ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 17-ին հանդիպել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայկական ընկերությունների՝ ԵԱՏՄ պահանջներին համապատասխանեցման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները: Ռոսսելխոզնադզորը բարձր է գնահատել 2015 թվականի ընթացքում ՍԱՊԾ-ի կողմից այս նպատակով կատարված քայլերն ու ջանքերը։ Արմեն Հայրապետյանը վստահեցրել է, որ այդ աշխատանքները կշարունակվեն նաև հետագայում:
Հիմք ընդունելով վերոնշյալը` ընդգծվել է, որ հայկական ընկերությունները, որոնք ՍԱՊԾ-ի կողմից գնահատվել են ԵԱՏՄ պահանջներին ու նորմերին համապատասխանող, կարող են արտահանել իրենց արտադրանքը Ռուսաստանի Դաշնություն:
Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող կենդանական ենթահսկման ապրանքների սերտիֆիկացման հարցը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ-երկրների միջև այս ենթախմբի ապրանքատեսակների տեղափոխման լիարժեք հետագծելիությունը։ Այս նպատակով Ռոսսելխոզնադզորն առաջարկել է կիրառել ռուսական տեղեկատվական Արգուս և Մերկուրի համակարգերը, որոնք կարող են լուծել խնդիրը՝ ԵԱՏՄ երկրների համար դառնալով միասնական տեղեկատվական համակարգ։