ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Երեկ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Հայաստանի կոմունիստական կուսակցության մոտեցումները եւ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ կուսակցության դիրքորոշումը: Հանդիպման ժամանակ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը ՀՀ նախագահին է փոխանցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ կուսակցության հուշամեդալը:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար, եւ ցանկանում եմ իմանալ, թե որքա՞ն գումար է կազմում երեխայի ծննդյան միանվագ նպաստը:

Արփինե Պետրոսյան (28 տարեկան, դեղագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ նպաստը նշանակելու համար դիմողն անձամբ իր բնակության (հաշվառման) վայրի տարածքային բաժին է ներկայացնում.
1) դիմում, 2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, 3) նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, իսկ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի դեպքում՝ ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքը եւ մահվան վկայականը, 4) եթե դիմողն օտարերկրյա քաղաքացի է, ապա ներկայացվում է նաեւ այլ պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստն ստացած չլինելու վերաբերյալ փաստաթուղթ:
Տեղեկացնում ենք նաեւ, որ 2014թ. հունվարի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվել է.
ա. առաջին երեխայի ծնվելու դեպքում՝ հիսուն հազար դրամ,
բ. երկրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ հիսուն հազար դրամ,
գ. երրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն դրամ,
դ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն դրամ,
ե. հինգերորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ՀՀ-ում 2015 թվականին 2,5 տոկոս ծնելիության նվազում է արձանագրվել, 2015թ. առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում ծնվել է 30 հազար 666 երեխա: Ի դեպ, Հայաստանում բնական հավելաճը կազմել է 9766 մարդ, դրա ցուցանիշը նույնպես 2014թ. համեմատ նվազել է 6,2 տոկոսով:

 

 

 
ՀԱՐՑ. Ցանկանում եմ տեղեկանալ, թե խաղողի եւ պտղատու այգիների համար ո՞ր դեպքերում պարտադիր չէ վճարել հողի հարկ: Եվ, ընդհանրապես, ի՞նչ կարգով է վճարվում հողի հարկը:

Գառնիկ Ստեփանյան (59 տարեկան, հողագործ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հողի հարկից ազատվում են նոր հիմնված եւ երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները մինչեւ տնկարկների լրիվ պտղաբերությունը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված ժամկետում) դրանց տարածքը 0.1 հեկտար եւ ավելի լինելու դեպքում:
Հողի հարկի գումարները քաղաքացիներն ու գյուղացիական տնտեսությունները պետական բյուջե են վճարում հավասար մասերով, ոչ ուշ, քան մինչեւ հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը եւ մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 15-ը, իսկ ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները՝ եռամսյակը մեկ անգամ, մինչեւ հաշվետու եռամսյակի հաջորդ ամսվա 25-ը:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հողի հարկի չափը կախված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից, եւ սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձեւով, որը վճարվում է տարվա համար: Նշենք նաեւ, որ այն վճարողները, որոնց հասույթի 25 տոկոսից ավելին ստացվում է ոչ գյուղատնտեսական գործունեությունից, այդ գործունեության գծով չեն ազատվում շահութահարկից: Այդ նպատակով վճարողները պարտավոր են վարել գյուղատնտեսական եւ ոչ գյուղատնտեսական գործունեության գծով արտադրության եւ շրջանառության ծախսերի, ինչպես նաեւ՝ իրացման առանձնացված հաշվառում:




Լրահոս