ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳԾԻՑ ԸՆԿԵԼ ԵՆ
Ապրիլի 13-ին կայանալիք նորաստեղծ ՀԱԿ կուսակցության համագումարի մասնակիցների ցանկը դեռ հայտնի չէ: Պարզ է միայն, որ հրավիրյալների թվում չեն լինի իշխանական կուսակցությունների ներկայացուցիչներ: Առայժմ կուսակցությունում չեն որոշել` ԲՀԿ-ին հրավիրելու են համագումարին, թե ոչ:

ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ԱՍՏՎԱԾՆ ՈՒՐԻՇ Է
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Հրաչ Մուրադյանի հուղարկավորության դամբանական խոսքում կոչ է արել բոլոր մարտական ընկերներին ցուցաբերել զսպվածություն եւ վստահություն է հայտնել, որ ոճրագործները կպատժվեն. «Եթե չպատժվեն, կպատժվեն Աստծո կողմից, եթե Աստված չպատժի, կպատժի «Դաշնակցության» աստվածը»։   

ՍԵՐԳՈՆ ՉԻ ԿԱՐԾՈՒՄ
«Թեեւ Արարատյան դաշտավայրի որոշ համայնքներում գրանցվել էր  -2 եւ մի փոքր ավելի ցածր ջերմաստիճան, բայց չեմ կարծում, որ այն վնաս տված կլինի պտղատու ծառերին: Հիմա, որ նայեք՝ կտեսնեք, թե ծառերը որքան են փթթել, ամեն դեպքում, համատարած չէր ցրտահարությունը, եւ մեծ կորուստներ չեն լինի»,-երեկ վստահեցրել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ
Երեւանի ավագանին ապրիլի 5-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երեւան քաղաքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետեւանքով առաջացած ծախսերի դիմաց 35.000-ական դրամ փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագծին: Միաձայն հավանություն է տրվել նաեւ հրապարակախոս Լյուդվիգ Դուրյանի, պետական գործիչ Մուշեղ Դանիելյանի, վաստակավոր շինարար Աբրահամ Սարգսյանի հիշատակները հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշման նախագծերին: Սա այս ավագանու վերջին նիստն էր:

ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ
Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրանցված քաղաքական ուժերից երկուսի՝ ՕԵԿ-ի եւ «Առաքելություն» կուսակցության ընտրական ցուցակներից մեկական թեկնածուներ երեկ ինքնաբացարկ են հայտնել: Հետագա ընտրապայքարից հրաժարվել է «Առաքելություն»-ից՝ ցուցակի 15-րդ հորիզոնականը զբաղեցնող, «Ռոսգոսստրախ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից, անկուսակցական Արա Պետրոսյանը, ՕԵԿ-ից՝ 57-րդ հորիզոնականը զբաղեցնող, ՕԵԿ անդամ, «Բաղդասար» ՍՊԸ-ի տնօրեն Վրույր Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ «Առաքելության» երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Մանուկ Սուքիասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, որ իրենց ցուցակի անդամների նկատմամբ ճնշումներ են գործադրվում, եւ շուտով կլինեն ինքնաբացարկի դիմումներ:

ԷԼԻ ՍԱՐԴԱՐԱՊԱ՞Տ
«Մեր երկրի ներսում հերթական անգամ ստեղծվել է սարդարապատային իրավիճակ,-երեկ լրագրողներին ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանը` պարզաբանելով,-սարդարապատային, որովհետեւ իրավիճակն այնպիսին է, որ եթե այսօր հայերս մեր մեջ ուժ չգտնենք հասնելու վերկուսակցական, վերխմբակային շահերի հոգեվիճակին, մենք տանուլ ենք տալու ամեն իմաստով»:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏԿԵՐ
Parliamentmonitoring.am-ի հրապարակած տվյալներով՝ 5-րդ գումարման ԱԺ նիստերից ամենաշատը բացակայել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` 135 բացակայություն: 2-րդ տեղում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը` 96 բացակայություններով, իսկ երրորդը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն է` 78 բացակայություններով: Կայքը նաեւ առանձնացրել է մշտապես կողմ քվեարկող պատգամավորներին. նրանք ութն են, եւ բոլորն էլ ՀՀԿ-ական. 134-ական անգամ կողմ են քվեարկել՝ Էդուարդ Շարմազանովը, Արթուր Գեւորգյանը, Հայկ Գրիգորյանը, Շիրակ Թորոսյանը, Ռուբեն Հովսեփյանը, Մկրտիչ Մինասյանը, Կարինե Պողոսյանը եւ Գալուստ Սահակյանը:




Լրահոս