70.000 ԴՐԱՄ ՊԱՐՏՔՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱ՞Ռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 4-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ջրանցքում հայտնաբերվեցին Ալափարս գյուղի բնակիչներ, ամուսիններ 79-ամյա Զավեն Սայադյանի ու 73-ամյա Հռիփսիմե Սայադյանի դիակները: Ըստ համագյուղացիների` ամուսինները գնացել էին Չարենցավան՝ թոշակ ստանալու եւ որդուն Ռուսաստան ճանապարհելու, իսկ ընտանիքում այդօրինակ միջադեպ տարիներ առաջ եւս գրանցվել է:
Նախ նշենք, որ Զավեն Սայադյանը Կոտայքի մարզի դատախազության դատախազ Պերճ Պողոսյանի քեռին է: Ամուսիններն ունեին 5 երեխա` Արտաշատ, Ալիկ, Աշոտ, Արթուր եւ Գայանե: Ծնողներն ապրում էին փոքր տղայի հետ, որն ամուսնացած է եւ ունի երկու երեխա:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը եղավ Կոտայքի մարզի Ալափարս գյուղում:
Համագյուղացիների համար եւս կատարվածը շատ զարմանալի ու տարօրինակ էր: Թեեւ գյուղացիներից մեկը, որի անունը հարգելի պատճառով չենք հրապարակում, նշեց, որ մի քանի տարի առաջ Զավենը տանը դանակահարել էր իր կնոջը, այնուհետեւ վնասել նաեւ իրեն, սակայն ընտանիքի անդամները ժամանակին տուն էին հասել եւ կարողացել փրկել նրանց. «Կնոջը վիրահատեցին, կարողացան փրկել կյանքը, ու ամեն ինչ հարթեցին, անցավ գնաց»:
Ըստ համագյուղացիների՝ դեպքի օրը Զավեն Սայադյանը գնացել է Ալափարսում հայտնի «Համզասի» խանութ` տան համար ալյուր գնելու, ու գումարը չի բավականացրել, եւ նա պարտք է մնացել 2300 դրամ: Չնայած պարտքին՝ խանութի աշխատակցից խնդրել է 200 դրամ` ասելով. «Ես այս փողը չեմ տա, տան անդամները կտան ձեզ»:
Մինչ կպարզեինք, թե էլ ինչ է կատարվել խանութում, «Ժողովուրդ»-ը նախ այցելեց մահացածների հարազատներին, որոնք չցանկացան խոսել: «Մեզ համար էլ կատարվածը անսպասելի էր: Միայն տատիկն ու պապիկը կիմանան, թե ինչու գնացին այդ քայլին»,-խիստ հուզված՝ ասացին հարազատներից ոմանք: Ու քանի որ վշտի մեջ գտնվող հարազատները չէին ցանկանում զրուցել մեզ հետ, ուղեւորվեցինք դեպի «Համզասի» խանութ:
Խանութի հարեւանությամբ բնակվող գյուղացիներից մի քանիսը պատմեցին, որ լսել են, թե իբրեւ Զավենն առաջինը կնոջն է գցել ջրամբարը եւ հետո ինքն է նետվել:
«Տղան խմիչքի հետ սեր ուներ, բայց ընտանիքում անհաշտությունների մասին չենք կարող ոչինչ ասել, քանի որ ամեն ընտանիք մի մութ անտառ է»,-կատարվածից զարմացած՝ պատմեցին ալափարսցիները՝ փորձելով վարկածներ առաջ քաշել, թե ինչը կարող էր հանգեցնել ամուսինների ինքնասպանությանը:
Տեղեկացանք, որ Սայադյանների ընտանիքն այդքան էլ լավ պայմաններում չի ապրում: Նրանցից որեւէ մեկը չի աշխատում, եւ օրվա ապրուստը հոգում են այգի մշակելով ու մի քանի անասուն պահելով: Դրա մասին են վկայում նաեւ Զավեն Սայադյանի ունեցած պարտքերը գյուղի «Համզասի» խանութին: Ինչպես տեղեկացանք խանութի աշխատակցուհուց, մահացած պապիկը տան համար ողջ ամիս մթերքի ապառիկ գնումներ է կատարել եւ երբ ստացել է թոշակը, մարել է պարտքը: Սակայն մշտապես ինչ-որ գումար մնացել է պարտք: «Նա, բացի վերջին 2300 դրամից, խանութին պարտք է նաեւ մոտ 70.000 հազար դրամ ու ասաց, որ գնում է թոշակը ստանա, որ մարի պարտքը»,-տեղեկացրեց աշխատակցուհին:
Նշենք նաեւ, որ Սայադյան ամուսինների որդին, որը բնակվում է Չարենցավանում, դեպքի օրը պետք է մեկներ Ռուսաստան: Սակայն իմանալով, որ ծնողներն իրենց նետել են ջրամբարը, օդանավակայանից վերադարձել է:
Ի դեպ, Չարենցավանի ավտոկանգառի մի քանի վարորդներ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասացին, որ այդ ջրամբարը «մարդակեր» ջրամբար է, քանի որ  տասնյակ մարդկանց կյանք է խլել:
Հ.Գ. ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ ամուսինների մահվան առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս