Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է բարձր տեխնոլոգիաների ասպարեզում նշանակալի ներդրում ունեցած, կիբերանվտանգության աշխարհահռչակ մասնագետ, այդ ոլորտում աշխարհի խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկի՝ «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկուն, ով արժանացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մրցանակին:
Նախագահը ողջունել է Եվգենի Կասպերսկուն և նրա տիկնոջը՝ Խու Շիրոնգին մեր երկրում՝ նշելով, որ Հայաստանը մեծ տեղ է հատկացնում իր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: Սերժ Սարգսյանը անգնահատելի է համարել այն աշխատանքը, որ կիբերանվտանգության ոլորտում իրականացնում է Եվգենի Կասպերսկու գլխավորած լաբորատորիան և հաջողություններ մաղթել նրան այդ կարևորագույն աշխատանքում:
Եվգենի Կասպերսկին նշել է, որ արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան՝ ամեն անգամ հասցնելով համատեղել աշխատանքը զբոսաշրջության հետ և հրաշալի տպավորություններ ունի երկրից: Նա ընդգծել է, որ ՏՏ ոլորտում Հայաստանի առաջընթացը նկատելի է:
«Ես շատ ուրախ եմ այս հեղինակավոր մրցանակին արժանանալու կապակցությամբ: Հպարտ եմ, որ համալրեցի նրա դափնեկիրների ցուցակը ՏՏ համայնքի իսկական լեգենդների հետ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել գործադիր խորհրդին՝ մրցանակի և երկրում այս ոլորտին մոտիկից ծանոթանալու հնարավորության համար: Աշխարհը ավելի է համակարգչայնացվում ու թվայնացվում, և տնտեսության ու հասարակական կյանքի համար տեղեկատվական տեխնոլոգիաների նշանակությունը շարունակում է աճել: Մենք, անպայման, կշարունակենք աջակցել ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված Հայաստանի նախաձեռնություններին»,-ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն ասել է Եվգենի Կասպերսկին:
Հանդիպումից հետո Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած անձանց նվիրված փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությունը:
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակի հանձնման առիթով՝ ի պատիվ պարոն Եվգենի Կասպերսկու և տիկին Խու Շիրոնգի, Նախագահի նստավայրում երեկոյան կկազմակերպվի նաև ընդունելություն: