Երեկ Ազգային ժողովի դահլիճը դարձյալ կիսադատարկ էր: Նախօրեին նույնականացման քարտերով քվեարկության հնարավորություն տվող օրինագծի բուռն քննարկումից եւ քվեարկությունից հետո Աժ պատգամավորները երեկ գրեթե համատարած անտարբերություն էին դրսեւորել քննարկվող կարեւոր փաստաթղթերի նկատմամբ:
Ինչպես ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանի, այնպես էլ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի ելույթի ժամանակ հատուկենտ թվով պատգամավորներ տեսակետներ հնչեցրին՝ հարցեր ուղղելով կառավարության ներկայացուցիչներին: Սակայն, չնայած պատգամավորների սակավությանը, նախագծերի քննարկումը շարունակվեց:
Ելույթով հանդես եկած ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014 թվականի հունվարի 21-ին եւ 2014 թվականի հունիսի 11-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-2» վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ նախագահի կողմից ներկայացված նամակ-համաձայնագիրը: Առաքելյանի փոխանցմամբ՝ նախատեսվում է Ասիական զարգացման բանկի ընթացիկ կապիտալ ռեսուրսներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 170 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ:
Այնուհետեւ ելույթ ունեցավ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, ով ներկայացրեց 2015 թվականի մարտի 25-ին Պեկինում «Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ ստորագրված «Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին» շրջանակային համաձայնագիրը: Նա տեղեկացրեց, որ նախատեսվում է Հայաստանին տրամադրել 156 մլն չինական յուանի չափով արտոնյալ վարկ «Հայաստանի մաքսային կառավարման, տեխնոլոգիաների եւ սարքավորումների արդիականացման» ծրագրի համար: Միրումյանի խոսքով՝ վարկի մարման ժամկետը 20 տարի է, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի, տոկոսադրույքը՝ տարեկան 2 տոկոս:
Հիմնական զեկուցողի ելույթից հետո ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց՝ նախ ասելով, որ բոլոր վարկերն էլ վերցվում են բարի նպատակներով, բայց արդյունքում ավելանում է մեր երկրի պետական պարտքը, որն արդեն հատում է 5 միլիարդի շեմը: «Չեք կարծո՞ւմ, որ դա այլեւս դառնում է Հայաստանի համար ռիսկային շեմ», -հարցրեց Զոհրաբյանը:
Ի պատասխան՝ Միրումյանը նշեց, որ պետական պարտքի կառավարման տեսանկյունից ներկայումս կառավարության գործողություններն ավելի սահմանափակ են: «Կարեւոր է, թե հիշյալ վարկային ծրագրով ինչ է ակնկալվում՝ 10 անգամ կկրճատվեն այլընտրանքային ծախսերը, ինչն էլ իր հերթին, բարենպաստ կազդի տնտեսության վրա»,- նշեց նա:
ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանն էլ հավելեց, թե ՀՀ կառավարությունը երբեք հակապետական նպատակներով վարկ չի վերցնում եւ այս դեպքում էլ լուրջ հիմնավորումներ ունի: Իսկ ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը նշեց, որ ինչպես ընտանիքում է կինը մտահոգվում, երբ ընտանիքի պարտքերը շատանում են, այնպես էլ խորհրդարանում են իրենք մտահոգ այդ հարցով: Սակայն վերջինս կարծիք հայտնեց, որ այս վարկը այնքան էլ բացասական ազդեցություն չի ունենալու:
Հավելենք, որ բացի այս նախագծերից՝ քննարկվեցին նաեւ 2012 թ. դեկտեմբերի 19-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պահպանության փոխադարձ ապահովման մասին» 2004թ. հունիսի 18-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Արզուման Հարությունյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ արձանագրության նպատակը 2004 թվականի հունիսի 18-ին ստորագրված համաձայնագրում պայմանագրային բնույթի առանձին ձեւակերպումների եւ եզրույթների խմբագրական փոփոխություններ եւ լրացումներ կատարելն է:
Երեկ քննարկվեց նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի կողմից ներկայացվող 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր: «Համաձայնագրի նպատակը ՀՀ միջուկային անվտանգության ենթակառուցվածքները կատարելագործելն է, ինչպես նաեւ ՀՀ ատոմային էներգետիկայի օբյեկտներում միջուկային անվտանգության կայուն եւ բարձր մակարդակ ապահովելը»,- ներկայացրեց Գալստյանը:
Նշենք, որ քննարկված հարցերի քվեարկությունն արտահերթ նիստով կանցկացվի այսօր:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՇՏԱԲ ԿԱ, ԱՇԽԱՏՈՂ ԿԱ, ԻՍԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ ՈՉ
ՀՀ Շիրակի մարզի Փոքր Սեպասարի եւ Լեռնուտի գյուղապետերը ՀՀ սահմանադրական փոփոխությունների՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի պատճառով հայտնվել են անելանելի դրության մեջ: Բանն այն է, որ նշված գյուղերում ստեղծվել են շտաբներ, նշանակվել են աշխատողներ, իսկ թե ում միջոցներով նրանք պետք է վարձատրվեն, դեռեւս հայտնի չէ:
Լեռնուտի գյուղապետ Վարազդատ Բաղդասարյան
-Պարո՛ն Բաղդասարյան, Լեռնուտում հանրաքվեի նախընտրական շտաբ ստեղծվե՞լ է:
-Այո՛, ունենք:
-Աշխատողներ ունե՞ք:
-Այո՛, նրանք 5-ն են:
-Որքա՞ն աշխատավարձ են ստանալու, եւ ո՞ւմ միջոցներից է վճարվելու:
-Դա անորոշ է, չեմ կարող ասել, որովհետեւ այդ ամենից դեռ տեղյակ չենք, ես էլ հիմա գյուղում չեմ: Ծախսերի մասով դեռ լրիվ պատկերը մեզ հայտնի չէ:
-Եթե ՀՀԿ-ն չվճարի, գյուղապետարանը կհոգա՞ այդ ծախսերը:
-Ո՛չ, չենք կարող: Մեր գյուղապետարանի բյուջեն շատ սուղ է եւ միջոցներ չունի:
-Շտաբի համար ի՞նչ տարածք եք վարձել:
-Տուն ենք վարձել, պայմանավորվել ենք եւ օգտագործում ենք: Պետք է նայենք, ըստ պայմանավորվածության էլ կվճարենք:
Փոքր Սեպասարի գյուղապետ Ջիվան Բդոյան
-Պարո՛ն Բդոյան, Ձեր գյուղում նույնպե՞ս շտաբ կա:
-Այո՛, գյուղացիները գալիս են, մտնում են, շտաբ իրենց անուններն են ստուգում՝ ցուցակում կա-չկա: Բայց այո-ի եւ ոչ-ի խորաթա չկա:
-Տո՞ւն եք վարձել շտաբի համար:
-Դատարկ տուն ենք վերցրել: Խնդրել ենք, որ մեկ ամսով տան:
-Իսկ շտաբը աշխատո՞ղ ունի:
-Այո՛, ես էլ շտաբի նախագահն եմ, 3-4 հոգի էլ աշխատող ունեմ: Աշխատողներին էլ ասել եմ՝ այո-ի եւ ոչ-ի հետ գործ չունեք:
-Աշխատավարձերի չափը որոշվա՞ծ է:
-Նման բաներ դեռ չկան: Եթե նման բան լինի, լավ կլինի, Ձեզ էլ մաղարիչ կէնեմ: Առայժմ հասարակական հիմունքներով են աշխատում: Իրար հարեւան ենք:
-Իսկ աշխատողները վարձատրություն չե՞ն պահանջում:
-Դե, պահանջում են, բայց ես ասել եմ, որ գնան, իրենց տաք տեղերում նստեն, կոֆե խմեն ու մարդկանց հարցերին պատասխանեն, որ ժողովուրդը դժգոհ չմնա:
-Բայց գյուղի բնակիչները հետաքրքրվա՞ծ են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով:
-Միապաղաղ է ամեն ինչ: Իրենք իրենց տներում նստած են: Երբ ժամանակ ունեն, որ հետաքրքրվեն:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ
ՀԺԱՄ կուսակցությունը, հաշվի առնելով երկրի եւ հասարակության առջեւ ծառացած խնդիրները, սեփական ակտիվի պահանջներն ու հնարավորությունները, վերլուծելով գոյություն ունեցող քաղաքական, տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական, բարոյահոգեբանական խնդիրների լուծումների շուրջ քաղաքական դաշտում առկա անարդյունավետ մոտեցումները, հայտարարում է ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին:
Այսօր քաղաքական կուսակցություններն ակտիվորեն քննարկում են սահմանադրական բարեփոխումների փաթեթը, որի նկատմամբ ՀԺԱՄ կուսակցության անդամներն իրենց մոտեցումները հայտնել են դեռեւս 2001-ին՝ հայտարարելով, որ պառլամենտարիզմը միակ եւ արդյունավետ, դեպի իրական ժողովրդավարություն տանող կառավարման ձեւն է: Ցավոք, երկրի կառավարման համակարգի փոփոխության հարցի շուրջ տեսակետ հայտնելը, սեփական մտահոգություններն արտահայտելը դարձել են պիտակավորման առանցք: ՀԺԱՄ կուսակցությունը դատապարտում է պիտակավորման գործընթացը, տարիներ շարունակ պառլամենտական համակարգի առավելություններից խոսող կուսակցություններին կոչ անում քաղաքական դիվիդենդներ կորզելու նպատակով, չհրաժարվել սեփական ծրագրերից ու բացառել ապակառուցողական քայլերը: Փաստում ենք, որ անկախության տարիներից ի վեր Հայաստանը անվերադարձ լքել են շուրջ 1 մլն քաղաքացիներ, պետական պարտքը օրեցօր հասնում է ազգային անվտանգությանը սպառնացող չափերի, աղքատ է ՀՀ բնակչության մեկ երրորդը, գնաճը դարձել է առօրեական երեւույթ, տեղական կապիտալի արտահոսքի պատճառով մեծացել է գործազուրկների բանակը, տնտեսության մոնոպոլացման պատճառով նվազել է փոքր եւ միջին բիզնեսի դերը: Վերը նշված հիմնախնդիրներն առկա են եղել ՀՀ բոլոր իշխանությունների ու կառավարությունների օրոք, ինչն էլ հիմք է տալիս հերթական անգամ պնդելու, որ խնդիրների լուծման բանալին միայն համակարգային փոփոխություններն են: ՀԺԱՄ կուսակցությունը, լինելով համագործակցային արժեհամակարգ կրող քաղաքական ուժերից մեկը, առաջիկայում հանդես կգա նոր ծրագրով, նոր դեմքերով, խնդիրների լուծման նոր եղանակներով:
ՏԵՂԵՐԸ ԹԱՓՈՒՐ ԵՆ ԹՈՂԵԼ
ՀՀ ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները 2015 թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի համար ձեւավորված տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը կարող էին ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով ներկայացնել մինչեւ նոյեմբերի 11-ը` ժամը 18:00-ն: Սահմանված ժամկետում ՀՀ Աժ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ներկայացրել են իրենց հայտերը: ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ կողմից նշանակումներ են կատարվել հանրաքվեի բոլոր 1997 տեղամասային հանձնաժողովներում: «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակումներ չեն կատարվել 118 տեղամասային հանձնաժողովներում, իսկ ՀԱԿ կուսակցությունների դաշինքի կողմից` 245 տեղամասային հանձնաժողովներում: Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների անդամների թափուր տեղերը սահմանված կարգով եւ ժամկետներում կլրացվեն հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովների նախագահների կողմից: