Արդեն մի քանի ամիս է` ժամանցային հաղորդումների սիրահարները հնարավորություն ունեն դիտելու հերթական հայկական սիթքոմը` «Դոմինո»-ն, որի հերոսները հասցրել են «մտնել» մարդկանց տներ եւ հումորային իրավիճակներում հայտնվելով` ծիծաղ պարգեւել: «Ժողովուրդ»-ը զրուցել է սիթքոմի ամենատիպական հերոսներից մեկի` շեֆի ձեռքը կրակն ընկած մերսող Գարիկի, նույն ինքը` Դոկտորի դերակատար Մհեր Խաչատրյանի հետ: Վերջինս մեզ պատմել է իր կերպարի առանձնահատկությունների, նկարահանման ընթացքում եւ կադրից դուրս գրանցվող զվարճալի իրավիճակների մասին:
-Մհե՛ր, դերասանական կրթություն, համապատասխան փորձ չունենալով` ինչպե՞ս ստացվեց, որ համաձայնեցիք խաղալ սիթքոմում:
-Ես Երեւանի պետական համալսարանում եմ սովորել, արեւելագետ եմ: «Արմքոմեդի» նախագծում աշխատելու դեպքում էլ լրագրողական կրթություն չունեի, բայց երբ առաջարկողն այնպիսի մեկն է, ով քո նկատմամբ վստահություն ունի, դա արդեն բավական լավ մոտիվացիա է` ինքդ քեզ փորձելու համար: Ու չնայած որ սիթքոմում հանդես չէի եկել, «Արմքոմեդի»-ում աշխատելիս արդեն ծանոթ էի հումորային հաղորդման նրբություններին:
-Դոկտորի կերպարը մինչեւ հանդիսատեսին գրավելը Ձե՞զ ինչով գրավեց:
-Նա շատ բարդ հոգեբանություն ունի, ամեն իրավիճակում իրեն շատ տարբեր է պահում: Լավն այն է, որ Դոկտորն ընդհանրապես նման չէ ինձ. այդ հանգամանքն ավելի հետաքրքիր դարձրեց աշխատանքս: Նա գրավեց ինձ իր էքսցենտրիկությամբ եւ բնավորության բազմազան դրսեւորումներով:
-Իսկ Ձեր կերպարը ստանալիս կա՞ մի բան, որ դժվարանում եք փոխանցել էկրանից այս կողմ:
-Եթե, օրինակ, Միկան թեթեւ բնավորություն ունի, Նորիկն ավելի լուրջ է ու կշռադատված, ապա Գարիկը հստակ բնավորություն չունի. դժվար է միքսել նրա միջի հակասությունները: Իմ կերպարն, օրինակ, սիրում է կնոջը, բայց Միկայի` կնամոլությանն առնչվող որոշ դրսեւորումների կողմ է: Ես դեռ չեմ համարում, որ Դոկտորի կերպարն ամբողջացրել եմ:
-Օպտիկական ակնոց իրականում կրո՞ւմ եք, թե՞ դա կերպարային ատրիբուտ է:
-Ո՛չ, փառք աստծո, դեռեւս դրա կարիքը չունեմ: Մի փոքր գաղտնիք էլ բացեմ` ես իրականում մերսել չգիտեմ…
-Ձեզ համար որո՞նք են «Դոմինոյի» ամենածիծաղելի իրավիճակները:
-Ինձ համար գրեթե բոլոր տեսարանները ծիծաղելի են: Կարծում եմ` արծարծվող թեմաները հոգեհարազատ են հայաստանցիներիս. շատերն առնչվում են շտապ գումար ձեռք բերելու անհրաժեշտության խնդրին, աշխատանքային այն փոխհարաբերություններին, որոնք ներկայացված են: Դրանք ե՛ւ մոտ են իրականությանը, ե՛ւ գեղարվեստական թեթեւություն են պարունակում, որն ինձ շատ է դուր գալիս: Ակնդիրը սովորում է ավելի թեթեւ նայել իր խնդիրներին եւ հումորով մոտենալ ստեղծված դժվարին իրավիճակներին:
-Հաճախ լինում են դեպքեր, երբ դերասանները խուսափում են կողքից դիտել իրենց խաղը: Ձեր դեպքում այդպես եղե՞լ է: Այսպես ասած` ինքներդ Ձեզ հետեւո՞ւմ եք:
-Ինձ մոտ այդ բարդույթն առկա էր «Արմքոմեդի»-ում հանդես գալու սկզբնական շրջանում: Երեւի առաջին մեկ ամսվա ընթացքում հաղորդումները չէի դիտում. ձայնս տանել չէի կարողանում, հետո քիչ-քիչ հաղթահարեցի այդ կոմպլեքսը: Հիմա, օրինակ, սիթքոմը շատ հանգիստ դիտում եմ, որպեսզի սխալներս կարողանամ շտկել:
-Իսկ կադրից դուրս ի՞նչ հետաքրքիր դեպքեր են գրանցվում: Լինու՞մ է, որ ինքներդ չկարողանաք զսպել Ձեր ծիծաղը:
-Շատ են լինում նման բաներ, օրինակ` Մարգոյի կողմից հնչեցրած որոշ արտահայտություններից հետո առաջին դուբլում ծիծաղում եմ… Բնականաբար, մենք լուրջ ենք մոտենում մեր գործին, բայց կադրից դուրս էլ ուրախ ու ջերմ հարաբերություններ ունենք:
-Բայց երբեմն սիթքոմում Ձեր շեֆի` Մարգոյի դերակատարուհու եւ տղաների` Սոս Ջանիբեկյանի, Նարեկ Բավեյանի հետ չե՞ք վիճում (ծիծաղում ենք):
-Անկեղծ եմ ասում` ոչ: Դուք չեք պատկերացնի` որքան տարբեր են Մարգոն եւ նրա դերակատարուհին: Նա շատ դրական, լուսավոր մարդ է, չեմ պատկերացնում` ինչ իրավիճակում է հնարավոր նրա հետ վիճել: Տղաների հետ էլ կադրից դուրս շատ լավ հարաբերություններ ունենք, Նարեկի հետ, օրինակ, հաճախ բլոտ ենք խաղում:
-Եթե հետագայում էլ կատակերգական ժանրում հանդես գալու հաջող առաջարկ ունենաք, կընդունե՞ք: Որպես դերասան հանդես կգա՞ք, թե՞ կփոխեք ռակուրսը:
-Եթե նորմալ առաջարկ լինի, հասկանամ, որ լավ կանեմ աշխատանքս, անպայման կընդունեմ այն: Առաջիկայի ծրագրեր շատ կան, հիմա փորձում եմ մշակել դրանք: Ես նաեւ որպես հաղորդավար «Երեկոյան Երեւան» ծրագրի շրջանակներում շաբաթը մի քանի անգամ ուղիղ եթեր եմ դուրս գալիս, այնպես որ, փորձում եմ կատարելագործվել մի քանի տեսանկյունից:
ՎԵՐԱՊՐԵԼՈՎ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԴԵՊՔԵՐԻ ԷՄՈՑԻԱՆԵՐԸ
Մեր ժամանակակից պատմության վառ էջերից մեկի` Բաղրամյան պողոտայում այս տարվա հունիսի 22-ից հուլիսի 6-ը տեւած էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ հանրային բողոքի ցույցերի կարեւորագույն դրվագները երեկ «Ֆոտոլուր» լրատվական գործակալությունը եւ Հանրային լրագրության ակումբը ներկայացրին հանրությանը: «Ֆոտոլուրը» դա արեց լուսանկարների ցուցահանդեսի, իսկ Հանրային լրագրության ակումբը՝ փաստավավերագրական ֆիլմի տեսքով:
Նոյեմբերի 12-ին «#Electric Yerevan 2015» ֆոտոցուցահանդեսի շրջանակներում այցելուներին ցուցադրվեցին 70-ից ավել լուսանկարներ, որոնց հեղինակները գործակալության ֆոտոլրագրողներ Վահրամ Բաղդասարյանը, Հայկ Բաղդասարյանը, Հայկ Բադալյանը եւ Մխիթար Խաչատրյանն են: Նրանք ցուցահանդեսի միջոցով ստեղծել են յուրօրինակ մի ֆոտոակնարկ, որը բացառիկ է` նվիրված լինելով մեկ կոնկրետ իրադարձության: Լուսանկարները դիտողները կարող են ամբողջական պատկերացում կազմել, թե ինչ է տվյալ ժամանակահատվածում տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում, իսկ ովքեր եղել են այնտեղ, կարող են վերապրել իրենց էմոցիաները: Ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ նոյեմբերի 26-ը:
«Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների առաջին օրվանից ցուցահանդես կազմակերպելու մտահղացումն իրենց մոտ եղել է. «Իրադարձությունները տեւեցին երկու շաբաթ, եւ մենք այդ ընթացքում շարունակում էինք աշխատել 24 ժամյա ռեժիմով, այդպիսով` հավաքվեցին հազարավոր լուսանկարներ, որոնք ցանկացանք ցուցադրել հանրությանը: Ավելի վաղ համապատասխան ֆինանսներ չունեինք, եւ երբ դրանք ձեռք բերեցինք, անմիջապես իրականացրինք մեր նպատակը»,-ասաց նա:
Տնօրենի խոսքով` ներկայացված լուսանկարներից շատերը տպագրվել են արեւմտյան մամուլի էջերում, դժվարությամբ են արվել հատկապես ջրցանի օրվա ֆոտոները:
Լուսանկարիչ Հայկ Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում խոստովանեց, որ իրենք այդ օրերին շատ լարված են աշխատել. «Հատկապես առաջին օրը շատ հոգնած էինք, եղել են օրեր, որ 14 ժամ հաց չենք կերել: Սա մեծ իրադարձություն էր, որին հարկ գտանք անդրադառնալ»,-ասաց նա:
Բացի ցուցահանդեսից` նույն օրը տեղի ունեցավ Հանրային լրագրության ակումբի պատրաստած «#ElectricYerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Այն պատմում է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասին` ներառելով 20-ից ավել հարցազրույցներ ականատեսների, պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, իրավապահների եւ դեպքի վայրում աշխատած լրագրողների հետ:
Նշենք, որ ցուցահանդեսի կազմակերպմանը, «#ElectricYerevan» ֆոտոալբոմի տպագրությանն ու ֆիլմի պատրաստմանն աջակցել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
«Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը լրագրողների հետ զրույցում նոր մանրամասներ է հայտնել շոուին ներկայացնելիք մեր բեմադրության վերաբերյալ: Նրա խոսքով` բեմում բացի Միկայից՝ կլինեն նաեւ երեք աղջիկներ: Ինչ վերաբերում է Միկայի հագուստին, հեղինակը Արամ Նիկոլյանն է, որը աշխատել է նաեւ Միկայի տեսահոլովակում ներկայացված կերպարի վրա: Գոհար Գասպարյանը տեղեկացրել է, որ այս տարի մրցույթին կմասնակցի 17 երկրի պատվիրակություն. «Սա վկայում է, որ հակառակ տարածված թյուր կարծիքներին, մրցույթի վարկանիշը բարձրացել է»,- ասել է նա: Մեր պատվիրակը` Միկան, հանդես է գալու գունագեղ, ակտիվ, պարային շոուով. «Տպավորություններս շատ դրական են։ Այս տարի, վերջապես, երազանքս կատարվեց»,- նշել է երգիչը: Միկան մրցույթին կներկայանա Ավետ Բարսեղյանի եւ Լիլիթ Նավասարդյանի հեղինակած «Love» երգով։ «Մանկական Եվրատեսիլ 2015»-ը կկայանա նոյեմբերի 21-ին՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։
ՄԱՀԱՑԵԼ Է «ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԻԹԼԸ»
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում մահացել է բրիտանական The Beatles լեգենդար ռոք խմբի «Love Me Do» դեբյուտային սինգլի ձայնագրությանը մասնակցած թմբկահար Էնդի Ուայթը: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն։ Շոտլանդացին համարվել է, այսպես կոչված, «հինգերորդ բիթլը»։ Ուայթը մահացել է երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 9-ին, Քոլդուել քաղաքում գտնվող իր տանը։ 85-ամյա երաժիշտի մահվան պատճառ է դարձել գլխուղեղի կաթվածը:
ՄԻՍՏՐ ԲԻՆԸ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ Է
Կատակերգական դերերով հայտնի դերասան Ռոուեն Ատկինսոնը` նույն ինքը` Միստր Բինը, 24 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել է կնոջից` Սենթրե Սեստրիից: Արեւմտյան մամուլի փոխանցմամբ` ամուսնալուծության պատճառը 60-ամյա Ատկինսոնի եւ 32-ամյա դերասանուհի Լուիզա Ֆորդի սիրավեպն է, որի մասին հայտնի էր դեռեւս 2014-ից: Դերասանը Ֆորդի հետ ծանոթացել էր դրանից մեկ տարի առաջ` թատրոնում համատեղ աշխատանքի ընթացքում։ Դատավորը բավարարել է ամուսնալուծության խնդրանքը։
Հիշեցնենք, որ Ռոուենը եւ Սեստրին երկու երեխա ունեն՝ աղջիկը` Լիլին, եւ որդին՝ Բենժամինը։