ՀՀ և Լատվիայի մշակույթի նախարարները ստորագրեցին մշակութային համագործակցության մասին ծրագիրը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ Մշակույթի նախարարությունում ստորագրվեց «ՀՀ մշակույթի նախարարության եւ Լատվիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջեւ 2015-2018 թ.թ. համագործակցության մասին» ծրագիրը: Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեն:

«Մենք տիկին դեսպանի հետ մի շարք ծրագրերի մասին խոսեցինք, որոնք, հուսով ենք, որ 2016 թվականին կկարողանանք իրականացնել: Կարծում եմ, որ այս փաստաթղթով մենք մի նոր մակարդակի կբարձրացնենք երկու երկրների միջեւ մշակութային հարաբերությունները»,- հայտարարեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Վերջինս շնորհակալություն հայտնեց նաեւ դեսպանին անձնական վերաբերմունքի համար, որը ներդրված է այս բոլոր գործընթացներում:

PHOTOLURE NEWS AGENCY

«Ես ուրախ եմ, որ այս ծրագրի մասին փաստաթուղթը ստորագրվեց հենց նոյեմբերի 18-ին՝ Լատվիայի անկախության օրը: Սա խորհրդանշական քայլ է մեր կողմից, եւ կարծում եմ, որ մշակույթն ամենակարեւոր բանն է, եւ մշակութային գործիչները պետք է աջակցնեն իրար»,- ասաց ՀՀ-ում Լատվիայի դեսպան Էլիտա Գավելեն:

Նշենք, որ գործնական ծրագիրը բաղկացած է 18 կետից: Ծրագրի համաձայն՝ կողմերը կաջակցեն միմյանց պետություններում մշակութային օրերի կազմակերպմանը, երկու երկրում կազմակերպվող միջազգային փառատոներին, մրցույթներին, ցուցահանդեսներին իրենց երկրների ներկայացուցիչների մասնակցությանը:

Կողմերը կնպաստեն նաեւ գրական, թարգմանական եւ գրահատարակչական գործունեության բնագավառներում ուղիղ կապերի հաստատմանը, կրախուսեն փոխադարձ մասնակցությունը գրականությանն ու գրահրատակչությանը նվիրված միջազգային միջոցառումներին, այդ թվում՝ գրքի տոնավաճառներին: Գրադարանների եւ թանգարանների ոլորտում կաջակցեն մասնագետների, ուսանողների եւ փորձագետների փոխայցելություններին, սեմինարների եւ կոնֆերանսների կազմակերպմանը, ինչպես նաեւ գրքերի եւ պարբերականների փոխանակումներին:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ընդգծեց, որ հանդիպմանը ներկա էր նաեւ Լատվիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը, ով եւս մեծ ներդրում ունի այս մշակութային կապերի զարգացման ուղղությամբ:

PHOTOLURE NEWS AGENCY




Լրահոս