Հերթական բաց դասն անցկացրել է էդուարդ Շարմազանովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 17-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Լոռու մարզի Դսեղ գյուղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի եւ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի համար 1 միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները: Լիագումար նիստի աշխատանքներին հետեւելուց եւ օրենսդրական գործընթացներին ծանոթանալուց հետո դպրոցականները մասնակցել են խորհրդարանական բաց դասի, որը վարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հանդիպման հենց սկզբում շփման ձեւաչափն ընտրվել է հարց ու պատասխանը: ԱԺ փոխնախագահը նախ ողջունել է հյուրերին, ապա սիրով պատասխանել նրանց հնչեցրած բոլոր հարցերին:

Անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտներն Էդուարդ Շարմազանովին ուղղել են հարցեր տարբեր ոլորտներից: Ցանկում գերակշռողը, սակայն, առաջիկայում անցկացվելիք հանրաքվեն էր, սահմանադրական բարեփոխումներն ու սպասվող արդյունքները: ԱԺ փոխնախագահը դպրոցականների հետ զրույցում մանրամասնել է կիսանախագահական համակարգից անցումը խորհրդարանական կառավարման՝ այդ համատեքստում ներկայացնելով խորհրդարանի գործառույթներն ու քաղաքական փոքրամասնությունների դերի բարձրացումը: Զրույցի ընթացքում Էդուարդ Շարմազանովը խոսել է անկախության ձեռքբերումների, հայրենասիրական վեհ գաղափարների ու հայի տեսակի առավելությունների մասին, որոնց շնորհիվ, չնայած պատմական արհավիրքներին՝ Հայաստանի Հանրապետությունն այսօր զարգացող երկիր է: Իսկ այն հարցին, թե ինչ է հարկավոր կյանքում ձեռքբերումներ ունենալու համար, ԱԺ փոխնախագահը միանշանակ ընդգծել է՝ լինել կամային, ունենալ հավատ առ Աստված, առ հայրենիք, զինվել գիտելիքներով եւ հավելել է, որ պետք է յուրաքանչյուրն իր տեղում ծառայի ի նպաստ հայրենիքի:

Նշենք, որ բաց դասին ներկա է եղել նաեւ ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը: Ավարտին ԱԺ այցելած դպրոցականները նիստերի դահլիճում լուսանկարվել են խորհրդարանականների հետ:




Լրահոս