ՀՈՒՍԱՀԱՏՎԱԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Քաշունի համայնքում 12 մարդ է ապրում: Համայնքապետ Գառնիկ Հակոբյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գյուղում դպրոցահասակ ընդամենը 4 երեխա կա. «Եվ քանի որ գյուղը դպրոց չունի, այդ պատճառով երեխաներից 2-ը սովորում են Կապան քաղաքում, իսկ մյուս երկուսը՝ Երեւանում՝ ձեզ մոտ: Մեր գյուղում վերջին անգամ երեխա ծնվել է 3-4 տարի առաջ»: «Ժողովուրդ»-ի հարցին, թե գյուղապետն ինչ միջոցներ է կիրառում արտագաղթը կանխելու համար, նա հուսահատված նկատեց. «Ինչո՞վ ոգեւորենք մարդուն, ջանի՛դ մատաղ, արի՛ գյուղ ու ցո՛ւյց տուր, թե ինչով կարող եմ ոգեւորել: Անսպառ հող ունենք, թող գան, ինչ ուզում են անեն, մշակեն, բայց չեն անում, որովհետեւ պայմաններ չկան. գյուղտեխնիկա չունենք, ջահելները թողել փախել են, իսկ մեծերն էլ, կներեք արտահայտությանս համար, կամաց-կամաց մահանում են: Երիտասարդ ընտանիք գյուղում համարյա չկա»: Հակոբյանի խոսքով՝ գյուղացիների եկամտի միակ աղբյուրը հարազատներից ստացած ֆինանսական օգնությունն ու թոշակն է:  «Միակ լավ բանն այն է, որ ջրի խնդիր չունենք: Չնաշխարհիկ բնություն ունենք, բայց ո՞ւմ է օգուտ, էդ օդը շնչող չկա: Հուսահատված վիճակում ենք»,-եզրափակեց մեր զրուցակիցը:




Լրահոս