Իշխանության ներսում տարբեր թիմերի միջեւ պայքարը գնալով բացահայտ ու կատաղի բնույթ է ստանում: Ու եթե նախկինում ՀՀԿ տարբեր թեւերը միմյանց դեմ պայքարում էին քողարկված, ապա վերջին օրերին նրանք մի կողմ են թողել զգուշությունը: Ընդ որում, այս պայքարն առաջին հերթին դրսեւորվում է մեդիաոլորտում:
Օրինակ՝ նախօրեին, ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին «Իրական» կայքում հնչած քննադատությունների, «Հայնյուզ»-ը հանդես է եկել պատասխան հրապարակմամբ` դրա մեջ մեղադրելով ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանին: «Այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն ակտիվ հարձակողական դիրքերից տեղեկատվական եւ քաղաքական հարվածներ է հասցնում վարչապետ Տիգրան Սարգսյանին, Կարեն Կարապետյանին պատկանող (ըստ տարածված լուրերի) www.irakan.info կայքը աջակցում եւ նոր տեղեկատվական ճակատ է բացում ընդդեմ Տիգրան Սարգսյանի»,- գրել է «Հայնյուզ»-ը: Հասկանալի է` այս կայքը հենց այնպես չի ստանձնել վարչապետ Տիգրան Սարգսյանի փաստաբանի դերը, մանավանդ, որ ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է վարչապետի մերձավորներին: «Իրական»-ն էլ իր հերթին է պատասխան հրապարակմամբ հանդես եկել` «Վարչապետի մուտիլովկեքը» վերնագրով հոդվածով հակադարձելով, որ նախ` Կ. Կարապետյանն այն մարդը չէ, որ իրենց պատվեր տա, եւ հետո` «1.5 մլն մարդ կամավորական սկզբունքներով Ձեր մասին է խոսում, դուք էլ եկել` թե էսինչն է ձեզ պատվեր տալիս: Իջեք երկնքից, ուղղակի քայլեք փողոցներով, կտեսնեք` առանց պատվերի, ինքնակամ, կամավորական սկզբունքով միայն, իրենց մաշկի վրա զգալու հաշվին մարդիկ ասում են` հա, էս վարչապետը մեր տնտեսության գերեզմանափորն է»: Կարճ ասած` Թումանյանի հայտնի հեքիաթի մոտիվներով. էլ գող փիսո, էլ քաչալ շուն: Միայն թե` բանը դեռ չի հասել դիվանբաշուն:
Իշխանական ճամբարում ինֆորմացիոն պատերազմները, սակայն, այսքանով չեն սահմանափակվում. այս պատմությունից առաջ էլ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո գործող լրատվամիջոցների հարձակման թիրախում էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, Գագիկ Բեգլարյանը ու էլի իշխանական մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Կարճ ասած` ՀՀԿ-ում ով ում դեմ հասցնում` իր հնարավորությունների շրջանակներում պայքարում է` ինֆորմացիոն պատերազմ մղելով, ներքին սադրանքներ հրահրելով ու այլն: Հիշեցնենք, որ մամուլը բազմիցս առիթ ունեցել է անդրադառնալու ՀՀԿ ներսում առկա թեւերին` Սերժ Սարգսյանի երիտասարդների թեւ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի թեւ, վարչապետ Տիգրան Սարգսյանի թեւ, Կարեն Կարապետյանի թեւ, հին ՀՀԿ-ականների թեւ եւ այսպես շարունակ:
Իշխանության ներսում հակասությունների շղթան նախօրեին համալրեց ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր Արթուր Բաղդասարյանը: Նա մի քանի սկանդալային հայտարարություն արեց «Կենտրոն» հ/ը «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում: Խոսելով ընտրակաշառքների մասին՝ Բաղդասարյանն ընդհանրացրել է. «Մեր ազգը վատ է ապրելու, քանի դեռ իր սրտով իշխանություն չի ձեւավորել»: Այլ կերպ ասած՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը բաց տեքստով կասկածի տակ է դնում իշխանությունների լեգիտիմությունը` խոստովանելով, որ այս իշխանությանը ժողովուրդը չի ձեւավորել, այսինքն` ո՛չ ԱԺ-ն, ո՛չ Սերժ Սարգսյանը չեն ընտրվել ժողովրդի կամքով:
ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը նաեւ մեղադրանքներ է ներկայացրել Տիգրան Սարգսյանին: Նա ասել է, որ վարչապետն օրենքով բավական շատ լիազորություններ ունի: «Տնտեսական քաղաքականության պատասխանատուն վարչապետն է, ինքն է որոշողը: Գտնում եմ` ինքը ունեցել է բավարար մանդատ` իր ուզածն անելու, եւ որեւէ մեկը նրան չի խանգարել»,- ասել է նա: Այլ կերպ ասած՝ Բաղդասարյանը վարչապետին մեղադրում է անգործության մեջ: Նրա այս հայտարարություններն ուշագրավ են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի վերջին հայտարարությունների ֆոնին, երբ ասել էր, թե վարչապետը ռեֆորմատոր է, բայց նրա ձեռքերն ու ոտքերը կապված են, ուստի շատ բան անել չի կարող:
Ներկայացվածն ընդամենը վերջին օրերին կատարված իրադարձություններն են: Իսկ նման միջադեպերն իշխանական ճամբարում կատարվում են պարբերաբար: Ու փաստորեն, Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին երդմնակալության եւ 5 տարվա պաշտոնավարման է գնում հենց նման թիմով: Թիմ, որտեղ բոլորն ատում են բոլորին եւ բոլորը պայքարում են բոլորի դեմ:
ԹԻՄ, ՈՐՏԵՂ ԲՈԼՈՐՆ ԱՏՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ