Նոյեմբերի 17-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամների հետ:
Ողջունելով հյուրերին՝ Էլինար Վարդանյանը ներկայացրել է իր ղեկավարած հանձնաժողովի գործունեության ոլորտները, ՀՀ օրենսդիր մարմնի գործունեությունն ու լիազորությունները:
Տիկին Վարդանյանը կարեւորել է նման հանդիպումները՝ ակնկալելով արդյունավետ համագործակցություն:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են կանանց եւ տղամարդկանց հավասարության հարցին եւ ներկայացվածությանը քաղաքական դաշտում:
Էլինար Վարդանյանը կարծիք է հայտնել, որ կանանց ներգրավվածությունը քաղաքական, տնտեսական, հասարակական գործընթացներում եւ որոշումների կայացման բոլոր մակարդակներում արգասաբեր կարող է լինել:
Այս համատեքստում Երեւանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի միջին մասնագիտական կրթության եւ նախաբակալավրիատի գծով պրոռեկտոր, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Անահիտ Հովհաննիսյանն անհրաժեշտ է համարել բարձրացնել կնոջ դերը հասարակության մեջ՝ հաշվի առնելով նրա կարողություններն ու հմտությունները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ սահմանադրական բարեփոխումների գործընթացին, համայնքների խոշորացման պիլոտային ծրագրին եւ խորհրդարանում կանանց եւ տղամարդկանց ներկայացվածության սկզբունքին: