Մինչ Հայաստանի ներսում իշխանություններն ու ընդդիմությունը զբաղված են միմյանց սեւացնելով եւ ներքին թշնամու փնտրտուքով, հերթական անգամ ակտիվացել է արտաքին թշնամին: Վերջին օրերին բավականին մտահոգիչ զորաշարժեր են տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանի վրա: Արդեն տեղեկացրել ենք, որ սահմանագոտում իրականացվում է ադրբեջանական զինուժի բավականին լուրջ կուտակում` անհայտ նպատակներով: Երեկ էլ տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի օդանավերն են թռիչքներ կատարել շփման գծի մոտակայքում, մասնավորապես` Աղդամի եւ Բարդայի շրջաններում: Ոչ պաշտոնական աղբյուրները նաեւ նշում են, որ այս օրերին դեպի Հայաստանի խոշոր բնակավայրերը թիրախավորված ադրբեջանական հրթիռանետները բերված են մարտական վիճակի: Ընդ որում, ադրբեջանական բանակում ո՛չ որեւէ զորավարժություն է անցկացվում, ո՛չ էլ ռազմական ստուգատես, հետեւաբար` սահմանին թշնամու զինուժի կուտակումը կատարվում է այլ նպատակով: Սակայն Հայաստանում կարծես թե չկա այս զարգացումների ադեկվատ ընկալումը. մարդիկ այն աստիճան թերահավատ են դարձել, որ շատերի համոզմամբ` դա արվում է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ներքին պայմանավորվածության արդյունքում, քանի որ պատերազմի վտանգը կարող է զսպիչ գործոն հանդիսանալ Հայաստանում եւ միաժամանակ ռազմահայրենասիրական դիվիդենտներ բերել գահը կորցնելու վտանգի առաջ կանգնած Ալիեւին: Այս չափազանց վտանգավոր մոտեցման մեղավորը, իհարկե, հանրությունը չէ. ի վերջո եղել են նախադեպեր, երբ սահմանային միջադեպերը օգտագործվել են քաղաքական նպատակներով, թեեւ` չենք պնդում, որ դրանք այդ նպատակներով են ծրագրվել: Սակայն մի բան ակնհայտ է. իշխանություններն այս տարիների ընթացքում այնքան են շահագործել արտաքին թշնամու գործոնը, որ այն մի տեսակ անարժանահավատ է դարձել, կորցրել է իր նշանակությունը: Միեւնույն ժամանակ, ընդդիմությունն էլ այնքան է չարչրկել ներքին թշնամի հասկացությունը, որ ձեւախեղվել է թշնամու գաղափարը, մինչդեռ մեզ նման իրական թշնամիներով շրջափակված ազգի համար այդ գաղափարը շատ կարեւոր է: Թե ինչ բան է իրական թշնամին, գիտեն միայն պարբերաբար ադրբեջանական զինուժի կրակահերթերի տակ հայտնվող սահմանամերձ գյուղերի դեռեւս չհեռացած հիրավի հերոս բնակիչները, որոնք, թերեւս, բոլորովին այլ կերպ են ընկալում Սերժ Սարգսյանի «դեպի ապահով Հայաստան» կարգախոսն ու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչը: Ժողովրդի անունից խոսող եւ երեք օրից ժողովրդի առջեւ միաժամանակ որպես նախագահներ երդվող Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանն ինչպե՞ս են պաշտպանելու անգամ կրակոցների տակ իրենց հայրենիքը սիրող սահմանագոտու ժողովրդին:
ԱՆԸՆԿԱԼՈՒՆԱԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ