Երկար տարիներ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց հանգրվանած ցլի երկաթե քանդակը, որը հասցրել էր սիրվել երեւանցիների կողմից, տեւական ժամանակ է` «լքել է» տարածքը: «Ժողովուրդ»-ը արձանի հեղինակ Արա Ալեքյանից հետաքրքրվեց դրա ճակատագրով:
Քանդակագործը մեզ պատմեց, որ երկաթե ցուլը «շրջագայության» մեջ է. «Արձանն ուղարկել ենք ցուցադրության, այն այժմ գտնվում է Ստամբուլում, մասնակցում է ամենամյա համաշխարհային էքսպո-ցուցահանդեսի: Նման էքսպոները հիմնականում կազմակերպվում են ցուցադրվող նմուշը վաճառելու համար: Իսկ եթե ցուլն այնտեղ չվաճառվի, հնարավոր է` ցուցադրվի, օրինակ, Մոնակոյում, տեսնենք` ինչպես կստացվի»,-ասաց նա:
Մեր այն հարցին, թե դրսում չվաճառվելու դեպքում հնարավո՞ր է արդյոք, որ ցուլը վերադառնա հայրենիք եւ կրկին հանգրվանի իր մշտական տեղում, Արա Ալեքյանը պատասխանեց. «Քանդակը կգա Հայաստան, թե չի գա, դա հարցական է: Ես այդ հարցին հստակ պատասխանել չեմ կարող: Քանդակի վաճառքի հետ կապված հարցերն իրականացնում են արվեստի բիզնեսով զբաղվող մարդիկ: Նրանք արձանը պտտում են ամբողջ աշխարհով` մինչեւ դրա վաճառքը: Կարող է՝ քանդակը մի քանի տարի «ման տան», հետո վաճառեն»:
Իսկ արդյոք պետությունը չի փորձել գնել երեւանյան կոլորիտի մաս դարձած քանդակը. այս հարցին Ա. Ալեքյանը պատասխանեց. «Երբեք ինձ չեն առաջարկել գնել իմ գործերը, ես էլ իրենց չեմ առաջարկել, ինչո՞ւ դա անեմ, եթե գործերս պահանջված են, եւ դրանց համար միշտ հայտնվում են գնորդներ»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ դեռեւս մեկ տարի առաջ Ա. Ալեքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր իր հեղինկած սարդի եւ ցլի քանդակների հնարավոր «արտագաղթի» մասին: «Կան մարդիկ, որոնք շահագրգռված են, հետաքրքրված են դրանցով, ուզում են գնել… Կարող է՝ արտերկրի հետ համաձայնության գամ, ի՞նչ իմանաս…»,-ասել էր նա:
Ինչպես տեսնում ենք՝ ցուլն արդեն իսկ բռնել է «արտագաղթի» ճանապարհը: Չի բացառվում, որ նույն ճակատագրին արժանանա նաեւ երկաթե սարդը:
Աննա Բաբաջանյան