
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը «Կենտրոն» հ/ը «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում սկանդալային հայտարարություն է արել. նա հրապարակավ կասկածի տակ է դրել ՀՀ իշխանությունների լեգիտիմությունը: «Մեր ազգը վատ է ապրելու, քանի դեռ իր սրտով իշխանություն չի ձեւավորել»,-ասել է նա: Այլ կերպ ասած՝ ԱԱԽ քարտուղարն անձամբ է խոստովանել, որ այս իշխանությունը Հայաստանի ժողովուրդը չի ձեւավորել, այսինքն` ո՛չ ԱԺ-ն, ո՛չ Սերժ Սարգսյանը չեն ընտրվել ժողովրդի կամքով: Նա նաեւ նշել է. «Կարեւոր է, որ ղեկավարեն իսկապես գրագետ, կիրթ մարդիկ»: Եթե այս հայտարարության հեղինակը լիներ ընդդիմադիր գործիչ, միգուցե համարեինք հասարակ քննադատություն իշխանությունների հասցեին: Բայց դրա հեղինակը ԱԱԽ քարտուղարն է: Ցանկացած նորմալ երկրում այս հայտարարությունը սկանդալային հետեւանքներ կունենար: