ՈՎՔԵ՞Ր ՄԵԴԱԼ ԿԲԵՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 30-ից հունիսի 9-ը Մինսկում կայանալիք Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի երկու խումբ վերջերս մասնակցեց տարբեր երկրներում զուգահեռաբար անցկացված միջազգային բարձր կարգի մրցաշարերի: Առաջինը կայացավ Ուկրաինայի Խերսոն քաղաքում, իսկ երկրորդը` Ղազախստանի Ուրալսկ քաղաքում: Մրցաշարերի, մեր տղաների ելույթների շուրջ զրուցեցինք բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հետ:
-Խերսոն մեկնել էին վեց հոգով` Հովհաննես Դանիելյանը (49 կգ քաշային կարգ), Արարատ Մխիթարյանը (56 կգ), Հովհաննես Բաչկովը (60 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ) եւ Ռուսլան Իբրահիմովը (81 կգ): Բնական է, որքան շատ մրցանակային տեղեր զբաղեցնենք, այնքան ուրախալի է, բայց գլխավորը մեզ համար ստուգելն էր, թե ով է ավելի լավ պատրաստ մայիսի 30-ից հունիսի 9-ը Մինսկում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: «Ա» կարգի միջազգային մրցաշար էր, եւ գերազանց հանդես եկավ գյումրեցի Հովհաննես Բաչկովը, որը հաղթեց լոնդոնյան մարզահանդեսում հինգերորդ տեղը զբաղեցրած ուզբեկ Գաիբ Նազարովին եւ ուկրաինացի Օլեգ Չեռնյակին: Իսկ խերսոնցի Պավել Իշչենկոյի հետ եզրափակիչ մենամարտում մրցավարները միավորների չնչին տարբերությամբ հաղթանակը շնորհեցին տանտիրոջը: Գոհ եմ Հովհաննես Դանիելյանից, որը, չնայած մրցանակային տեղ չզբաղեցրեց, սակայն դեպի Եվրոպայի առաջնություն տանող ճիշտ ճանապարհին է: Իրեն վատ չդրսեւորեց նաեւ Արման Հովիկյանը:
Ղազախստանի Ուրալսկ քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարը նույնպես «Ա» կարգի էր, որին հիմնականում մասնակցում էին Ասիայի ուժեղ երկրները: Երեւանցիներ Կորյուն Սողոմոնյանը (49 կգ) եւ Ազատ Դավթյանը (91 կգ) կանգնեցին պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:
-Սովորաբար ծանրքաշային կարգերում մենք այնքան էլ ուժեղ բռնցքամարտիկներ չունենք: Կարելի՞ է ասել, որ այդ բացը լրացվել է:
-Գերծանր քաշում ունենք ուժեղ բռնցքամարտիկ` Արմեն Սիմոնյանը: Մինչ Եվրոպայի առաջնությունը հավաք կանցկացնենք Կիեւում, որտեղից էլ կմեկնենք Մինսկ: Եվ Կիեւ մեկնելուց մի երկու օր առաջ կհայտարարենք հավաքականի կազմը: Մինսկ կմեկնեն նրանք, ովքեր ի վիճակի են պայքարել մեդալների համար:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս