ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴԻՆ ՊԵՏՔ ՉԷ՞ ՄԵԿՈՒՍԱՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլխի 15-րդ հոդվածի 1-ին կետում նշված է, որ հոգեկան խանգարումով տառապող անձի բուժումը կատարվում է նրա կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա: Այսինքն` այս օրենքի համաձայն՝ այսօր հոգեկան հիվանդն է որոշում՝ մեկուսանալ հասարակությունից եւ բուժվել հոգեբուժարանում, թե մնալ հասարակության մեջ: Իրականում ո՞րն է ճիշտ տարբերակը. հոգեկան հիվանդին հասարակությունից մեկուսացնե՞լը, թե՞ վտանգել հասարակությանը:   Փորձը ցույց է տվել, որ հաճախ նույնիսկ հենց հոգեբուժարաններում վերահսկողությունն այնքան թույլ է, որ նման մարդիկ իրար հետ են բախումներ ունենում կամ բժիշկների վրա  հարձակվում: Նշենք, որ վիճակագրությունը հարուստ է հոգեկան հիվանդների կողմից կատարված ծանր հանցագործությունների դեպքերով:
Նույն օրենքի նույն գլխի 16-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ հոգեկան խանգարումով տառապող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի հրաժարվելու առաջարկված բուժօգնությունից կամ դադարեցնելու այն, բացառությամբ այս օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի: Հոգեկան խանգարումով տառապող անձի բուժումը կարող է իրականացվել առանց նրա կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության` միայն օրենքով նախատեսված բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման եւ ոչ հոժարակամ (հարկադիր) հոսպիտալացման դեպքերում:
«Ես ինքնապաշտպանվելու խնդիր չունեմ, բայց վերջերս փողոցում մի կնոջ հանդիպեցի, որն իրեն այնպես էր պահում, որ ակամայից վախեցա. բարձրաձայն հայհոյում էր, տարօրինակ շարժումներ անում ու սարսափելի հայացքներ նետում մարդկանց կողմը: Նման մարդիկ հասարակության համար վտանգավոր են, քանի որ անկառավարելի վարք ունեն, նրանք յուրաքանչյուր պահի կարող են դիմացինի ոչ միայն արժանապատվությունը վիրավորել, այլեւ նույնիսկ կյանքի եւ առողջության համար վտանգավոր արարքներ թույլ տալ: Միանշանակ նման մարդկանց անհրաժեշտ է մեկուսացնել հասարակությունից: Եվ թող պետությունը որոշի, թե ինչպես պետք է պահի նրանց»,-«Ժողովուրդ»-ին դժգոհեց քաղաքացի, 38-ամյա Դավիթ Վարդանյանը:
Իսկ ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանն այլ կարծիքի է. «Սա դեմոկրատական հասարակություններին բնորոշ երեւույթ է: Ես ինքս էլ՝ որպես առողջապահության կազմակերպիչ, կողմ եմ ժողովրդավարական մոտեցումներին, բայց հոգեբուժական եւ ընդհանրապես հոգեկան առողջության խնդիրները ոչ միայն հիվանդանոցային մակարդակով  պետք է իրենց լուծումները ստանան, այլեւ առաջնային բուժօգնության մակարդակով: Այսինքն՝ ընտանեկան բժիշկների, ամբուլատոր պոլիկլինիկական համակարգի մակարդակով: Ամեն մի տեղամասային թերապեւտ, ընտանեկան բժիշկ շատ լավ գիտի, թե որտեղ եւ որ բնակարանում կա հոգեկան որոշակի շեղումներով մարդ, եւ ամենեւին էլ անհրաժեշտություն չկա այդ մարդկանց տանել ու ստացիոնար հիվանդանոցներում բուժման ենթարկել: Թող լինեն հսկողության տակ ամբուլատոր պոլիկլինիկական համակարգի կողմից եւ ստանան շատ դյուրին եւ մատչելի բուժօգնություն նույնիսկ ամենափոքր դեպքերի ժամանակ»:
Առողջապահության նախկին նախարարի համոզմամբ՝ հոգեբուժական հիվանդանոցներն իրենց արտաքին տեսքով վաղուց չպետք է գոյություն ունենային: Մկրտչյանն առաջարկում է հիմնել ավելի բաց մակարդակի բուժհիմնարկներ, իսկ ներկայիս հոգեբուժարանները, նրա գնահատմամբ, կիսագաղութային եւ կիսաբերդային հիմնարկներ են, որոնցից մյուս երկրներում չես հանդիպի:
Մկրտչյանի ներկայացմամբ՝ ընտանեկան մթնոլորտն այդ տեսակի հիվանդի համար ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում. շփումը հարազատների հետ, հոգեթերապիա անցկացնելը եւ դեղամիջոցներ տալն ավելի դյուրին է դառնում: Նման հիվանդները պետք է լինեն հասարակության մեջ եւ  փորձեն լիարժեք անդամ դառնալ: Իսկ հոգեկան հիվանդների կողմից հաճախակի հանցագործություններ կատարելու կապակցությամբ էլ ասաց. «Բացթողում չկա, սա հասարակություն է, որտեղ կան մարդիկ, որոնք թույլ են տալիս նման արարքներ: Խորհրդային տարիներին հոգեբուժական ծառայությունը դարձել էր այլախոհների համար պատժամիջոց, բայց հոգեբուժությունը պետք է իրականացվի մեր` քաղաքացիներիս մեջ»:
Նախկին նախարարի կարծիքով՝ ողջ առողջապահական համակարգը պետք է աշխատի վաղաժամ հայտնաբերման ուղղությամբ, այսինքն` մարդու մոտ տարօրինակություններ նկատելու պահին անհրաժեշտ է անմիջապես զբաղվել ամբուլատոր պոլիկլինիկական մակարդակով, հոգեթերապիայով. «Մշակույթ պետք է ներդնեն մեր հասարակության մեջ, ինչպես արտասահմանյան ֆիլմերում է, երբ յուրաքանչյուր մարդ ունի իր հոգեթերապեւտը: Սեանսն անցնում է, հետո գնում է ու հասարակության համար լիարժեք մարդ լինում: Այդ մարդուն չեն տանում ու փակում հոգեբուժարանում, չեն մեկուսացնում հասարակությունից: Դրանով ոչ մի լավ բանի չենք հասնի: Մեկուսացնելը պետք է լինի ծայրահեղ պայմաններում»:
ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը եւս կարծում է, որ հոգեկան հիվանդներին պետք չէ մեկուսացնել: Նրա տեղեկացմամբ` ՀՀ-ում հաշվառված հոգեկան հիվանդները կազմում են 45-46 հազար, եւ նրանցից ընդամենը 1000-1200 հոգին է ստացիոնարներում բուժվում: Այսինքն` 44 հազար մարդ գտնվում է հասարակության մեջ: «Մենք չպետք է նրանց մեզանից վանենք, այլ պետք է սերտորեն ինտեգրենք մեր մեջ: Ազգաբնակչության ամեն չորրորդ անձն ունի այս խնդիրը: Իսկ նրանց կողմից կատարված ծանր հանցագործությունների թիվը շատ փոքր տոկոս է կազմում»,-հավաստիացրեց Թորոսյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս