Արդեն հայտնի է, որ ապրիլի 9-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Ֆորմալ առումով ԱԺ բոլոր` ԲՀԿ, ՀԱԿ «Ժառանգություն», ՀՅԴ, ՕԵԿ եւ ՀՀԿ խմբակցությունների պատգամավորները պարտավոր են ներկա լինել նիստին: Սակայն այս պահի դրությամբ հստակ է միայն ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների մասնակցությունը, իսկ մնացածները կա՛մ բացակայելու են, կա՛մ էլ դեռ չեն կողմնորոշվել:
Նախ հիշեցնենք, որ դեռեւս ապրիլի 2-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ որպես ԱԺ պատգամավոր, պարտավոր է ներկա լինել երդմնակալությանը: Իսկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ մեզ ասել էր. «Որեւէ հստակ տեղեկատվության չեմ տիրապետում: Ծառուկյանը երկրում չէր, եւ նրա անելիքների հետ կապված նրա հետ քննարկման հնարավորություն դեռ չեմ ունեցել»: Երեկ կրկին զրուցեցինք ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակի հետ՝ պարզելու, թե արդյոք Ծառուկյանն արդեն որոշել է իր գնալ-չգնալու հարցը: «Այդ հարցի շուրջ քննարկում չի եղել, եւ, բնականաբար, պարոն Ծառուկյանի մասնակցության հետ կապված որեւէ հստակ բան այս պահի դրությամբ չեմ կարող ասել»,-նշեց Իվետա Տոնոյանը: Փորձեցինք ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Հրայր Զորյանից ճշտել հյուրերի ցանկը եւ պարզել՝ արդյոք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հրավեր ուղարկվել է: Զորյանը խոստացավ ճշտել եւ պատասխանել մեր հարցերին, սակայն, իր սովորության համաձայն, «անհետացավ» ու այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
Հավելենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում բավական լրջորեն քննարկվել է հյուրերի կազմը եւ որոշվել, որ պետք է ներկայանալի երդմնակալություն լինի՝ այդ թվում եւ արտերկրից ժամանած հյուրերով:
Ինչեւէ, զրուցեցինք ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
-Պարո՛ն Պողոսյան, «Ժառանգություն» խմբակցությունը մասնակցելո՞ւ է ապրիլի 9-ի ԱԺ հատուկ նիստին, որի ժամանակ երդվելու է Սերժ Սարգսյանը:
-Ես այդ օրը բացակայելու եմ ու լինելու եմ Ազատության հրապարակում:
-Այսինքն՝ ամբողջ խմբակցությունը բոյկոտելո՞ւ է այդ օրվա հատուկ նիստը:
-Մենք դեմ էինք քվեարկել նաեւ այն ժամանակ, երբ հարց բարձրացվեց, որ այդ նիստը անցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ու արդեն որոշված է, որ ես այդ օրը լինելու եմ Ազատության հրապարակում: Իսկ մնացածի մասին արդեն կտեղեկանաք հենց Ազատության հրապարակում: Իմ անձնական կարծիքով՝ այդ օրն ամբողջ խմբակցությունը ներկա չի լինելու ԱԺ նիստին, այլ լինելու է Ազատության հրապարակում:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ («Ազատ դեմոկրատներ»)
-Պարո՛ն Արզումանյան, ներկա լինելո՞ւ եք ապրիլի 9-ի ԱԺ հատուկ նիստին:
-Բացակայելու եմ:
-Գնալու եք Ազատության հրապարա՞կ:
-Որտեղ կլինեմ` դեռ չգիտեմ, պարզ կլինի այդ օրը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Պարո՛ն Հովհաննիսյան, ձեր խմբակցությունն արդեն որոշե՞լ է` մասնակցելո՞ւ եք ԱԺ հատուկ նիստին:
-Գերագույն մարմի՛ն դիմեք, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, պետք է որոշում կայացնեն, ֆրակցիան էլ անի: Ֆրակցիան ենթարկվում է գերագույն մարմնին: Կարծում եմ՝ քննարկում չի եղել:
ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
-Պարո՛ն Համբարձումյան, ապրիլի 9-ին Ս. Սարգսյանի երդմնակալությանը մասնակցելու վերաբերյալ ՀՅԴ ԳՄ-ն որոշում կայացրե՞լ է:
-Որոշում չունենք:
-Ե՞րբ եք այդ որոշումը կայացնելու:
-Դեռ ժամանակ ունենք: Երբ որ որոշում ունենանք, կտեղեկացնենք:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
-Պարո՛ն Մանուկյան, ՀԱԿ-ը մասնակցելո՞ւ է Ս. Սարգսյանի երդմնակալության արարողությանը:
-Մենք արդեն որոշում ունենք չմասնակցել երդմնակալությանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ
-Պարո՛ն Ուրիխանյան, ԲՀԿ խմբակցությունն ապրիլի 9-ի ԱԺ հատուկ նիստին մասնակցելո՞ւ է:
-«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում դեռեւս այդ հարցի շուրջ քննարկում չի եղել:
-Այդ դեպքում ե՞րբ եք քննարկելու այդ հարցը:
-Ես ենթադրել չեմ սիրում: Երբ որ լինի, սիրով կտեղեկացնեմ: