Ինչպես էր կալանավորը հաջողացրել փախուստի դիմել հիվանդանոցից. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա սեպտեմբերի 16-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմեց «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր, նախկինում դատապարտված Սուրեն Գաբրիելյանը: Ամիսներ անց կալանավորը հայտնաբերվեց Վրաստանում և տեղափոխվեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:

Պարզվում է՝ կալանավորը հաջողացրել է փախուստի դիմել ՔԿՀ աշխատակցի անուշադրության հետևանքով:

Հիշեցնենք, որ դեպքից հետո քրեական գործ հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փախուստը կալանավայրից պատժվում է ազատազրկմամբ` 3 տարի ժամկետով): Սա` դատապարտյալի նկատմամբ:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Մեսրոպ Մարտիրոսյանի նկատմամբ ևս քրեական գործ է հարուցվել՝ քր. օրի 315 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնական անփութությունը, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության շահերին):

Այսպես, ըստ մեղադրանքի՝ Մեսրոպ Մարտիրոսյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, հիմնարկի պետի հրամանաով նշանակված լինելով` կալանավոր Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ պահպանություն և հսկողություն իրականացնելու նպատակով սահմանված ժամանակավոր պահակետում ոչ պատշաճ կերպով է իրականացրել հսկողությունը: Այդ ամենի հետևանքով է Սուրեն Գաբրիելյանը դիմել փախուստի:

ՔԿՀ աշխատակցի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Գործը մուտք է արվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 59-ամյա Սուրեն Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փաստաթղթերի կեղծում), 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն` առանձնապես խոշոր չափերով), 190 հոդվածի 2-րդ մասի, 2-րդ և 3-րդ մասի 1-ին կետերով (ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում` խոշոր չափերով):

Այս գործում առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ 2013թ. սեպտեմբերի 9-ին այդ ժամանակ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գրության հիման վրա` սեպտեմբերի 28-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ իրավաբան Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների՝ փաստաթղթերի կեղծում, ակնհայտ կեղծ գործարք, խոշոր գումարների լվացում, խարդախության հատկանիշներով:

2013թ. սեպտեմբերի 30-ից Սուրեն Գաբրիելյանը կալանավորվել է: Այդուհանդերձ, կալանավորը չէր ընդունել իրեն մեղսագրվածը. այս գործով, ըստ լուրերի, չի հարցաքննվել Արթուր Բաղդասարյանը, նրա կողմից ստորագրված փաստաթուղթը չի ուղարկվել ձեռագրաբանական փորձաքննության:




Լրահոս