաժնում Արմեն Մարտիրոսյանին բացատրվել են նրա իրավունքներն ու պարտականությունները, որից հետո նրա հրավերով Ոստիկանության Արաբկիրի բաժին է այցելել փաստաբան:
Ոստիկանության Արաբկիրի բաժնում Արմեն Մարտիրոսյանը ենթարկվել է պատշաճ բուժզննման, որի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել նրան ենթարկել ռենտգեն հետազոտության, ինչի համար նա տեղափոխվել է հիվանդանոց: