ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԻՐԵՆ ԱՊԱՀՈՎ Է ԶԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանն էլ մի պահ հայտնվեց հեռացողների ցուցակում, մանավանդ որ նրա դեմ սկսել էր աշխատել Թալինի նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մնացական Մնացականյանը: Սակայն պարզվեց, որ իշխանությունները Սարգիսին հեռացնելու մտադրություն չունեն:
Հիշեցնենք, որ Ս. Սահակյանի անունը հայտնվեց լրատվամիջոցներում, երբ հայտնի դարձավ, որ 2009թ. ԱԺ նախագահի առանձնասենյակում նրա հետ կոպիտ էր խոսել ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը` դիմելով «արա»: Իսկ դրանից հետո էլ մարզպետն ու պատգամավորը սարքել էին մի այնպիսի «ռազբորկա», որի մասին մինչ օրս խոսում են Թալինում: Խոսում են, որովհետեւ ո՛չ քրեական գործ հարուցվեց, ո՛չ էլ ինչ-որ կերպ այդ ամենն ազդեց Սարգիս Սահակյանի պաշտոնական գործունեության վրա:
Հիշեցնենք, որ վիրավորված իրեն «արա»-ով դիմած պատգամավորից, Ս. Սահակյանը եկել էր տուն ու պատմել եղբորը` Նաիրի Սահակյանին: Վերջինս էլ պատգամավորին ժամադրել էր մարզպետին պատկանող «Նաիրի» ռեստորանում, որտեղ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Ծեծուջարդին մասնակցել էր անձամբ ոստիկանության Թալինի բաժնի պետն իր շքախմբով, նաեւ` Ազգային անվտանգության ծառայության Թալինի տարածքային կառույցի ղեկավար Միհրան Դանիելյանը: «Սխոդկայի» վայրում, ըստ ականատեսների, հավաքված են եղել հարյուրավոր շքեղ մեքենաներ. ով ինչքան կարողացել է` իր կողմից մարդ է բերել: Պատգամավոր Խ. Մանուկյանին ծեծուջարդի ընթացքում քաշքշել էին, հարված էր ստացել նաեւ ԱԱԾ Թալինի ղեկավարը: ՀՀԿ-ական մարզպետն անձամբ ներկա էր եղել «ռազբորկային», որի ընթացքում, թալինցիների վկայությամբ, նաեւ կրակոցներ էին հնչել: Նշենք, որ մարզպետի ու պատգամավորի միջեւ տեղի ունեցած այս պատմության վերջակետը դրել էր Հովիկ Աբրահամյանը` ի վերջո հաշտեցնելով նրանց:
Ս. Սահակյանի աշխատանքից շատ դժգոհ է վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը վերջերս խիստ քննադատության էր ենթարկել մարզպետին` «ատկատների» հետ կապված: Իսկ պատճառն այն էր, որ կառավարությունում պարզել էին մարզպետի ընտանիքի «տենդերաշատ» գործունեությունը. Արագածոտնի մարզում գրեթե բոլոր մրցույթները շահում է մարզպետի եղբայրը` իրականացնելով շինարարական աշխատանքներ: Այս առթիվ սուր քննադատություն է հնչեցրել «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը` մասնավորաբար նշելով այն մասին, որ Արագածոտնի մարզի մի քանի համայնքներում պետք  է կատարվեին գազաֆիկացման աշխատանքներ, մինչդեռ բոլոր աշխատանքները տապալվել են` կորստի մատնելով հսկայական գումարներ…
Ի դեպ, մարզպետի եղբոր մասին ասում են, որ նրա երեխաների ուսման վարձերը վճարել են գյուղապետերը, ինչի արդյունքում Արտենի եւ Արագածավանի ղեկավարների դեմ քրեական գործեր են հարուցվել` պետական միջոցների վատնումների մեղադրանքով:
Մարզպետի ու նրա եղբոր անունների շուրջ ծավալվող սկանդալային պատմությունները, կարելի է ասել, անվերջ են:
Մարզում շատերն են խոսում Ս. Սահակյանի անբավ ունեցվածքի մասին, մատնացույց են անում «Նարեկ» ռեստորան-հյուրանոցը, որը, շատերի պնդմամբ, գիշերները վերածվում է ինքնատիպ հյուրանոցի, բայց ահա էթիկայի հանձնաժողով նա շատ համեստ հայտարարագիր է ներկայացրել. «Մարզպետ Սարգիս Սահակյանի դրամական միջոցները 2011-ի տարեսկզբին եւ տարեվերջին եղել են անփոփոխ` 250 հազար դրամ: Եկամուտները գոյացել են բացառապես աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարումներից` 2 մլն 497 հազար 584 դրամ»: Մարզպետի տիկինը եւ երկու չափահաս դուստրերը ներկայացրել են 0-ական հայտարարագրեր… Կարելի է զարմանալ` նման չնչին միջոցներ ունեցող մարզպետն ինչպե՞ս է կարողացել կառուցել մոտ երկու միլիոն դոլար արժեցող ռեստորան-հյուրանոցը…
Ս. Սահակյանի բախտը հաճախ է բերում, նա հաճախ է կարողանում «ջրից չոր դուրս գալ»` խուսափելով պատասխանատվությունից: Բայց ահա 1999թ., երբ պատգամավորության թեկնածու էր առաջադրվել, նրա բախտը չբերեց: Դրանից հետո այլեւս չցանկացավ գնալ օրենսդիր աշխատանքի, քանի որ պետական ծառայությունն էլ, ինչպես պարզվում է, պակաս շահութաբեր չէ: Նրա կենսագրությանը ծանոթացող մարդիկ կարող են ասել, որ այն բավական խաղաղ ընթացք է ունեցել. 1977-ին ավարտել է Կաքավաձորի միջնակարգ դպրոցն ու մեկ տարի անց ընդունվել Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ: 1984-ին ավարտել է բուհը: Կենսագրության մեջ նշված է, թե ինչ է արել 1984-1986թթ.` ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, 1986-ից մեկ տարի սովորել է ղեկավար կադրերի վերապատրաստման ինստիտուտում, այդ ընթացքում սկսել աշխատել Անիի շրջանում որպես գլխավոր զոոտեխնիկ: Այս պաշտոնում մնացել է մինչեւ 1992թ., որից հետո աշխատանքի է անցել Ագարակի դպրոցում որպես ուսուցիչ: Թե ինչ առարկա է դասավանդել զոոտեխնիկը` չգիտենք, բայց գիտենք, որ չորս տարի անց աշխատանքի է անցել մարզպետարանում որպես գյուղատնտեսության բաժնի վարիչ: Հայտնի չէ, թե ով է եղել Սահակյանի հովանավորը, որ ուսուցիչը դարձել է գյուղբաժնի վարիչ…
1998-2002թթ. եղել է Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ: Ապա շուրջ 7 տարի` 2002-2009թթ., եղել է մարզպետի տեղակալ, իսկ 2009-ից էլ մարզպետ է:
Ս. Սահակյանի մարզպետական գործունեությունը քննադատող բազմաթիվ նամակներ են համացանցով հղվել իշխանություններին, որոնք, բնականաբար, անպատասխան են մնացել: Հիշատակենք դրանցից միայն մեկը՝ գրված hayeli.am-ում 20.01.2013թ. «Հաճախ մարզպետը թափուր պաշտոններում նշանակումները կատարում է ուշացումով, որպեսզի այդ նշանակման դիմաց ավելի մեծ գումար ստանա: Արդյունքում Աշտարակում պաշտոնների են նշանակվում այնպիսի անձինք, որոնք չեն տիրապետում համապատասխան մասնագիտական գիտելիքների: Բանը հասել է նույնիսկ նրան, որ մարզպետը, յուրացնելով դպրոցների տնօրենների  լիազորությունները, նշանակում է նույնիսկ դպրոցի ուսուցիչներին` անտեսելով նրանց գիտելիքները, եւ առաջնությունը տալով նրանց վճարունակության մակարդակին»:
Սա ոչ թե մենք, այլ Արագածոտնի բնակիչներն են գրել… Նաեւ գրել են, որ Սարգիս Սահակյանն ու եղբայրն ուրիշների անուններով մեծաթիվ գույք եւ տարբեր օբյեկտներ ունեն, որոնց համար հարկեր չեն վճարում:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս